Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փողի քսակը չբարձրացրեց հասակը

Հունիս 16,1999 00:00
qsak

Երեկվա «Առավոտում» ներկայացրել էինք խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ 5%-ը հաղթահարած կուսակցությունների նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը՝ ըստ Կենտրոնական բանկ կատարած նրանց մուտքերի։

ԿԸՀ-ին առընթեր վերահսկիչ եւ վերստուգիչ ծառայությունից ճշտեցինք նաեւ 5%-ից պակաս ձայն հավաքած կուսակցությունների նախընտրական ծախսերը։ Դրանք ակնհայտորեն քիչ են արդեն խորհրդարանական կուսակցությունների՝ նույն նպատակով կատարած ծախսերից։ Ընդ որում՝ հիմնականում ծախսվել է ԿԲ մուտք արված դրամի ողջ պաշարը։ Հիշեցնենք, որ բանկում մնացած փողի մնացորդը փոխանցվում է պետբյուջե։

Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը իր 2 մլն դրամը անմնացորդ նվիրաբերել է նախընտրական գովազդին։ ՌԱԿ-ի նախընտրական ջանքերը կառավարության վրա «նստել» են 3 մլն 478 հազար դրամ։ Բայց ՌԱԿ-ի պարագայում պետական գանձարանը հարստացել է 500 դրամով, քանի որ հենց այդքան գումար կուսակցությանն այդպես էլ այդ շրջանում պետք չի եկել։ «Շամիրամ» կուսակցությունը պետության մասին առանձնապես չի մտածել եւ ոչ մի լումա բյուջեին չի թողել. 1 մլն դրամը ամբողջությամբ ծախսել է։

Ամենահամեստ ֆինանսական միջոցները նախընտրական փուլում ծախսել է «Սոցուժերի եւ մտավորականների միություն» դաշինքը. միայն 370 հազար դրամ։ «Արժանապատիվ ապագան» 900 հազար դրամ մուտք է ունեցել ԿԲ, որն էլ մինչեւ վերջին կոպեկը ծախսել է։ «Հայրենիք» դաշինքը իր 1 մլն 503 հազար դրամ մուտքերից ծախսել է 1 մլն 502 հազար 50 դրամ՝ տնտեսելով 950 դրամը՝ հօգուտ դատարկ բյուջեի։ Ամենաշատ փողը (թեեւ անարդյունք) նախընտրական շրջանում օգտագործել է «Հզոր հայրենիքը»՝ 5 մլն 950 հազար դրամ։ Հետաքրքիր է, որ պետական մտածողությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցություններից առանձնացել է ՀՀՇ-ն. ԿԲ արված իր 1 մլն 472 հազար դրամ մուտքից կուսակցությունը ծախսել է 1 մլն 467 հազար 288 դրամ՝ 4712 դրամով հարստացնելով մեր պետության գանձարանը։ Ավելորդ է ասել, որ կուսակցություններն իրականում անհամեմատ մեծ գումարներ են շրջանառության մեջ դրել։ Սրանք պարզապես ԿԲ արած մուտքերի տվյալներն են։ Ահա՛ այն հիմնական կուսակցությունները, որոնք թեեւ իրենց մանկության վճիտ նպատակին՝ ԱԺ-ին, չհասան, բայց հաջորդ ընտրություններին էլ կարող են նույն հաջողությամբ (կամ անհաջողությամբ) մասնակցել։

Մյուս կուսակցությունների դրամապանակների պարունակության եւ շռայլության աստիճանի մասին կհայտնենք շուտով։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930