Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵՆ ՉԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ

Հունիս 15,1999 00:00
toto

Սույն թվականի հունիսի 8-ի «Հայոց Աշխարհ» օրաթերթում ՀՀ ֆինանսների նախարարությունը լրատվական վարչության միջոցով ցանկացել էր հերքում տալ իմ մայիսի 28-ի «Հայոց Աշխարհ» – հունիսի 1-ի «Առավոտ» օրաթերթերում տպագրված հոդվածներին:

Ներկայացրել էի բանկերի կողմից պետական նշանակության վարկերի բաշխման, ինչպես նաեւ ներքին ռեսուրսների ոչ լիարժեք օգտագործման եւ արտաքին ներդրումներին խոչընդոտող գործարքների մասին: Հոդվածում ինձ մեղադրում են, որ 1994-1996 թթ լինելով ՀՀ ԿԲ վարչության անդամ ես կողմ եմ քվեարկել վարկերի բաշխման այսօրվա մեխանիզմին, իսկ այժմ դրա դեմ եմ ելույթ ունենում: Ճիշտ չէ, այդ ժամանակ դեռ չկային նշված վարկերը եւ նրանց տեղաբաշխման կարգը չէր կարող քննարկվել ԿԲ վարչությունում:

Հոդածում, իհարկե, պարոն Սանդոյանի հանձնարարությամբ, երիտասարդ ֆինանսիստները մանրամասը նկարագրել են վարկերի բաշխման մեխանիզմները, քննարկված է վարկավորման առաջնային եւ երկրորդական պայմանները եւ շարունակել են տակառը գլորել եւ դմբդմբացնել՝ հեռանալով բուն հարցից:

Իսկ իմ հոդվածում ես նկատի չեմ ունեցել սովորական վարկերը, որոնք բանկերի լրիվ իրավասության տակ են, այլ պետական հովանավորչությամբ շատ դեպքերում որպես օգնություն կամ շատ ցածր տոկոսներով տրված ստրատեգիական նշանակության նպատակային օգտագործման վարկերը (Համաշխարհային բանկ, «Լինսի» հիմնադրամ, Քըրք Քըրքորյան):

Իմ առաջարկած մեխանիզմը բոլորովին նման չէ Շվեյցարական SCS ֆիրմային պարոն Սանդոյանի կողմից մեծահոգաբար տրվող մոնոպոլ իրավունքներին, այլ ընդհակառակը, առաջարկվում էր պետական հսկողություն վարկավորողների հետ միասին:

Այսօր բանկերին տրված են բաշխելու եւ վերջին ատյանի որոշում կայացնելու իրավունքով 3%-ոց հիմնադրամների վարկեր։ Միաժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն սահմանում է 50-60% եւ ֆինանսների նախարարությունը գնում է այդ նույն բանկերից ռեսուրս՝ բյուջեի դեֆիցիտը փակելու համար կարճաժամկետ պարտատոմսերով՝ 50-60%-ով: Այսինքն, վարկային ռեսուրսը միեւնույն ժամանակ, միեւնույն ֆինանսական դաշտում ունի երկու արժեք՝ մեկը մյուսից քսան անգամ էժան, եւ պարոն ֆինանսների նախարարը չի ցանկանում, որպեսզի լինի պետական լրացուցիչ հսկողություն:

Կոնկրետ այս վարկերը սպասարկելիս՝ բանկերը առանց այդ էլ ստանալով 12% մարժա, կարող են ապահովել նրանց վերադարձելիությունը:

Պարոն Սանդոյանը հոդվածի մյուս մասում մտահոգված է Հայաստանի Հանրապետության արտարժույթի ազատ մուտքերով եւ արտասահմանյան ներդրողների համար նպաստավոր պայմաններով եւ իմ առաջարկածը հարկային դեկլարացիայի (հայտարարագրի) մասին, նրա կարծիքով, կխոչընդոտի դրանց: Իսկ իմ կարծիքով, ներդրողները խուսափում են ֆինանսական այն համակարգից, որտեղ ազատականացումը հասկանում են բառացիորեն, եւ ֆինանսները կառավարող ղեկավարներն են օրենք խախտում: Այսպես, ԿԲ-ի 1998թ դրամավարկային քաղաքականության արդյունքների հաշվետվության մեջ նշվում է, որ հենց քաղաքական իրավիճակից ելնելով 1998թ 1-ին կիսամյակում պահել է դրամի կուրսը ավելի կայուն մակարդակի վրա, քան պլանավորվել էր, իսկ պարոն Սանդոյանը 1999թ մայիսի 31-ի «Հայոց Աշխարհ» օրաթերթին տրված հարցազրույցում ուղղակի հայտարարում է, որ խախտելու է օրենքը. «Բյուջեով նախատեսված որոշ ծախսեր չենք իրականացնի եւ դա պարտադիր չէ»: Այսինքն, ցանկացած ներդրող, որը հաշվարկել էր իր բիզնեսը ըստ հայտարարված դրամավարկային քաղաքականության եւ ըստ հանրապետության բյուջեի, կընկնի մեծ ռիսկային գոտի, որտեղ ինքը ազդելու լծակ չունի, արդյունքում, իհարկե, կխուսափի ներդրումներից:

Հոդվածի վերջում պարոն Սանդոյանը իր արտաքին կապերի վարչության հետ միասին տարակուսանք են հայտնում իմ հոդվածում բերված թվերի համար (վերջին հինգ տարում 1 միլիարդ դոլլարի արտահոսք արտասահման եւ այլն):

Ես կբերեմ մի շարք թվեր Սանդոյանի հայտարարություններից, եւ ընթերցողը ինքը կորոշի, թե ով է նպատակ դրել մոլորեցնելու հասարակությանը:

Ըստ Սանդոյանի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հասնի 1990թ մակարդակին, մեզ անհրաժեշտ է 40 միլիարդ դոլար եւ անմիջապես էլ զուտ թվաբանական գործողություն կատարել բյուջեի մեծության հետ, հայտարարում է, որ մեզ անհրաժեշտ է 500-600 տարի: Իհարկե, եթե մեր տնտեսագետների եւ ֆինանսիստների մակարդակը այնքան ցածր է, որ ըստ Սանդոյանի, գործարար ծրագրեր գրել չկարողանալու պատճառով է, որ հարյուր միլիոն դոլար չի ներդրվում տնտեսության մեջ, ապա նրանք կարող է ընդունեն այս աբսուրդ գնահատականը:

Իսկ իրականությունը այն է, որ կառավարությունը կանխամտածված թերագնահատում էր ստվերային տնտեսության չափերը, ներքին ռեսուրսների մեծությունը, իրական տնտեսական վիճակը սեւ երանգներով ներկայացնելով, ցանկանում է իրենց աշխատանքի արդյունքին վերագրել հանրապետությունում տիրող ֆինանսական եւ տնտեսական փխրուն կայունությունը: Իսկ ստվերային տնտեսության մեջ եղած դրամական միջոցների ոչ ճիշտ գնահատման պատճառով կենտրոնական բանկի եւ ֆինանսների նախարարության ոչ մի գործնական հաշվեկշիռ, ծրագիր կամ հաշվետվություն ճիշտ չի կարող լինել, հենց այդ պատճառով մարդկանց մոտ զարմանք առաջացրեց Հայաստանի տնտեսության եւ կենսամակարդակի աճի մասին նախկին կառավարության վերջին հայտարարությունը:

Չեմ կարող չհարցնել, իսկ ու՞ր մնաց գոնե մասնագիտական պարկեշտությունը:

ՄՈՒՇԵՂ ՇԱՀԻՆՅԱՆ

1994-96 թթ.

ՀՀ ԿԲ վարչության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930