Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ երաժիշտ, Հայաստանին նվիրյալ եւ վերջապես՝ հայի փեսա

Հունիս 15,1999 00:00
Vladimir Spivakov

Երկրաշարժի օրերին, հայ մշակույթի կյանքում աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովի նվիրաբերումները գնահատելով, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեծ երաժշտին շնորհեց Հայաստանի հանրապետության գերագույն պարգեւը՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը։

Նույն օրը, երեկոյան, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի եւ Վլադիմիր Սպիվակովի մենակատարմամբ համերգ։ Հնչեցին Անտոնին Դվորժակի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սերենադները եւ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» կոնցերտաշարը։

«Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի հետ Վ. Սպիվակովի վերջին համերգն էր, քանի որ Վ. Սպիվակովը այսուհետ ղեկավարելու է Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։

Վ. Սպիվակովին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրելը մեզ համար ոչ միայն մշակութային, այլեւ հասարակական, նույնիսկ՝ քաղաքական նշանակություն ուներ։ Մինչ լրագրողները զբաղված էին Վ. Սպիվակովի՝ շքանշան ստանալուց հետո տպավորություններն ու տրամադրությունները գրի առնելով, մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որ ներկա էր պարգեւատրման արարողությանը, կիսվեց իր լավատեսությամբ.

– Տվյալ պահին ես ուրախանում եմ, որ այդպիսի մեծը Հայաստանին հարազատ է եւ Հայաստանին մոտ է. դա շատ կարեւոր է։ Էլի ունենք մեծեր դրսում, որոնք ե՛ւ մեծ են, ե՛ւ Հայաստանին հարազատ են։ Օրինակ՝ հրաշալի դիրիժոր Վալերի Գեորգիեւը, որին իր ժամանակ այստեղից վռնդեցին։ Բայց նա այնքան մեծ գտնվեց, որ ամեն տեղ ասում էր, թե նա չորս տարի եղել է Հայաստանի պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։ Ինչ վերաբերում է հայերիս, այս րոպեին մի կուտակում է տեղի ունեցել, որն արտահայտվում է միջազգային զանազան մրցույթներին, փառատոներին մեր երիտասարդների շատ արժանավոր ելույթները։ Եվ դա մեր վաղն է։ Չմոռանանք, որ այսօր Սպիվակովը ստացավ «Մեսրոպ Մաշտոց» պարգեւը, բայց աշխարհում մենք ունենք հայրենակից, որը շատ բարձր մեծություն է՝ Շառլ Ազնավուրը։ Բայց ես սա մխիթարելու համար չեմ ասում, այլ օրինակ եմ բերում։ Այնպես որ, խնդրում եմ չընկճվեք, ոչ թե ուզում եմ ցույց տալ, որ լավատես եմ, այլ ռեալ այդպես է այսօր։ Ունենք էլի համաշխարհային մասշտաբով անուններ, ինչպես, օրինակ, ժամանակակից կոմպոզիտոր, աշխարհում շատ հայտնի Ալան Հովհաննեսը, որ Ամերիկայում է ապրում։ Ուրիշ անուններ էլ ունենք, որ գուցե այնպիսի հասարակական հնչեղություն չունեն, որովհետեւ Սպիվակովը հասարակական եւ ինչ-որ տեղ՝ քաղաքական երեւույթ է մեր ճակատագրում։

Եվ, պարգեւատրման արարողությունից հետո, ՀՀ նախագահի նստավայրի շենքից դուրս, Է. Միրզոյանը իրեն բնորոշ հումորով կատակեց. «Սպիվակովին առանձնահատուկ մեծարելը ճիշտ է, հայի փեսա է վերջապես…»։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930