Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը հրեշտակ են, խախտումներ չեն եղել, «Առավոտը» սխալ է

Հունիս 16,1999 00:00
xaxtum

Հարգելի պարոն Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի 1999 թվականի հունիսի 8-ի համարում տպագրված Ա. Բաբաջանյանի «Դանակահարվել է վստահված անձ» հոդվածում բերված փաստերը, որոնք առնչվում են Շիրակի մարզի 63, 64 եւ 66 ընտրատարածքների առանձին տեղամասերում ԱԺ պատգամավորների ընտրության օրը (30.05.99 թ.) տեղի ունեցած խախտումներին, ՀՀ դատախազության կողմից մանրամասնորեն ստուգվել են։

Կատարված ստուգումներով պարզվել է, որ ընտրախախտումների մասին հիշյալ հոդվածում բերված բոլոր փաստերը մտացածին են եւ չեն համապատասխանում իրականությանը։

Այսպես. Շիրակի մարզի դատախազ Վ. Ավագյանը ամենեւին էլ չի «պաշտպանել» պատգամավորության թեկնածու Լ. Կակոսյանին, այլ նրա գրավոր դիմումի հիման վրա հանձնարարել է մարզի դատախազի օգնական Ս. Հարությունյանին (որն, ի դեպ, ՀՀՇ վարչության անդամ չէ եւ երբեւէ այդ կազմակերպության հետ որեւէ առնչություն չի ունեցել՝ ինչպես նշել է հոդվածագիրը) ստուգել, թե ինչ հիմքով է թիվ 63 ընտրատարածքի 1188 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Նելլի Միքայելյանը (հոդվածագիրը գրում է՝ Կարապետյան) արգելում հանձնաժողովի անդամներ Ս. Քյուրքչյանին եւ Ռ. Անտոնյանին կատարել իրենց պարտականությունները։ Հանձնաժողովի նախագահ Ն. Միքայելյանը գրավոր բացատրություն է տվել այն մասին, որ մարզի դատախազի օգնական Ս. Հարությունյանը կայացած զրույցի ընթացքում իրեն բացատրել է ՀՀ ընտրական օրենսգրքի այն հոդվածների պահանջները, որոնք վերաբերում են ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների լիազորություններին եւ դրանով իսկ հարցը լուծվել է, նրան որեւէ մեկը «անհայտ ուղղությամբ» որեւէ տեղ չի տարել, ինչպես նշում է հոդվածագիր Ա. Բաբաջանյանը։

Խնդրո առարկա հոդվածում նշվում է նաեւ, որ «64 ընտրատարածքում գտնվող Գյումրիի թիվ 5 դպրոցում դանակահարվել է պատգամավորության թեկնածու Համլետ Գրիգորյանի վստահված անձը…»։

Ինչպես իր գրավոր բացատրության մեջ նշել է պատգամավորության թեկնածու Հ. Գրիգորյանը, իր վստահված անձանց նկատմամբ ընտրությունների օրը եւ դրանից հետո որեւէ բռնություն չի կիրառվել եւ նրանց որեւէ մեկը չի դանակահարել։

Մայիսի 30-ին, ԱԺ ընտրությունների օրը Գյումրի քաղաքում արձանագրվել է դանակահարության մեկ դեպք՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Գնել Թովմասյանը կենցաղային դրդապատճառներով վեճի է բռնվել անչափահաս Սամվել Սահակյանի հետ եւ դանակով հարվածել նրան՝ պատճառելով նվազ ծանր մարմնական վնասվածք։ Այդ փաստով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն։ Նշված դեպքը ԱԺ պատգամավորների ընտրությունների հետ որեւէ կապ չունի, իսկ Գ. Թովմասյանը եւ անչափահաս Ս. Սահակյանը պատգամավորության թեկնածուի վստահված անձինք չեն։

Հոդվածագիրը այնուհետեւ նշում է, որ թիվ 66 ընտրատարածքում ընթացել է բաց քվեարկություն։ Ի դեպ՝ Ա. Բաբաջանյանը թիվ 66 ընտրատարածքի տեղամասերի թվին է դասում նաեւ Պեմզաշեն գյուղը, որն ընդգրկված է 67-րդ ընտրատարածքում։

Ասենք, որ թիվ 66 ընտրատարածքում, իսկապես, ԱԺ պատգամավոր է ընտրվել Սամվել Սաղաթելյանը («Միասնություն» դաշինք), իսկ ընտրատարածքը ներառնող երկու՝ 66/1289 եւ 66/1290 ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների նախագահներ Ա. Նիկոլյանը (ԱԺՄ ներկայացուցիչ) եւ Ֆ. Սարոյանը (ՀԿԿ ներկայացուցիչ) նշել են, որ ընտրությունների օրը «Առավոտ» օրաթերթի աշխատակիցն իրենց տեղամասերում չի եղել, բացատրություն են տվել այն մասին, որ ընտրությունները անց են կացվել օրենքով սահմանված կարգով, բաց քվեարկության եւ ընդհանրապես ընտրախախտումների դեպքեր չեն արձանագրվել։

Ի դեպ, թերի կազմված ընտրացուցակներում չընդգրկված ավելի քան հազար քաղաքացի Շիրակի մարզում դիմել է դատարան եւ համապատասխան վճիռներով մասնակցել ընտրություններին։ Ոչ մի քաղաքացի մարզային դատախազություն չի դիմել՝ բողոքելով, որ իրեն հարկադրել են չմասնակցել ընտրություններին։ Ինչ վերաբերում է ընտրողների անձնագրերում կնիքներ դնելու խնդրին, ինչի մասին գրում է Ա. Բաբաջանյանը, ապա այն իրականացվել է մարզային ընտրական հանձնաժողովի որոշմամբ. տնակային տնտեսության առկայության պարագայում կրկնակի քվեարկությունների դեպքերը բացառելու նպատակով։

Ավելացնենք, որ իրականությանը չի համապատասխանում նաեւ «Առավոտ» օրաթերթի 1999 թ. մայիսի 28-ի համարում տպագրված նույն՝ Ավետիս Բաբաջանյանի «Առեւանգվել է պատգամավորության թեկնածու» վերնագրով հոդվածում բերված այն փաստը, թե իբր պատգամավորության թեկնածու Համլետ Գրիգորյանի առեւանգման համար հարուցված քրեական գործով Երեւան մեկնած քննչական խումբն ինչ-որ մարդկանց կողմից կալանվել է եւ մեկ օր պահվել Երեւանում։

Նշված փաստերի եւ դրանց ստուգումների վերլուծությունը բերում է այն համոզման, որ լրագրող Ա. Բաբաջանյանը հիշյալ երկու հոդվածներում վկայաբերել է մտացածին եւ չստուգված տվյալներ։

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ՝

Գ. ԱՄԲԱՐՅԱՆ

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար

Շիրակի մարզում ընտրությունների արդար ու վավեր լինելու հարցը (63 ընտրատարածքի) առաջիկայում քննարկվելու է Սահմանադրական դատարանում։ Դատախազության այս պատասխանը տպագրելով, այնուամենայնիվ, մի հարց մնում է. արդյո՞ք սրանով իսկ դատախազությունը կանխավ չի փորձում ազդել ՍԴ-ում քննարկվելիք գործի վրա։ Եվ ինչի՞ համար էին դատախազության այն հայտարարությունները, թե մամուլի հետ համատեղ ընտրախախտումներն ու օրինախախտումները պիտի բացահայտվեին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930