Ռազմիկ Մարկոսյանը 49 տարեկան է։ 1969 թ. զինվորագրվում է Հայաստանի անկախությանը ձգտող Ազգային միացյալ կուսակցությանը։ 1974 թ. որպես «վտանգավոր պետական հանցագործ» կալանավորվում է, դատապարտվում 4 տարվա ազատազրկման եւ 2 տարվա աքսորի։ Անհնազանդության համար ազատազրկումն ավելացվում է եւս 3 տարով, որն անցկացնում է քրեական ճամբարում։
Այդ ամենին հաջորդում է եւս 2 տարվա տնային կալանքը։ 1987 թ. Ռազմիկ Մարկոսյանը ԱԻՄ-ի համահիմնադիրներից է։ ԱԻՄ-ից դուրս է եկել 1996 թվականին։ Պատգամավորության թեկնածու է առաջադրվել 1990, 1995 եւ 1999 թվականների խորհրդարանական ընտրություններում։ Երբեւէ պատգամավոր չի ընտրվել։
– Տեսնելով այսօրվա Հայաստանը, չե՞ս ափսոսում բանտերում եւ աքսորում անցկացրած տարիներիդ համար։
– Այո, ես պայքարել եմ Հայաստանի անկախության համար, սակայն երբեւէ զղջում չեմ ապրում, չնայած սա չէ իմ երազած հայրենիքը։ Այդ է պատճառը, որ հայրենիքի անկախության համար պայքարած մարդիկ, փորձեցին քաղաքականության մեջ մնալով պայքարել երկրի կայացման, կատարելության համար։ Բայց չհաջողվեց, դուրս մնացին քաղաքականությունից։
Կարդացեք նաև
– Ներկայիս Հայաստանը քեզ համար ավելի՞ ընդունելի է խորհրդայինից։
– Իհարկե։ Թեեւ Հայաստանը հիմա շատ վատ վիճակում է, սակայն դրա պատճառը ոչ թե անկախությունն է, այլ ապաշնորհ իշխանությունները։ Մեր այսօրվա թշվառությունը պետք չէ կապել անկախության գաղափարի հետ։ Պատճառներից մեկն էլ մեր հայությունն է։ Կյանքն, ի վերջո, կստիպի մեզ հասկանալ, որ սա չի ձեւը, կստիպի ճիշտ ուղղությամբ ընթանալ, ցավալին այն է, որ այդ ընթացքը շատ է երկարելու։
– Չե՞ք վիրավորվում, երբ ժողովուրդը հայհոյում է անկախությունը, մեր բոլոր զրկանքների պատճառը համարելով նրան։
– Չեմ վիրավորվում, քանի որ տեսնում եմ, որ ստեղծվել են բոլոր պայմանները հայհոյանքի համար։
– Այդ հայհոյանքը քեզ ուղղված չե՞ս համարում։
– Ոչ, որովհետեւ ես չեմ այսօրվա մեղավորը։ Իմ պայքարը գաղափարի համար է եղել, որի մասին այսօր խոսում են, նույնիսկ նախկին խորհրդային կայսրության ներկայացուցիչները։
– Անկախության համար պայքարած մարդն ինչպե՞ս է իրեն զգում անկախ Հայաստանում, հայտնվելով երրորդական-չորրորդական դերերում։
– Հայաստանում ամեն ինչ կառավարելի է եղել, եւ դա արվել է ԿԳԲ-ի կողմից։ Էն գլխից որոշված է եղել, ով պետք է գա, ուր պետք է գնա։ Իշխանություններն ու ԿԳԲ-ն, որը մինչեւ այսօր գործում է, ամեն ինչ արել են, որ մենք առաջին գծում չլինենք։ Մեր ազգի մեջ կա նաեւ հեղափոխական էլեմենտ, այս ազգն արդեն 200 տարի է ապրում է հեղափոխականության օրենքներով։
– Չե՞ս կարծում, որ ԿԳԲ-ն քեզ համար դարձել է իդեաֆիքս, որ ամեն բանի սկիզբն է ու վերջը, ամեն բանի կազմակերպիչն ու պատասխանատուն։
– Ոչ մի պրոբլեմ չունեմ մեր ազգային անվտանգության մարմինների հետ։ Խոսքը շուրջբոլորը ահուսարսափ տարածած խորհրդային Քյե Ջի Բի անունով հայտնի կազմակերպության մասին է։
– Երեք անգամ առաջադրվել եք պատգամավորության թեկնածու, մտածո՞ւմ ես, որ, իրոք, կարող ես ինչ-որ բան փոխել։
– 1999-ին էլ առաջադրվելով, անկեղծորեն մտածել եմ, որ ցանկացած պառլամենտում անհրաժեշտ են ազնիվ մարդիկ։ Իսկ ես ինձ դասում եմ ազնիվների շարքում, իմ վարքագծով եւ էությամբ։ Մտածել եմ, որ ազնիվները երբեք չեն այլասերում կամ փչացնում խորհրդարանը։ Հայաստանում այլ բան է կատարվում։ Ես հասկացա, որ այն մարդիկ, որոնք առնչվել են անկախության գաղափարի հետ, դուրս են մղվում մոռացության գիրկը եւ հող են դառնում։
– Երեք անգամ ժողովուրդը քեզ չի ընտրել։ Դառնություն կամ վիրավորանք չկա՞, որ՝ այ, ես գնացի ձեզ համար բանտ նստեցի, պայքարեցի, իսկ դուք ինձ չեք ընտրում։
– Բացարձակապես։ Մտածում եմ, որ որպես մարդ պարտավոր էի իմ թեկնածությունն առաջադրելու միջոցով ժողովրդին ընտրության հնարավորություն տալ։ Ժողովրդի խնդիրն է, ինձ կընտրեն, թե ոչ։ Հայաստանում 4-5 ընտրություն է եղել, եւ ամեն հաջորդը նախորդից վատ։ Ինչ է, մենք դրանից ինչ-որ հետեւություն չպե՞տք է անենք։ Ես չգիտեմ, ինչ պետք է անել, սակայն սա ճանապարհ չէ, որով գնում ենք, անընդհատ ժողովրդին խաբելով, ժողովրդին փչացնելով։ Որպես առաջին քայլ պետք է սառեցնել ընտրությունների ինստիտուտը։
– Ինչպե՞ս ես վերաբերվում Կարեն Դեմիրճյանի վերադարձին, որի Կենտկոմի քարտուղար եղած ժամանակ են եղել ձեր աքսորները, բանտարկությունները։
– Չեմ վերաբերվում։ Թեեւ Ռազմիկ Մարկոսյանը ներկա ռեժիմը գերադասում է նախորդից, սակայն այն ժամանակ նա ուներ իր տեղը հասարակության մեջ, ուներ իր հստակ ասելիքը։ Այժմ նա մոլորյալի կարգավիճակում է։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ