Շատերը նրան ծաղրածու են համարում, որն իր առողջությունը զոհաբերում է հանուն բեմական իմիջի, միաժամանակ զարմանում են նրա հնարամտության վրա։ Մյուսները նրան խենթ են համարում, ավելին…
Իսկ նա այդ ամենը լուրջ չգտնելով, մի տեսակ մանկական անմիջականությամբ ջանում է մնալ նույն «բարին, ազնիվն ու զուսպը»: Շնորհիվ պրոդյուսերներ Դավիթ Մանուկյանի եւ Մայիս Հովհաննիսյանի, որոնք Երեւան են հրավիրել երիտասարդության սիրելի 24-ամյա երգչին՝ Շուրային, հնարավոր եղավ ամեն ինչ «առաջին բերանից» տեղեկանալ։ Սակայն նրա ասածների անկեղծության մասին դատողությունն այս հարցազրույցի ընթերցողներին է վերապահվում։
– Գործազրկությո՞ւնն է պատճառը, որ էստրադայում հայտնվեցիք։
– Ի՜նչ եք ասում, ես երաժշտական ընտանիքից եմ սերում։ Տասներեք տարեկանից ռեստորաններում եմ երգել։ Եթե ատամներիս բացակայությամբ էլ եմ էստրադա մղվում, ապա, հավանաբար, դա ինչ-որ բան նշանակում է։ Կերակրվել միշտ էլ կարող եմ ֆոտոդիզայների (ծաղկեփնջերի պատրաստում) դիպլոմով։
Կարդացեք նաև
– Ձեր ոճի հիմնական ուղղությունը էպոտա՞շն է…
– Մանկուց եմ այդպիսին։ Ո՛չ ոճ կա, ո՛չ ոճավորում… Ինձանով փորձել են զբաղվել Զվերեւը, Զայցեւը, Յուդաշկինը, բայց՝ ապարդյուն։ Ես ամեն ինչ այնպես եմ անում, ինչպես ինձ է դուր գալիս։
– Եվ սկսած տասներեք տարեկանից դուք այդքան խենթական, էրոտիկ զգե՞ստ էիք կրում՝ բեմում նման կերպար ստեղծելով։
– Ուզում եք ասել՝ ծաղրածուի։ Այն ժամանակ էլ ազդեցիկ ընկերներ ունեի, ովքեր բավականությամբ էին ինձ ունկնդրում ռեստորաններում։ Ես Պենկինի նման ինչ-որ անմիտ, սուպեր բաներ չէի ցուցադրում, պարզապես ջինս հագած տղա էի։ Այդ հիմա են իմ արդուզարդի մեջ հայտնվել ինչ-որ շփոթեցնող մանրամասներ։
– Ի՞նչ է, Պենկինին մի լավ հասե՞լ է…
– Աստված չանի։ Այն ժամանակ էլ ամեն ինչում չափի մեջ էի եւ այժմ էլ երբեք չեմ ծռում փայտը։ Թերեւս դրա համար են երեխաներն ինձ սիրում։
-… Իսկ կանայք՝ ոչ։
– Չէ, ինչո՞ւ, սիրում են, պարզապես հաճախ են խաբում։
– Հիասթափվա՞ծ եք։
– Բոլորովին։ Վերստին ցանկանում եմ սիրել ու խաբված լինել։ Ո՞ւմ է պետք, երբ ամեն ինչ հարթ ու լավ է…
– Դե, իհարկե, ավելի լավ է հիմար լինել։
– Միեւնույն է, կյանքը գլխիդ զարկում է, ավելի լավ է կանանցից ստանալ այդ հարվածները։
– Երեւում է՝ ուժեղ են հարվածները, այդ պատճառով էլ չեք ամուսնանում։
– Ես անպայման կամուսնանամ եւ որքան հնարավոր է, շատ երեխաներ կունենամ, իհարկե՝ կնոջս համաձայնությամբ։ Երեխաներն ինձ մեծ երջանկություն են բերում։ Ես մի ամբողջ ծրագիր ունեմ՝ «Շուրան՝ երեխաներին»։
– Ամուսնացեք, որպեսզի բամբասանքները ցրվեն։
– Յուրաքանչյուր բամբասանքի դեմ ես ամուր պաշտպանություն ունեմ, ոչինչ չեմ թաքցնում, քանզի թաքցնելու բան չկա։
– Ատամնաբույժներին մոռացաք…
– Օ՜, դա, անշուշտ, սարսափելի է։ Բայց վախի շարքի մեջ չի մտնում։ Ինը տարեկանում եղբայրս ատամներս թափեց։ Սկզբում փոքր էի, ապա ծնողներս միջոցներ չունեին ատամներս դնելու համար, հիմա նույնիսկ խորհուրդ չեն տալիս՝ թերեւս խոսելաոճս փոխվի, գուցե նաեւ էլի ինչ-որ բան…
– Էլի ի՞նչ։
– Դե, օրինակ, արտահայտչաձեւը, որին արդեն ընտելացել են մարդիկ։ Դրա շնորհիվ էլ անատամ բերանս ընդունվել է իբրեւ իմիջ։ Իսկ ես չեմ առարկում։
– Համենայնդեպս, զավեշտական է շվշվացող երգչին լսելը։
– Այդ պատճառով էլ պատրաստվում եմ ատամներ դնել։
– Ինչպե՞ս եք զգում մեզ մոտ։
– Հիանալի, շնորհակալություն Դավիթին, մեր բոլոր ցանկությունները կատարում է։ Երեխաները ցանկացան արեւայրուկ ընդունել հյուրանոցի բակում, խնդրեմ։
ՅԱՆԱ ԱՎՉԻՅԱՆ