Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ, ԱՐԴՅՈՔ, ՂԱՐԱԲԱՂԸ

Հունիս 16,1999 00:00
karabax

Փետրվարյան իշխանափոխությունից հետո Ղարաբաղի հարցի նկատմամբ, կարծես, այնքան էլ մեծ ուշադրություն գոյություն չունի։ Այդ իրողությունն ինչ-որ տեղ ի չիք դարձավ անցյալ աշնանը, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները տարածաշրջան ժամանեցին իրենց առաջարկներով, մասնավորապես՝ բերելով «քոմըն սթեյթի», ասել է թե՝ ընդհանուր պետության գաղափարը։

Մայիսյան ընտրարշավի ժամանակ եւս, խնդիրն, ըստ էության, կուսակցությունները խորքով չկարեւորեցին, եւ հայտնի էլ չէ, թե նրանք ինչ հնարավորություն են տեսնում բանակցային փակուղին հաղթահարելու համար։

Հրանտ Խաչատրյան (ՍԻՄ-ի նախագահ, «Իրավունք եւ միաբանություն» դաշինք).– Իշխանափոխությունից հետո ղարաբաղյան խնդիրը մոռացության չի մատնվել։ Առկա է այլ իրողություն։ Այս լռությամբ ենթադրվում է, որ ղարաբաղցի նախագահը լավագույն երաշխիքն է, որպեսզի Ղարաբաղի հարցում դավաճանություն չլինի։

Ինչ վերաբերում է հարցի սկզբունքային կողմին, ապա ՍԻՄ-ը հավատարիմ է մնում է 1988 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշմանը։ Մենք պահանջում ենք՝ եթե դե ֆակտո Ղարաբաղը Հայաստանի մասն է, ինտեգրված է տնտեսությունը, Ղարաբաղի քաղաքացիները Հայաստանի անձնագրերով են աշխարհին ներկայանում, ապա նույնը պետք է լինի նաեւ օրենսդրական ոլորտում, եւ Ղարաբաղը համարվի Հայաստանի անբաժան եւ մյուսներից չտարբերակվող մարզ։ Մենք դեռեւս 1989-ին ենք պնդել, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին Հայաստանի կազմում հատուկ կարգավիճակ տրվի։ Չենք բացառում, որ այդ կարգավիճակը լինի մարզից բարձր, բայց ոչ անկախ պետության։ ԼՂՀ-ն մենք այսօր էլ համարում ենք Հայաստանի մի մասը։ Բնական է, որ բոլոր գործընթացները եւ բոլոր պաշտոնյաների գործողությունները համեմատում ենք մեր սկզբունքային դիրքորոշման հետ։ Այդ առումով՝ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը, եթե իշխանափոխությանը նախորդած շրջանում շատ մոտ էր մեր տեսակետին, թեպետ նա մի քիչ զուսպ էր իր ելույթներում, ապա հետագայում փոխվեց, փոխվեց, փոխվեց… Այնպիսի տպավորություն կա, որ, իրոք, հարցը ընդհանուր առմամբ լռության է մատնված։ Ենթադրվում է, որ միջազգային գործընթացներն այլեւս վտանգավոր չեն եւ Հայաստանում այդ ուղղությամբ օրենսդրական եւ դիվանագիտական շատ թույլ քայլեր են արվում։ Կարծում եմ, որ նորաստեղծ Ազգային ժողովը Ղարաբաղի հարցին պետք է ավելի ակտիվորեն անդրադառնա։ Սակայն այսօր հարցերի հարցը մեկն է։ Աշխարհի համար Հայաստանը ճանաչված է իբրեւ վերամիավորված անկախ պետություն եւ հիմա մնում է ընդամենը ընդհանուր պետության խնդիրը՝ Ղարաբաղ-Հայաստան կազմով, եւ ոչ թե Ղարաբաղ-Ադրբեջան։

Ես կարծում եմ՝ նոր իշխանությանը պետք է օժանդակել, համենայնդեպս, նման փորձ պիտի արվի, որպեսզի այն դուրս գա նախկինի արատավոր ակոսներից եւ նոր հունով ընթանա։ Թե դա որքանով կհաջողվի, եւ որքանով այս հարցում հաջողություն կունենան ժողովուրդն ու նրա անունից խոսելու իրավունք ունեցող փոքրաթիվ պատգամավորները, ցույց կտա ժամանակը։

Տիգրան Թորոսյան («Միասնություն» դաշինք, ՀՀԿ փոխնախագահ).– Նախ ասեմ, որ փետրվարյան իշխանափոխությունից հետո Ղարաբաղի հարցն ամենեւին էլ մոռացության չի մատնվել։ Պարզապես, վերջին շրջանում, խնդիրը մի փոքր այլ ձեւակերպում է ստացել։ Քանի որ խաղաղության հաստատումից ի վեր Ղարաբաղի ներսում պատերազմի հետ կապված որեւէ խնդիր չկար, առաջացավ երկու հարց ընդամենը։ Մեկ՝ Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը, եւ երկրորդ՝ տնտեսական խնդիրների համալիրը՝ Հայաստանի եւ մասնավորապես Ղարաբաղի համար։ Այդ է պատճառը, որ մյուս իրադարձությունների զարգացումը 98-ի իշխանափոխությունից հետո ընթացավ կուլիսների հետեւում, նկատի ունեմ բանակցությունները, մոտեցումների մշակումը։ Այդ ամենի արդյունքում էլ աշնանն առաջարկվեց ընդհանուր պետության գաղափարը, եւ դրա հետ կապված որոշակի հիմքեր առաջացան բանակցային գործընթացը սկսելու համար։

Իշխանափոխությունից հետո, հիշում եմ, հայտարարություններ էին արվում, թե Ղարաբաղի հարցում որեւէ առաջընթաց հնարավոր չէ, եւ որ Հայաստանը կենթարկվի քաղաքական, տնտեսական եւ այլ բնույթի շրջափակումների։ Բայց կյանքը ցույց տվեց, որ ամենեւին էլ այդպես չզարգացան դեպքերը։ Ավելին՝ ընդհանուր պետության գաղափարը թեեւ բոլոր հարցերի վերջնական լուծում չէր ենթադրում, սակայն նկատելի առաջընթաց էր Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար՝ նախորդ տարբերակների համեմատ։ Պատահական չէ, որ Ադրբեջանը մերժեց այդ տարբերակը։ Նույն հիմքով էլ պետք է ասեմ, որ դա էր պատճառը ընտրարշավի ընթացքում կուսակցությունների ՝ Ղարաբաղի հարցին մեծ ուշադրություն չդարձնելու՝ թեպետ բոլորի ծրագրերում էլ Արցախի խնդիրը արծարծված էր։ Բոլորն էլ հասկանում էին, որ Ղարաբաղի հարցում այսօր ամենակարեւորը տնտեսական եւ բանակցային խնդիրներն են։ Ուստի՝ պետք է աշխատել այդ երկու ճակատներով։ Բանակցայինը մեծ հրապարակայնություն չի ենթադրում, իսկ տնտեսականը ներառում է մեծ տնտեսական խնդիրներ, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացումը։

Ֆիլարետ Բերիկյան (ԱԺՄ վարչության նախագահ).– Իմ կարծիքով, հիմա քայլ անելու հերթն Ադրբեջանինն է։ Բնական է, որ Հայաստանում իշխանությունները, քաղաքական ուժերն այդ հարցը շատ չեն շոշափում, որովհետեւ խնդիրը «սառեցված է» այն վիճակում, որը ձեռնտու է Հայաստանին։ Հիմա գնդակն Ադրբեջանի խաղադաշտում է։ Պատահական չէ, որ ընդամենը 2 օր առաջ Վաֆա Գուլուզադեն հայտարարեց՝ այն տարբերակը, որը Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են, եթե նույնը զարգացնելու համար են տարածաշրջան ժամանելու, ապա դա անիմաստ է։ Այսինքն՝ Ադրբեջանը կտրուկ մերժում է այդ տարբերակը, ինչը, բնականորեն Հայաստանի համար նորմալ իրավիճակ է ստեղծում բանակցային այս փուլում։ Իմ կարծիքով, Մինսկի խմբի համանախագահներն այս փուլում առայժմ ընդամենը երկխոսության խնդիրներ ունեն Ադրբեջանի հետ։ Այս կացության մեջ հարցը որքան ձգձգվի, ժամանակն այդքան մեր օգտին կաշխատի։

– Բայց միայն բանակցային գործընթացը չի, չէ՞։ Կան նաեւ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային քաղաքական ու տնտեսական զարգացումներ, որոնք վաղը այսպես կամ այնպես անդրադառնալու են բանակցային գործընթացի վրա։

– Այդ հարցադրումը խնդիրն այլ հարթություն է տեղափոխում։ Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին զարգացումների տեմպերի իմաստով, նկատի ունեմ մասնավորապես տնտեսական ոլորտը, տնտեսական պոտենցիալի կուտակումը, մենք, այո, տուժում ենք։ Բայց դա հիմնականում բխում է Հայաստանի ներքին իրավիճակից։ Եթե մեզանում հնարավոր լինի նորմալ իշխանություն ձեւավորել եւ առաջընթաց ապահովել տնտեսության մեջ, իսկ միջազգային դիվանագիտության մեջ էլ որոշակի հաջողություններ ունենալ, մանավանդ, որ 95-96-ի համեմատ քաղաքական մեկուսացման պատը բավականին ճեղքված է, ապա կշահենք։ Դա հիմնականում կախված է իշխանություններից։ Մեզ օդի պես առաջընթաց է անհրաժեշտ։ Այլընտրանք չկա։

– Ի՞նչ եք կարծում, Վազգեն Սարգսյանի կառավարությունը կհաջողի՞ դա։

– Այս ընտրություններից հետո շատ ճիշտ լուծումներ ստացվեցին։ Փաստորեն, դե ֆակտո իշխանությունը դե յուրե արձանագրեց այդ իրողությունը։ Իմ կարծիքով, Վազգեն Սարգսյանն այլընտրանք չունի, քան ամբողջ ուժով իր լծակներով նպաստել ստվերայնության վերացմանը, որի ակունքներում նաեւ իր թիմակիցներն են կանգնած։ Իմ կարծիքով, այդ առումով, լավագույն լուծմանն ենք հանգել։ Ես հույս ունեմ, որ լուծումներ գտնվելու են։ Հավատում եմ, որ մարդիկ, Վազգեն Սարգսյանն ընկալում են՝ Հայաստանի տնտեսական զարգացմանն այլընտրանք չկա։ Երբ պատասխանատվության ամբողջ բեռն ընկած է իր ուսերին, իմ կարծիքով, լուծումներ կգտնվեն։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930