Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆ ԵՎ ՎԱՐԴԵՎԱՆ ՖԱԲՐԻՑԻՈՒՍԻՉ

Հունիս 15,1999 00:00
Napoleon Azizyan

Շարունակելով ներկայացնել ԱԺ նորընտիր պատգամավորներին, այսօր զրույցի ենք հրավիրել Նապոլեոն Ազիզյանին եւ Վարդեւան Գրիգորյանին։

Ծանոթությունը սկսենք պարոն Ազիզյանից, հնարավորություն տալով, որ ինքն իրեն ներկայացնի.

– Ես շատ տեղերում եմ աշխատել։ Մասնագիտությամբ ապրանքագետ եմ։ Աշխատել եմ պիտակ-փաթեթների կոմբինատում՝ որպես տնօրեն, Բջնիի հանքային ջրերի գործարանում՝ որպես տնօրեն, Երեւանի հագուստ-կոշիկառում՝ որպես տնօրեն, «Հայկոոպի» միջշրջանային ունիվերսալ բազայում՝ որպես տնօրեն, բայց «Առավոտ» թերթը, չգիտեմ ինչու, ինձ լավ տղերքի շարքին է դասում։ Նախ ուզում եմ իմանալ, թե դա, կամ թաղային հեղինակություն ասածն ի՞նչ է նշանակում։ Եվ երկրորդ՝ եթե իմ անունն էլ է շոշափվում իբրեւ թաղային հեղինակություն, ապա ասեմ՝ ես աշխատում եմ 18 տարեկանից։ Էդ ինչ մոդայիկ տերմին է՝ թաղային հեղինակություն…

Այստեղ փակագծերը բացելով ասենք, որ, իրոք, «Առավոտ» թերթն անդրադարձել էր Նապոլեոն Ազիզյանի անձին, օգտագործելով նրա անվան ընդամենը մի մասը։ Բայց մեր հարցը պատգամավորին, միանգամայն տարբեր էր։

– Ձեր անունը Նապոլեոն է՝ ձեր վրա կայսերական շուք չեք զգում։

– Ոչ մի դեպքում, անունը մարդու էության հետ կապ չունի ընդհանրապես։

– Պարոն Ազիզյան, դուք բնակվում եք Կիլիկիայում, ի՞նչ է, այդ թաղամասում էլ հեղինակություն չեք վայելո՞ւմ։

– Իմ հեղինակությունն այդքան կարճ սահմաններ չունի, այն տարածվում է ոչ թե միայն մեր թաղում, կամ՝ քաղաքում, այլ ավելի ընդարձակ տարածքների վրա։ Երեւի փոքրիկ մտահորիզոնների մարդիկ են ինձ թաղային հեղինակություն համարել։

Այստեղ տեղին է նշել, որ պարոն Ազիզյանը հաղթել է Շենգավիթի տարածքն ընդգրկող թիվ 22 ընտրատարածքում, մրցակցելով Կարեն Դեմիրճյանի գործարանի արհկոմի նախագահի հետ, որին պաշտպանում էր «Միասնություն» դաշինքը։

– Պարոն Ազիզյան, հաղթելու համար դուք ի՞նչ արեցիք, որ ձեր մրցակիցը չարեց։

– Համենայն դեպս, ընտրակաշառք իմ կողմից չի եղել։ Նման բան չի եղել։

– Ես դա չէի ասում։

– Չէ, մոտավորապես դա էիք ասում։ Բայց ամենակարեւորն այն է, որ պատգամավորը նախընտրական փուլում մոտից շփվել է ժողովրդի հետ ու խոստացել նրա ձայնը բերել խորհրդարան. «Ոչ ոք ինձ չի կարող կաշառել, վախեցնել, որ ինչ-որ մեկի ասելով ես ինչ-որ բան անեմ»։

– Իսկ եթե Ձեզ Վազգեն Սարգսյանն ինչ-որ բան ասի՝ չե՞ք անի։

– Ոչ մեկը։ Իզուր մի փորձեք։

– Բա որ Սերժ Սարգսյանն ասի՞։

– Չէ, բայց ի՞նչ պիտի ասի։

Ժողովրդի ձայնը խորհրդարան բերելու իր մտադրության մասին պարոն Ազիզյանն ասաց, թե շատ է մտահոգված հասարակության բեւեռացվածությամբ, երբ 5 տոկոսը հարուստ է, իսկ մնացյալն աղքատ։ Պետք է միջին խավ ձեւավորվի, աշխատատեղեր ստեղծվեն, մարդիկ աշխատանք ունենան։

– Իսկ դուք, պարոն Ազիզյան, հարուստ մա՞րդ եք։

– Աղքատ չեմ։

– Իսկ ինչպե՞ս պիտի ձեր ասած միջին խավը ձեւավորվի։

– Միայն աշխատատեղերի ստեղծմամբ։

– Անձնական բիզնես ունե՞ք։

– Այո, ունեցել եմ։ Իսկ հիմա թողել եմ, որովհետեւ իրավունք չունեմ։ Դրանով, հավանաբար, իմ բարեկամը կզբաղվի, հո փողոց չե՞նք գցելու մեր ունեցածը։

– Իսկ ո՞ր ոլորտում է ձեր բիզնեսը։

– Ալրաղաց ունենք Կոտայքի մարզի Արա գյուղում, որի տնօրենն էի մինչեւ ընտրարշավը։

Տնտեսական քաղաքականության մասին էլ պարոն Ազիզյանի պատկերացումներն այսպիսին են. «Գործարանները, որոնք սեփականաշնորհվել են, բայց չեն աշխատում, իմ կարծիքով, անպայմանորեն պիտի ազգայնացվեն։ Կարող է մարդիկ մտածեն՝ ես ուզում եմ հետ վերադառնանք, բայց այդպես չէ։ Պետությունը պիտի հովանավոր լինի, որ գործարաններն աշխատեն, իսկ եթե չեն աշխատելու, անպայմանորեն պիտի ազգայնացվեն»։

– Պարոն Ազիզյան, ձեր եղբայրը՝ Գեւորգ Ազիզյանը եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր եւ ամենեւին էլ տպավորիչ գործունեություն չի ծավալել խորհրդարանում, դուք եւս նրա նման ե՞ք գործելու։

– Ես ԱԺ-ում աշխատելու եմ իմ նման, ես ոչ մեկի նման էլ չեմ փորձելու աշխատել։ Իսկ թե ինչպիսին կլինի իմ գործունեությունը, առիթ կլինի՝ կտեսնեք։

Այս տպավորիչ պատասխանով էլ ավարտենք Նապոլեոն Ազիզյանի հետ ծանոթությունը, եւ անցնենք ոչ պակաս տպավորիչ անուն-հայրանուն ունեցող պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ ծանոթությանը։

Vardevan Grigoryan

– Ինչո՞ւ է ձեր անունը Վարդեւան։

– Ծնվել եմ Վարդեւառի օրը եւ դրա համար ինձ Վարդեւան են կոչել։ Հուլիսի 12-ին։ Այդ օրը փոփոխական է, բայց այդ տարի համընկել է ծննդյանս օրվան։

– Իսկ որտեղի՞ց ձեզ Ֆաբրիցիուս հայրանունը։

– Հայրիկիս անունը կապված է Մերձբալթյան տարածաշրջանում հայտնի զորավար Ֆաբրիցիուսի հետ։ Պապիս եղբայրը ծառայել է նրա բանակում եւ ի պատիվ իր զորավարի, հայրիկիս անվանել Ֆաբրիցիուս։

Ի դեպ, նշենք, որ 90-95 թվականներին պարոն Գրիգորյանը եղել է ԱԺ պատգամավոր, իսկ դրանից առաջ եւ հետո՝ Շիրակի մարզում սպորտի բաժնի վարիչ։ Պարոն Գրիգորյանի կարծիքով, սա միակ բնագավառն է, որ աշխարհի տարբեր մրցասպարեզներում բարձր է պահում Գյումրիի եւ հայկական սպորտի պատիվը։ Փաստարկը՝ խնդրեմ՝ «Անունները շատ են՝ Աղասի Մանուկյան, Լեւոն Ջուլֆալակյան, Իսրայել Միլիտոնյան, Խաչատուր Քյափանակցյան, եւ տասնյակներ։

– Բայց, պարոն Գրիգորյան, իբրեւ ԳԽ պատգամավոր, չեմ հիշում որ ակտիվ գործունեություն ծավալեիք։

– Համաձայն չեմ։ Ակտիվությունը միայն խոսափողի մոտ չէ։ Ակտիվությունը գործունեության բնորոշիչ է, իսկ իմ գործունեության մասին շատ լավ գիտեն գյումրեցիները։

Այն էլ ասենք, որ Վարդեւան Գրիգորյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ, «Առաքելություն» լենինականյան կուսակցության խորհրդի անդամ եւ այդ կուսակցության միակ ներկայացուցիչն ԱԺ-ում։ Շուտով, ըստ երեւույթին, պատգամավորը կանդամագրվի «Կայունություն» խմբին եւ հակված է առավելապես պաշտպանել «Միասնություն» խմբակցության դիրքորոշումները։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930