Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Հունիս 16,1999 00:00
lxh-agn

Վերջին ժամանակներս Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածում այն մասին, թե իբրեւ ԼՂՀ զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել կողմերի շփման գծի՝ Մարտակերտի հատվածում։

ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ տվյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ղարաբաղյան կողմի մեծ կորուստների մասին տվյալները չեն համապատասխանում իրողությանը։

Իրականում, 1999թ. հունիսի 14-ին ադրբեջանական զորամիավորումները, խախտելով կրակի դադարեցման ռեժիմը, հերթական անգամ փորձել են իրենց դիրքերը ընդհուպ մոտեցնել ԼՂՀ պաշտպանական սահմաններին։ Լարվածության հետագա ուժգնացումից խուսափելու համար ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները դրսեւորելով անհրաժեշտ զսպվածություն, կանգնեցրել են ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը։ Կրելով կորուստներ՝ հակառակ կողմը ստիպված էր ետ քաշվել ելման դիրքերը։ Վիրավորվել են ԼՂՀ պաշտպանության բանակի երկու զինվորներ։

Ստեղծված իրավիճակում ԼՂՀ ԱԳՆ-ն բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը կրկին հրավիրում է միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պաշտոնական Բաքվի հետեւողական քայլերի վրա, որոնք նպատակ ունեն թաքցնել ճշմարիտ իրավիճակը հակամարտության տարածաշրջանում։ Հարկ է նույն ենթատեքստում դիտարկել նաեւ ադրբեջանական քարոզչական մեքենայի վերջին հորինվածքները Լեռնային Ղարաբաղ չինական արտադրության «Թայֆուն» համազարկային կրակի կողանքների «առաքումների» մասին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերջին առաջարկություններից ադրբեջանական կողմի հրաժարումը եւ ադրբեջանական քաղաքական գործիչների, առաջին հերթին պաշտպանության նախարար Սաֆար Ալիեւի ռեւանշիստական հայտարարությունները կասկած չեն թողնում, որ սադրանքների եւ ապատեղեկատվության քաղաքականության վերջնական նպատակը ղարաբաղյան հիմնախնդիրը ուժային եղանակով լուծելն է։

Ռազմա-քաղաքական հավասարակշռության եւ միջազգային հանրության ջանքերի շնորհիվ տարածաշրջանում հինգ տարի պահպանվող փխրուն խաղաղությունը չպետք է կախվածության մեջ դրվի Ադրբեջանի ներկա ղեկավարների ազգայնական պատվախնդրությունից։

ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը հավաստում է Ադրբեջանի հետ հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով, բանակցությունների ուղիով կարգավորելու ղարաբաղյան կողմի հավատարմությունը եւ կոչ է անում Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությանը հրաժարվել ատելության քարոզչությունից, ապատեղեկատվության քաղաքականությունից եւ առկա հիմնախնդիրների շուտափույթ ու համապարփակ կարգավորման նպատակով կառուցողական երկխոսություն սկսել բոլոր կողմերի մասնակցությամբ։

Ստեփանակերտ,

15 հունիսի  1999 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930