Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՆՇԱՆԱԿՎԵՑԻՆ

Հունիս 16,1999 00:00

 Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ

Ազգային անվտանգության նախարար Այնուամենայնիվ, զարմանալի բան է քաղաքական կոնյունկտուրան: 97-98 թվերին իշխանության բոլոր օղակները հայտարարում էին, թե հայ ժողովրդի միակ փրկությունը ՆԳ եւ ԱԱ նախարարությունները միաձուլելու մեջ է: 98-ի աշնանից այդ նույն վերեւներում գերակայում էր այն տրամադրությունները, թե պետական շահերը խստորեն պահանջում են այդ նախարարությունները բաժանել: Իրականում ամեն մի 4-րդ դասարանի երեխա հասկանում է, որ բոլոր նման բաժանումները եւ միաձուլումները ոլորտներ /նախ եւ առաջ տնտեսական/ գրավելու համար իշխանավորների պայքարի արգասիքն են:

Հայկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Առողջապահության նախարար Ընտրարշավի ժամանակ պատգամավորության թեկնածուների մեծ մասը վստահաբար ճամարտակում էր, թե նրանք կվերադարձնեն անվճար բժշկությունը: Պրն Նիկողոսյանը դա չի կարողանա անել: Դա չի կարողանա անել նույնիսկ Բիլ Քլինթոնը: Հայաստանում հնարավոր չէ վերադարձնել անվճար բժշկությունը, որովհետեւ այսպիսին մեր երկրում երբեք չկար:

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արդարադատության նախարար Ով մարդկային արդարություն… Այսօր սույն նախարարությունում քննարկվելու է «Օրագրի» հարցը: Տեսնենք, իր պաշտոնում վերանշանակված համակրելի երիտասարդը ինչ հարաբերությունների մեջ է խոսքի ազատության հետ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Արդյունաբերության եւ առեւտրի նախարար Իր պաշտոնավարության ընթացքում ոչնչով աչքի չի ընկել: Գուցե դրա պատճառն այն է, որ արդյունաբերական նորմալ գործող պետական հիմնարկներ, ինչպես նաեւ արդյունավետ պետական առեւտուր չի եղել:

Վահան ՇԻՐԽԱՆՅԱՆ

Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Պատվավոր աքսոր բոլոր նախարարների համար: Հիշեցնեմ, որ ենթակառուցվածքներով էր զբաղվում պաշտոնանկ արած նախկին էներգետիկայի հզոր նախարար Գագիկ Մարտիրոսյանը եւ նույն ենթակառուցվածքերի վերաբերյալ նախագահին խորհուրդներ էր տալիս հարկային տեսչության նախկին պետ Արտաշես Թումանյանը, որը հետո դաշնակ գրվեց եւ ԱԺ պատգամավոր չընտրվեց: Թե ինչ են այդ ենթակառուցվածքները, ոչ ոք չի բացատրում:

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

Արտաքին գործերի նախարար «Պարտվողական» փուլային եւ «հաղթողական» փաթեթային տարբերակի հավասարապես ջերմ ջատագովը մոտակա 4 տարում տարում հաստատ կլուծի Ղարաբաղի հարցը: Երկրապահ նախարարներն ու պատգամավորները նրան այդ հարցում կօգնեն:

Գեւորգ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բնապահպանության նախարար Պրն Վարդանյանը, հուսանք, կկարողանա վերջապես բացատրել մյուս նախարարներին, պատգամավորներին եւ հասարակությանը, որ Սեւանի խնդիրը բնության գեղեցիկ անկյունի խնդիր չէ: Սեւանի կործանումը հղի է լուրջ տնտեսական եւ սոցիալական աղետով: Այս հարցում մենք նրա կողմից ենք:

Գագիկ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Գյուղատնտեսության նախարար Դեւռեւս կոմունիստական շրջանից ընդունված ավանդույթ է. եթե ուզում ես մարդուն վերջնականապես տապալել, ուղարկիր նրան՝ գյուղատնտեսությունը ղեկավարելու: Հիշո՞ւմ եք Եգոր Կուզմիչին: Պրն Շահբազյանին տեղն է, որովհետեւ նա «նախորդ հանցավոր ռեժիմի» վառ ներկայացուցիչն է:

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ

Էկոնոմիկայի նախարար «Չեմ ուզում լինել ազնվական իշխանուհի, այլ ուզում եմ լինել ազատ թագուհի»,- ասում էր Պուշկինի տարեց հերոսուհիներից մեկը: Եվ ինչպիսի՞ արդյունքների է նա հասել հեքիաթի վերջում: Այստեղից դաս երիտասարդ արհեստավարժների համար. մի հոռացեք, մի կարծեք, թե հավերժ եք, կկանգնեք նույն կոտրած տաշտակի, այսինքն՝ նույն նախարարության առաջ:

Դավիթ ԶԱԴՈՅԱՆ

Էներգետիկայի նախարար Վստահ չեմ, որ պրն Զադոյանը հստակ տարբերակում է «պլյուսը», «մինուսը», «նոլը», «ֆազը» եւ «զեմլյան», բայց վստահ եմ՝ նա ունի մեկ անվիճելի առավելություն՝ նա դավալեցի է: Ուստի եւ պետք է ղեկավարի տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկը:

Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ

Կրթության եւ գիտության նախարար Ափսոս, հազար ափսոս նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը: Չնայած ՀՅԴ անդամ է, բայց ինչպիսի լուրջ, զուսպ եւ հավաքված երիտասարդ է: Ճիշտ, պրն Ղազարյանի մասին էլ գիտական եւ կրթական շրջանակներից միայն լավն եմ լսել:

Շահեն ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ընկերների մասին կամ լավը կամ ոչինչ: Իսկ որ Շահենը լավ նախարար է եղել եւ կլինի, ոչ ոք չի կասկածում:

Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ

Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Վերջին դաշնակցականը կառավարությունում: Եվ դա պատահական չէ: Ով, եթե ոչ պրն Շառոյանը պետք է ներարկի ազգային գաղափարախոսությունը մեր հոգիների եւ մկանների մեջ՝ մշակույթի ու սպորտի միջոցով:

Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ներքին գործերի նախարար Ջհանգիրիչը այնքան էր ուզում մշակույթի նախարար դառնալ, որ նրան հիշեցրեցին, որ նա միլիցիայի կադրային /այսինքն՝ օրինավոր, խորհրդային դպրոցն անցած/ գեներալ է: Մի բան է ցավալի. Հայաստան-Ֆրանսիա խաղը այս տարվա սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ, անցկացվելու է «Հրազդան» մարզադաշտում, որովհետեւ Հանրապետականը, նախկին քաղաքապետի ծրագրերին հակառակ, դժվար թե վերականգնվի:

Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պաշտպանության նախարար Կադրային գեներալի, ռուսական բանակի հետ սերտ կապեր ունեցող մարդու նշանակումը այդ կարեւորագույն պաշտոնին, հուսանք, վերջ կդնի նախարարության անձնավորված բնույթին: Մենք այլեւս չենք ունենա «սպարապետ», այլ կունենանք պաշտպանության սովորական նախարար, կառավարության շարքային անդամ:

Սմբատ ԱՅՎԱԶՅԱՆ

Պետական եկամուտների նախարար Մաքսայինի ու հարկայինի միաձուլումը եւս քաղաքական կոնյունկտուրայի արդյունք է: Այդ քայլի զուտ տնտեսական, բանական նշանակությունը դեռեւս ապացուցելու կարիք ունի:

Պավել ՂԱԼԹԱԽՉՅԱՆ

Սեփականաշնորհման նախարար Հաշվի առնելով, որ ԱԺ-ում իշխանության է եկել Կարեն Սերոբիչը, այդ նախարարությանը ավելի ճիշտ կլինի կոչել պետականացման եւ ազգայնացման նախարարություն: Միայն ծույլ քաղաքական գործիչներն այսօր քարեր չեն շպրտում «թալան-սեփականաշնորհման» հասցեին; Չնայած դրանցից շատ-շատերը առավելագույնս օգտվել են այդ «թալանի» պտուղներից:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սոցիալական ապահովության նախարար Նույնպես «կամիկաձեի» պաշտոն է: Ժողովրդի սոցիալական վիճակը մոտակա տասնամյակների ընթացքում չի բարելավվի, բայց հենց այս նախարարությունից անապահով խավերը հրաշքների են սպասելու:

Ստեփան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարար Բնականաբար, այդ նախարարության տվյալներով, տնտեսական աճը կազմելու է այսքան տոկոս, բնակչության եկամուտները բարձրանալու են այսքան տոկոսով: Մեր վրա խաբար չկա: Թվային ձեռնածությունների հավատում են միայն նախագահները եւ վարչապետերը:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տարածքային կառավարման նախարար Ասում էի, չէ՞, որ տաշած քարը գետնին չի մնա: Ինչպես ասում էին Միկոյանի մասին, Իլյիչից Իլյիչ՝ առանց ինֆարկտ եւ պարալիչ: Չնայած այս պաշտոնը նույնպես պատվավոր աքսոր է հիշեցնում:

Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆ

Տրանսպորտի նախարար Այս նախարարության վրա շուտով ծանրանալու է հասարակության ուշադրությունը՝ այսպես թե այնպես պիտի լուծվի «Հայկական ավիաուղիների» խնդիրը: Պրն Զախարյանին չես նախանձի:

Ռուբեն ՏՈՆՈՅԱՆ

Փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Նեիզվեստնի նաուկե զվեռ:

Հրայր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Քաղաքաշինության նախարար Նույնպես անծանոթ է:

Լեոնարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Օպերատիվ հարցերի նախարար Սամվել Բաբայանի աչքը լույս:

Լեւոն ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Ֆինանսների նախարար «Նախորդ հանցավոր ռեժիմի» եւս մի ներկայացուցիչ: Վերջապես որեւէ մեկը թող բացատրի, թե ով էր «նախորդ ռեժիմից» թալանում եւ «ծծում ժողովրդի արյունը», իսկ ով՝ զբաղված էր ազգանվեր գործերով:

Նորընծա նախարարներին շնորհավորեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930