Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ տվեց առաջին ապտակը

Հունիս 15,1999 00:00
Shant Harutyunyan

Շանթ Հարությունյանի գործի մասին մի հրապարակումից հետո Երեւանի դատախազ Արամ Թամազյանը առաջարկեց ծանոթանալ նախաքննության նյութերին, ինչը, այլ դատախազներ, այլ դեպքերում լրագրողներին կտրուկ արգելում են։ Նախքան այդ նյութերին անցնելը, ասենք, որ գործը կիսված է երկու մասի։

Առաջին մասում ներկայացված է զինվորական դատախազության քննիչ Գրիգոր Էլիզբարյանի, նրա եղբոր եւ Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի վիճաբանություն-ծեծկռտուքը եւ դրան հետեւած Շանթ Հարությունյանի պատասխանը։ Երկրորդ գործում, որը վարում է այլ քննիչ, ներկայացված է Շանթ Հարությունյանի եւ նրա շրջապատի վրա կատարված հարձակումը։

Դատախազությունում մեզ ներկայացրին միայն առաջին քրեական գործը, փորձելով ապացուցել, որ այս ամբողջ պատմությունը հրահրել է «Շանթ Հարությունյանը, նրան ոչ թե ծեծել են, այլ ընդամենը ապտակել, որից հետո նա իր 15 տղաներով գազանաբար ծեծի է ենթարկել Գրիգոր եւ Լեւոն Էլիզբարյաններին»։

Շանթ Հարությունյանի շտաբի պետ Մաթեւոս Մաթեւոսյանը իր ցուցմունքում պատմում է, թե ինչպես են իրենք Շանթի հետ գնացել Էլիզբարյանների տան մոտ, մարդ են ուղարկել եղբայրներին կանչելու, ապա, ինքը, Շանթը, Լեւոնը եւ Գրիգորը շարժվել են 3-րդ մասիվի ուղղությամբ։ Այստեղ էլ Շանթ Հարությունյանն իրեն հետեւող տղաներին պատվիրել է ծեծի ենթարկել Էլիզբարյաններին, մահակներով ջարդել նրանց մեքենան։ Ինքը՝ որպես Շանթի մտերիմ եւ Էլիզբարյանների հարեւան, փորձել է կանխել, սակայն մահակի մի երկու հարված էլ իրեն է հասել։ Նույնը շատ ավելի վառ գույներով ներկայացրել է Գրիգոր Էլիզբարյանը, պատմելով, թե ինչպես էին հարվածում իր գլխին, ոտքերին եւ կողերին։ Միայն պատահական անցորդների միջամտությունից հետո է Շանթ Հարությունյանը հրամայել դադարեցնել ծեծը, որից հետո ինքը գնացել է զինվորական հոսպիտալ։ Գրիգոր Էլիզբարյանի ցուցմունքից կարելի՞ է իմանալ, որ այս ամբողջը Շանթ Հարությունյանը սարքել է միայն վիճաբանության ժամանակ տված ապտակի համար, երբ նա Շանթ Հարությունյանին ասել է. «Թեկնածու ես, գնա քո գործով զբաղվիր, ի՞նչ ես այստեղ կռիվ սարքում»։

Հասկանալի է, որ Շանթ Հարությունյանը դրսեւորել է տաքարյունություն եւ փոխանակ առաջին միջադեպի մասին ոստիկանությանը հայտնելու եւ ընտրությունների օրն ավելորդ տհաճություններից խուսափելու, կազմակերպել է Գրիգոր եւ Լեւոն եղբայրների նկատմամբ անմարդկային հաշվեհարդար։ Սակայն հետաքրքիր է, որ Գրիգորի ցուցմունքն ավարտվում է հոսպիտալ գնալով։ Այդ դեպքում անհասկանալի է, թե ով է կազմակերպել Շանթ Հարությունյանի երկրորդ ծեծը։ Գործով զբաղվող դատախազության քննիչներից մեկը, հենց այնպես, խոսքի մեջ չբացառեց, որ դա կարող էր այլ պատմության հետ կապված լինել։ Այժմ հասկացանք, թե ինչու է գործը կիսվել։ Առաջին գործով կան հստակ հայտնի տուժողներ եւ հայտնի մեղավորներ, իսկ ըստ քաղաքի դատախազ Թամազյանի, հարձակվողները դեռեւս հայտնի չեն։ Հասկանալի է, որ հարձակվողները լավ էլ հայտնի են, քանի որ հայտնի է, թե ինչ մեքենաներով են եղել նրանք, հայտնի են դրանց համարանիշները։ Պարզ է, որ այս գործը, մյուս բոլորի նման, սառեցվելու է։ Պրն Թամազյանը Շանթ Հարությունյանի համար հույս հայտնեց, որ նա կներկայանա դատախազություն, ներողություն կխնդրի կատարվածի համար եւ իրենք կփորձեն որոշակի լուծում գտնել։ Շանթ Հարությունյանին ծեծողների ինքնությունը դատախազությունը այդպես էլ չի բացահայտի, նրանք այնքան լուրջ են, որ արժանի չեն պատժվելու կամ ներողություն խնդրելու։ Բայց սա արդեն միայն դատախազության խնդիրը չէ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930