«Առավոտ»-ի հունիսի 10-ի համարում տպագրված «Նման լուրերն անհնար է ճշտել» լուրը տեղեկացնում էր, որ «դեռ նախընտրական շրջանում դանակահարվել, ծեծի ենթարկվել եւ այժմ հիվանդանոցում է Սեւանի «Հացամթերքների արտադրական միավորում» ԲԲԸ խորհրդի նախագահի տեղակալ Ռաֆիկ Սմբատյանի տղան։ Ասում են, թե այս միջադեպի հետ առնչություն ուներ թիվ 44 ընտրատարածքում պատգամավոր դարձած Սեւանի ձկնաբուծական գործարանի նախագահ Ալեքսան Պողոսյանը՝ Լոբի Ալիկ մականունով»։
Երեկ խմբագրություն էր այցելել նույն 44 ընտրատարածքի «Միասնություն» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Խաժակ Մուրադյանը, որը բառացիորեն հայտնեց հետեւյալը. «Նման լուրերն անհիմն են։ Ճիշտ է, Սեւանում կատարվել է դանակահարության դեպք, սակայն դա կատարվել է ընտրություններից հետո՝ հունիսի 3-ին։ Դա ոչ մի կապ չունի ընտրությունների հետ։ Կխնդրեինք, որ մեկ անգամ եւս հրապարակվեր, որ Ալեքսան Պողոսյանի մականունը Լոբի չէ, իր մականունը հենց Ալիկ է։ Կարող եք ստուգել, որ ընտրությունները անցել են արդար, մաքուր եւ նման միջադեպ մինչեւ ընտրությունները տեղի չի ունեցել»։
ԹԱՔՈՒՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
Կարդացեք նաև
Ըստ հավաստի աղբյուրների, վարչապետ Վազգեն Սարգսյանը խոստովանել է իր մտերիմներից մեկին, որ խիստ սիրահարված է երիտասարդ մի լրագրողուհու։ Բնականաբար այս լուրը հասել է նաեւ լրագրողական շրջան ու հիմա այդ շրջանի գեղեցիկ կեսը մերժում է ամուսնության բոլոր առաջարկները, թաքուն հույս փայփայելով Հայաստանի թիվ առաջին փեսացուի ընտրյալը դառնալ։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը խոստացել է հայ ժողովրդին 1999-ին անպայման ամուսնանալ եւ ժողովուրդը սկսել է անհանգստանալ, քանի որ տարվա կեսն արդեն անցել է։ Եթե վարչապետը չկատարի իր այս խոստումը, ուրեմն կասկածի տակ են դրվում նաեւ մյուս խոստումները, որոնց իրականանալուց է կախված հայ կյանքի բարելավումը։
Սեփ. լր.