Չնայած ընտրությունների օրը Տավուշի մարզում անցկացրած բազմաթիվ լրագրողների վկայություններին՝ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը հերքեց, թե իր ղեկավարած համակարգը փորձել է խոչընդոտել Վանո Սիրադեղյանի ընտրությանը։ Այս հայտարարությունից հետո թիվ 75 ընտրատարածքում ծավալված իրադարձությունները եւս մեկ անգամ ներկայացնելու անհրաժեշտություն առաջացավ։ Պատմում է ՀՀՇ վարչության անդամ, Վանո Սիրադեղյանի նախընտրական շտաբի Նոյեմբերյանի պատասխանատու Վարդգես (Վահագն) Հայոցյանը։
-Ընտրական շտաբի նախապատրաստական աշխատանքները սկսել էի մինչեւ Վանո Սիրադեղյանի վերադարձը։ Տեխնիկական հարցերով զբաղվում էինք ես եւ Վանոյի ազգականներից մեկը։ Շտաբի ընդհանուր հարցերը ղեկավարում էր Իգնատ Մամյանը։ Թիվ 75 ընտրատարածքը ձգված էր մոտ 90 կմ երկարությամբ եւ որը ներառում էր Իջեւանի 5 եւ Նոյեմբերյանի 19 գյուղերը։ Մեր 5 ենթաշտաբերի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում էին շուրջ 400 մարդ, այսինքն՝ 4 անգամ ավելի, քան վերջին տեղը գրաված Մուշեղ Շահինյանի օգտին տրված ձայներն էին։
-Ինչպե՞ս ստացվեց, որ հենց 75-ը դարձավ այն ընտրատարածքը, որտեղ ինքնաբացարկ հայտնած թեկնածուները ամենաշատն էին։
-Համադասարանցիներ կամ համագյուղացիներ կային, որոնք Վանո Սիրադեղյանի վերադարձից հետո հանեցին իրենց թեկնածությունները։ Հետագա պայքարից հրաժարված 5 թեկնածուներից երկուսն էլ Վանո Սիրադեղյանի մասին իմանալով՝ ընտրագրավը չմուծեցին։
Կարդացեք նաև
-Մամուլում լուրեր էին հրապարակվել, թե այդ թեկնածուների ինքնաբացարկը «Միասնության» հրահանգի հետեւանքն էր։
-Չգիտեմ, թե նրանց որեւէ մեկը հրահանգե՞լ էր։ Բայց Իջեւանում մի թեկնածու ինքնաբացարկ հայտնեց, որ ավելի վնաս բերեց Սիրադեղյանին՝ ձայներն իրար մեջ կիսելու առումով նրան ավելի ձեռնտու կլիներ, եթե իջեւանցիք մնային։
-Հիմնական մրցակիցը անտառտնտեսության պետ Վասիլ Չիլինգարյանն էր համարվում։ Ըստ որոշ հրապարակումների՝ նրա ինքնաբացարկն էլ բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի հետ զրույցի հետեւանքն էր։
-Ես նման տեղեկություններ չունեմ։ Մեզ համար դա անակնկալ էր, քանի որ ուղիղ մեկ շաբաթ առաջ Չիլինգարյանը մամուլում հայտարարում էր, թե 75-ն իր ընտրատարածքն է, տասը տարի այնտեղ է ընտրվել, Սիրադեղյանի օգտին իր թեկնածությունը չի հանի։
-Նա կարծեմ Իլյիչ Բեգլարյանի՞ օգտին հանեց իր թեկնածությունը։ Ի դեպ, Սիրադեղյանի հիմնական մրցակիցը դարձած այս թեկնածուի վերաբերյալ էլ հրապարակում կար, թե բանակը հակասական հրահանգներ էր ստացել՝ մեկ քվեարկել Սիրադեղյանի օգտին, իսկ ընտրություններից մեկ օր առաջ՝ Իլյիչ Բեգլարյանի օգտին։
-Վանո Սիրադեղյանին ձայն տալու հրահանգ չի եղել։ Իսկ Իլյիչ Բեգլարյանի օգտին քվեարկելու հրահանգ եղել է, բայց, իմ ունեցած տեղեկություններով, ոչ շուտ, քան մայիսի 30-ի նախորդ գիշերը։ Այնուամենայնիվ, զինվորներ գտնվեցին, որ իրենց իրավունքները գիտեին եւ հրահանգին հակառակ քվեարկելու համար հետո էլ պատիժ կրեցին։ Տեղի զինմասի հրամանատարը՝ Դավիթ Խաչմանուկյանը մեզ պարզ ասել էր, թե նախարարից հրահանգ չունի. «Գուցե մինչեւ առավոտ ունենամ»։ Իսկ մայիսի 30-ի առավոտյան էլ ասաց. «Հրահանգ չունեմ, բայց անելու եմ այնպես, ինչպես ես գիտեմ»։ Իլյիչ Բեգլարյանի օգտին բաց քվեարկության դեպքերը հենց իր նախաձեռնությունն էին։ Ինքս Նոյեմբերյանում եւ Իջեւանում տեսել եմ Իլյիչ Բեգլարյանի օգտին բաց քվեարկության դեպքեր։ Բողոքները մեր ձեռքին մնացին, քանի որ հաղթողին այլեւս նման բաներ չեն հետաքրքրում։ Եվ եթե պարտված լինեինք՝ այս ամենը չէի էլ պատմի, քանի որ արդարանալու պես կստացվեր։ Բայց փաստ է, որ պետական համակարգը եւ քարոզչությունը Վանո Սիրադեղյանի դեմ էին աշխատում, օգտագործելով թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր հնարքները։
-Բանակին առնչվող հարցերը կարծես պարզեցինք։ Իսկ միջամտո՞ւմ էին արդյոք ՆԳ եւ ԱԱ նախարարության աշխատակիցները։
-Փոխնախարար Հովիկ Հունանյանը եկել էր տեղում համակարգելու եւ նախընտրական գրեթե ամբողջ շրջանում Իջեւանում էր։ Սերժ Սարգսյանն էլ մեկ օրով եկավ։ ՆԳ աշխատակիցների մեջ բազմաթիվ ծանոթներ ունեմ եւ այնտեղ նոյեմբերյանցի երեւանաբնակ առնվազն 10-20 պաշտոնյաների տեսա, որոնք գյուղերում աշխատում էին ընդդեմ Սիրադեղյանի։ Նրանց հարազատների հետ շփումներից, մարդկանց անհանգստությունից դա ակնհայտ երեւում էր։ Եթե մի 10 օր մնայիք այնտեղ՝ կհամոզվեիք, թե համակարգն ինչպես է աշխատում։
-Բայց իրոք կասկածելի է, որ պետական համակարգն ամեն ինչ արել է, որ Վանո Սիրադեղյանը չընտրվի, իսկ նա այնուամենայնիվ հաղթել է։
-Կարծում եմ, մենք ամեն ինչ արեցինք ցանկացած միջամտության հակակշռելու համար։ Ճիշտ է, ՆԳ եւ ԱԱ նախարարությունը, բանակը լրջորեն ներազդեցին, բայց մենք մեկ առ մեկ աշխատել էինք մարդկանց, ընտրողների հետ։ Վանո Սիրադեղյանն այցելել է իր ընտրատարածքի 27 գյուղերից 26-ը (մեկը դուրս մնաց անձրեւի պատճառով), ոչ թե դահլիճներում պաշտոնական հանդիպումներ, այլ գյուղամիջում ժամերով զրույցներ ունեցել։ Մարդիկ էլ հավատացին նրան։
-Իսկ իրո՞ք նրա ոտքերի տակ ցլիկ են մորթել, ինչպես թերթերից մեկն էր գրել։
– Մորթել են նաեւ գառներ։ Բայց նրա համադասարանցիներն էին, որոնց հետ սովորել է Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցում։ Իսկ ցլիկ մորթել են նրա համագյուղացիները՝ Վանո Սիրադեղյանի բարեկամները։
-Իր հեռուստաելույթում Վանո Սիրադեղյանը պնդել էր, թե ի տարբերություն քաղաքական շրջանակների եւ լրագրողների՝ հասարակ մարդկանց չի հետաքրքրում իրեն առաջադրված մեղադրանքների իսկությունը։ Այդ 26 զրույցների ընթացքում իրոք որեւէ հարց չի՞ հնչել, թե Վանո Սիրադեղյանի հրահանգով են իրականացվել այդ սպանությունները, թե՞ ոչ։
-Նման խոսակցություն բացարձակ չի եղել։ Նույնիսկ իր կողմից շատ հպանցիկ անդրադարձներին չէին արձագանքում։ Բայց սոցիալական այս վիճակում գտնվող մարդկանց քաղաքականությունն, այնուամենայնիվ, հետաքրքրում էր ու Սիրադեղյանի ելույթներն էլ բացառապես քաղաքական էին։ Որեւէ գյուղում որեւէ խոստում չի տվել։ Բայց ընտրվելուց հետո Սիրադեղյանն իր կապերով, գործարարների շնորհիվ փորձում է հիմա ինչ-որ կերպ սոցիալապես ամենածայրահեղ վիճակում գտնվողներին օգնել։ Գյուղեր կան, որոնց վերաբերյալ ծրագրեր ունենք։ Բայց ընտրություններից առաջ որեւէ բան չի արվել։
Հարցազրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ