Ասում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը
Խորհրդարանը ձեւավորեց իր մշտական հանձնաժողովները եւ չնեղացնելով կոմունիստներին «ամենակոմունիստական» հանձնաժողովի նախագահի պորտֆելը հանձնեց կոմկուսի խմբակցության անդամ Գագիկ Թադեւոսյանին։
Կոմունիստական կուսակցությունն այն ուժն է, որը համակարգի փոփոխության թիվ մեկ ջատագովներից մեկն է, եւ բազմիցս շեշտվել է, թե քանի դեռ համակարգը լուրջ վերաձեւումների չի ենթարկվել, կոմկուսն իշխանական վերեւներում ոչ մի պաշտոնի չի համաձայնվի։ Թեպետ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնը օրինաստեղծ կառույցի մաս է եւ գործադիրի հետ հեռավոր աղերսներ ունի, այնուամենայնիվ, կոմունիստները վերցրին այն, ինչ իրենց տրվեց։ Մոտ օրերս կկազմավորվի նոր կառավարությունը եւ առայժմ չի բացառվում, որ նաեւ գործադիր մարմնում կոմկուսին որեւէ բան կառաջարկվի։
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը «Առավոտին» տված հարցազրույցում քննում է վերոհիշյալ եւ մի շարք այլ հարցեր. «Եթե մեր ծրագիրը վերցնենք, այնտեղ հատուկ գրված է. շատ հավանական է, որ եթե ԱԺ մեծամասնություն կազմեն ձախ եւ ձախ կենտրոնամետ ուժերը, այս դեպքում ՀԿԿ-ն միգուցե համաձայնվի մասնակցել ժողովրդի վստահությունը վայելող կառավարության կազմավորմանը։ Միայն եթե այն ոլորտները, որոնց համար պատասխանատվությունը կստանձնի կոմկուսը, երաշխավորվի, որ կառավարական ծրագրերի շրջանակներում մենք կարողանանք մեր ուզածն անել»։
Կարդացեք նաև
– Ստանձնելով ԱԺ-ի սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, կոմկուսն ուզում է ասել, որ սա հենց ձեր ասած պա՞հն է։
– Դրանք տարբեր բաներ են։ Խորհրդարանը օրենսդիր է, որտեղ կարող են եւ պետք է համագործակցեն դիամետրալ ուժեր։ Այնտեղ կարելի է բանակցել։ Իսկ կառավարությունը պետք է հրամաններ կատարի։ Մենք վերցրել ենք մեր տեսակետից ամենապատասխանատու հանձնաժողովը։ Բայց հանձնաժողովի նախագահը միայն առաջինն է հավասարների մեջ, ինչպես նաեւ ԱԺ նախագահը առաջինն է հավասարների մեջ։ Նա միայն կազմակերպողն է։ Իհարկե, Գագիկ Թադեւոսյանն ավելի ակտիվ կաշխատի, քանի որ կոմունիստ է։ 16 հոգիանոց հանձնաժողովում մենք 2 ձայն ունենք։ (…) Մենք ցույց կտանք, որ ՀԿԿ-ն հենց այնպես դատարկ չի խոսել, կաշխատենք օրենսդրական դաշտը ինչ-որ կերպ սոցիալական հարցերի ուղղությամբ նորմալացնել։ Այստեղ, իհարկե, քաղաքականությունն իրականացնում է խորհրդարանը, քո պատասխանատվությունը շատ չնչին է։
– Սակայն, եթե հիշում եք սոցիալական որեւէ օրենքի քննարկման ժամանակ, ասենք հենց «Վետերանների մասին» օրենքի, ԱԺ-ի դարպասների մոտ ի՞նչ էր կատարվում։ Նույն Պերճ Բոշնաղյանը ժողովրդի միջից էր խոսում եւ ժողովրդի ասածն էր հասցնում ԱԺ։ Հիմա, վախ չունե՞ք, որ կոմունիստները կհայտնվեն նախորդ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահի եւ անդամների դերում։ Այսինքն ժողովուրդը նրանց եւս կսկսի հայհոյել։
– Չէ, մենք թույլ չենք տա, որ կոմունիստ նախագահը փորձի անցկացնել անընդունելի օրենքներ։ Դրա համար կա հատուկ մեխանիզմ՝ նա կարող է դեմ քվեարկել, հրաժարվել օրենքը քննարկելուց։ Եվ հետո այն նախորդ բոլոր կառավարությունները ձեւավորվել են նույն սկզբունքով՝ 3 տոկոս հարուստ, 97 տոկոս աղքատ։ (…) Դասակարգային, գաղափարական հակակրանքը կար։ Ես հիմքեր ունեմ ասելու, խոսել եմ այսօրվա որոշ առաջին դեմքերի հետ, որ նրանք այս նախընտրական ընթացքում (չեմ ուզում անունները տալ, բայց առաջին դեմքերի մասին է խոսքը), նոր են հասկացել, թե ինչ սոսկալի վիճակում է մեր ժողովուրդը։ Դրա համար չեմ կարծում, որ այս կառավարությունը կնմանվի նախորդներին։ Իհարկե, այս կառավարության հնարավորություններն ավելի սուղ են, քան Արմեն Դարբինյանինը։ (…) Առավել եւս այսօր ավելի բացահայտ, քան նախկինում ֆինսոնները նախարար են նշանակում։
(…) – Ընկեր Բադալյան, իմ կարծիքով, դուք նոր ձեւավորվող կառավարության հետ ինչ-որ հույսեր եք կապում եւ ինչ-որ դրական նոտա եմ զգում ձեր կարծիքում։ Կուսակցությանն, անշուշտ, որեւէ աթոռ են առաջարկել։
– Չէ, ես դեռ պետք է սպասեմ, ես կառավարության կազմը դեռ չեմ տեսել, գիտեմ միայն վարչապետին։ Գիտեք, աթոռ չեն առաջարկել. ոչ մի կոնկրետ խոսակցություն չի եղել, ընդհանրապես եթերում խոսակցություններ եղել են։ Ինձ թվում է, ով որ պետք է առաջարկի, շատ լավ հասկանում է, որ ի սկզբանե, առայժմ, այն, որ առաջարկեց ՀՀ նախագահը, մեզ համար 100 տոկոսով անընդունելի է։ Գիտեն, որ մենք շատ լուրջ կուսակցություն ենք, իրենք էլ երեւի իրենց լուրջ մարդու տեղ են դնում, դրա համար հազիվ թե այս պարագայում մեզ հենց այնպես աթոռ առաջարկեն։ Գործնական, լուրջ խոսակցություն դեռ չի եղել։ Ինձ թվում է, առայժմ, որպեսզի միստր ֆինսոններին շատ չբարկացնեն (ես հիմքեր ունեմ դա ասելու), կփորձեն այսպես շարունակել։ Կտեսնեն, որ բան չի ստացվում, վիճակն ավելի է վատանալու, մենք դեռ պետք է սպասենք, մեր ժամը գալու է։ (…) Եթե պետք լինի մենք կզգանք, որ մեր աջակցությունը պետք է, որ դա համընկնում է մեր տեսակետներին, մենք ամեն ինչ դեն կդնենք եւ կօգնենք։ Չենք սպասի, որ մեզ հրավիրեն։
Հարցազրույցը` ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ