Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՐ ԽՈՒԼԻԳԱՆՆԵ՞Ր ԵՆՔ, ԹԵ՞…

Հունիս 15,1999 00:00
brnadatvac

Երեկ մեզանում նշվեց խորհրդային համակարգի անմեղ մեղավորների՝ բռնադատվածների օրը։

Սույն հրապարակումը նվիրվում է բոլոր ժամանակների բռնադատվածներին, նրանց, ում ժամանակը չներեց եւ հիմա մեր կողքին չեն, նրանց, ում գաղափարներն ու պայքարը չսրբագրվեցին իրադարձային խմբագրումների մեջ անգամ։

1966 թվականի ապրիլի 24-ին, ժամը 11-ի սահմաններում, մի խումբ ուսանողներով, այդ թվում՝ սփյուռքահայերով, հավաքվեցինք Կոմիտասի գերեզմանի մոտ։ Սփյուռքահայերը եկեղեցական երաժշտություն հնչեցրին։ Վայրկյաններ անց մեր կողքին հայտնվեցին բազմաթիվ միլիցիոներներ, որոնցից մայորի համազգեստով մեկը ռուսերենով կարգադրեց. րազայդիս։

Հավաքվածներս առարկեցինք, ասելով, որ քիչ առաջ մեզնից հեռացած ՀՀ ներքին գործերի նախարարը խոստացավ մեզ 10 րոպե ժամանակ տալ՝ խմբված երիտասարդներով հանպատրաստից սգո արարողության միջոցառում անցկացնելու համար, որին հետեւեց նույն սպայի կտրուկ, դարձյալ ռուսերենով հնչած պահանջը։

– Պետության անունից հրամայում եմ ցրվել։

Նկատելով հետզհետե մեծացող միլիցիոներների ջոկատը, մեզ ոչինչ չէր մնում, քան սպային ենթարկվելը։ Կոմիտասի այգուց դուրս գալուց հետո, հենց մայթի վրա մեզ դիմավորեցին քաղաքացիական հագուստով անձինք եւ առաջարկեցին նստել մայթեզրին կանգնած տարբեր մակնիշի ավտոմեքենաները։ Վայրկյաններ անց մենք Լենինյան շրջանի ներքին գործերի բաժնում էինք։ 6-7 ժամ սենյակներից մեկում պահելուց հետո, ինձ տարան մեկ այլ սենյակ, ուր ժողդատավոր ներկայացած անձը, կարծեմ՝ Խաչատրյան, հարցրեց, թե ինչո՞ւ եմ ես տրամվայ կանգնեցրել ու հողեր ուզել։ Նման արարքներ կատարած չլինելուն իմ խոսքերին հակառակ նա ասաց. արել ես, թե ոչ չգիտեմ, բայց 15 սուտկա պիտի նստես։

Նկուղային հարկում գլուխս խուզելուց հետո հայտնվեցի կից մի սենյակում, ուր մոտ 30 անձանց մեջ նկատեցի ուսանողական ընկերներիս՝ Լեւոն Անանիկյանին, Ռուբեն Սաքապետոյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Տիգրան Գամաղելյանին։

Գիշերը գրեթե ոտքի վրա անցկացնելուց հետո առավոտյան մեզ ավտոբուս նստեցրին եւ տարան ներկայիս մամուլի շենքի հարեւանությամբ գտնվող բանտը։ Մուտքի ծածկի տակ մեզ ընդունեց մեկը, կարծես պետը, 3-4 շարքով շարեց եւ հայհոյանքներով ուղեկցվող բառապաշարով սպառնաց՝ ձայն հանելու պարագայում պատժաչափը մեծացնել։ Գործը դրան չհասավ եւ մենք հայտնվեցինք բանտախցում։

Անհանգստություններս մեծ էր։ Համալսարանական հնգյակս երկրորդ թե երրորդ օրը միայն ծանոթություն հաստատեցինք խցի մյուս անդամների հետ, որոնցից առանձնանում էին տարիքով մեզնից ավագ Հայկ Խաչատրյանը, անվերջ պահանջներ դնող Շահեն Հարությունյանը եւ նրա հակապատկեր, լռակյաց Ստեփանը (կարծեմ՝ Զատիկյան)։ Առաջինն արդեն հանգուցյալ է, երկրորդը տարիներ առաջ արտաքսվեց ԽՍՀՄ-ից, հիմա ԱՄՆ-ում թերթ է խմբագրում, երրորդը գնդակահարվեց Մոսկվայի մետրոյի պայթյունի մեղադրանքով։

Բանտում մենք թե՛ ծեծի ենթարկվեցինք, թե՛ քաղց ապրեցինք՝ կապված սննդի անորակության հետ, թե՛ ծխողները ծխախոտի պակասի տառապանքը զգացին։ Բանտախուցը հսկողները անհողդողդ էին մեր պահանջների հանդեպ։ Երրորդ, չորրորդ օրը, ձանձրույթը ցրելու նպատակով, երգել սկսեցինք, որը կարծես շատ դուր եկավ մոտակա քրեականներին, որոնց պատվերը կատարելու համար արժանացանք ծխախոտի ու շաքարի։ Փոքրիկ հացադուլ էլ կազմակերպեցինք, սակայն ուշադրություն դարձնող չեղավ։

Մայիսի 1-ի նախօրեին անսպասելիորեն մեզ բաց թողեցին. ուսանողությունը վրդովված էր։ Համալսարանականների շքերթի մեջ խցկվելով, անցանք հանրապետության ղեկավարների առջեւով, մեր խուզած գլուխները ցույց տալով ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին։ Այդ միջադեպից հետո մեզ իր մոտ հրավիրեց ռեկտոր Մկրտիչ Ներսիսյանը, խոստացավ պարզել իրողությունը։

Անցել է 33 տարի, իսկ մեզ համար այդպես էլ պարզ չէ։ Մենք մանր խուլիգաննե՞ր ենք, թե՞…

Հարցին թերեւս պատասխանի պրն Դավիթ Զադոյանը։

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930