Լրահոս
Օրվա լրահոսը

Փող սիրե, ԱԺ սիրե, պաշտոն սիրե

Հունիս 15,1999 00:00
KYH

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 21 կուսակցություններն ու դաշինքները՝ ի թիվս ազգի առաջ ունեցած պարտավորությունների, մինչեւ ամսվա վերջ մի այլ՝ ոչ պակաս կարեւոր գործ էլ ունեն. մինչեւ ամսվա վերջ պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը։

Ցայսօր կուսակցություններից եւ ոչ մեկը իր այդ պարտականությունը վաղաժամկետ կատարելու բուռն ցանկություն չի դրսեւորել։ Միայն «Միասնություն» դաշինքը, ՀՅԴ-ն եւ Կոմկուսն են ԿԸՀ-ի հետ նախնական քննության առել հարցը։ ԿԸՀ-ին առընթեր վերահսկիչ եւ վերստուգիչ ծառայության ղեկավար Արա Հարությունյանից ճշտեցինք, որ թեեւ կուսակցությունները հայտարարագրերը դեռ չեն ներկայացրել, սակայն ծառայությունը Կենտրոնական բանկից արդեն որոշ թվեր ստացել է։

Ստորեւ կներկայացնենք 5% արգելանքը հաղթահարած կուսակցությունների ծախսած նախընտրական գումարները։ Այս առումով, ըստ ԿԲ-ի տվյալների, ամենահարուստն ու ժուժկալը եղել է «Օրինաց երկիրը». այս կուսակցության նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 2 մլն 559 հազար դրամ, որից ելքագրվել է 1 մլն 654 հազարը։ Կոմկուսի հաշվին մուտքագրվել էր 5 մլն 11 հազար դրամ։ Կուսակցությունն առոք-փառոք ծախսել է 5 մլն 10 հազարը։ Այսպիսով՝ խնայվել է 1000 դրամ։

ԱԺՄ-ն «նախընտրական շռայլության» առումով նախընտրել է ոսկե միջինը. նրա նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 9 մլն 34 հազար 700 դրամ, որից ելքագրվել է միայն 9 միլիոնը։ Արտաշես Գեղամյանի պարբերական դիմումները առ Բարձրյալը տվել են իրենց հաճելի պտուղները. «Իրավունք եւ միաբանության» դաշինքի հաշվին Աստծո օգնությամբ հայտնվել է 12 մլն 247 հազար դրամ, որը եւ ամբողջությամբ ծախսվել է։

Նախընտրական պայքարում իր առատաձեռնությամբ (եւ հարստությամբ) պատվավոր առաջին հորիզոնականում «Միասնություն» դաշինքն է. մորթված ոչխարների թիվը եւ դրանով իսկ մեր անասնապահությանը հասցված անդառնալի կորուստը չհաշված՝ այս դաշինքը ծախսել է 36 մլն 807 հազար՝ բանկում դեռեւս տնտեսելով 120 հազար դրամ։

Որպես ավանդական կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պակաս համեստ եւ նույնչափ էլ զուսպ է գտնվել. ՀՅԴ-ն իր նախընտրական կարիքների համար ծախսած գումարներով զիջում է միայն «Միասնությանը»։ Այլ բան է, որ այդ փողն իր դերն ունեցավ եւ կուսակցությունը մտավ խորհրդարան։ Իսկ սա եղավ այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն ծախսեց 28 մլն 370 հազար դրամ՝ ԿԲ-ում մուտքագրված 28 մլն 390 հազարից։

Մեկ-երկու օրից ԿԸՀ-ին առընթեր վերահսկիչ եւ վերստուգիչ ծառայությունից կստանանք առավել մանրամասն տվյալներ նաեւ այլ կուսակցությունների վերաբերյալ։ Իսկ ԱԺ-ում վերոնշյալ 5 կուսակցությունների ու դաշինքների զբաղեցրած պաշտոններն ու գլխավորած հանձնաժողովներն իրենց նշանակությամբ, ինչպես տեսնում եք, էկվիվալենտ են նրանց նախընտրական ծախսերին։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930