Երեկ ԱԻՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ նախկին ԱԺ պատգամավոր, նախկին ԱԺ պատգամավորության թեկնածու Պարույր Հայրիկյանի մամուլի ասուլիսը։ Պ. Հայրիկյանը գնահատելով 1999 թ. մայիսի 30-ին տեղի ունեցած ընտրությունները, արձանագրեց, որ «բազմահազար ընտրողներ չեն կարողացել իրականացնել իրենց ընտրելու իրավունքը»։ Կեսօրին, ըստ ԱԻՄ-ի նախագահի, ընտրողների ցուցակներից դուրս մնացածների հերթեր են գոյացել դատարանների առաջ, իսկ ԱԻՄ-ի նախընտրական կենտրոնում չեն լռել ահազանգերը։ «Տեղի էր ունենում քաղաքացիների՝ կամքի ազատ արտահայտությամբ պետության կառավարմանը մասնակցելու սահմանադրական իրավունքի խախտում»։ Իսկ ընտրելու իրավունքից զրկվածների քանակը եղել է այնպիսին, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա։
«Գնահատելով իրավիճակը, ԱԻՄ-ը նախ՝ Արմենպրեսին, ապա մյուս լրատվական ծառայություններին տեղեկացրեց, որ անհնար է այդպիսի քանակությամբ առկա սխալները մեկ օրվա ընթացքում ուղղել օրենքով նախատեսված կարգով»,- ասաց Պ. Հայրիկյանը եւ հիշեցրեց, որ այդ օրը երեկոյան ԿԸՀ-ին է դիմել ԱԻՄ-ը՝ անկախ ընտրական արդյունքներից, այն անվավեր հայտարարել։
Ի՞նչ կարող էին անել ԱԻՄ-ականները. ԱԻՄ-ը կոչ է արել «գրանցվել Սահմանադրական դատարանում վկայություն տալու համար»։ Իրականությանը մոտ է նաեւ արձագանքը արդարադատության «կոչերին»՝ «Հուսալքված կամ հոգնած, արդարադատությանը հավատ չընծայող կամ վախի ազդեցության տակ գտնվող քաղաքացիների հիմնական մասը չկամեցավ կամ չկարողացավ գրանցվել որպես վկա», չնայած, 4 հազար քաղաքացի պատրաստ է վկայություն տալու։
Պ. Հայրիկյանի կարծիքով չկան կամ չեն եղել հաղթողներ եւ պարտվողներ, եղել են «ժամանակավոր շահողներ, որոնց լավագույն դեպքում, ժողովրդի արհամարհանքն է սպասվում»։ Ինքնորոշում միավորումը, ինչպես տեղեկացանք երեկ, ասուլիսի ժամանակ, նամակներ է ուղղելու ՀՀ նախագահին եւ ԱԺ խմբակցություններին, «նորաստեղծ կառավարությանը՝ ընտրական օրենսգրքի» որոշ դրույթներ սահմանադրությանը համապատասխանեցնելու նախաձեռնություն եւ կամք դրսեւորելու կոչով։ ՍԴ-ին դիմելու իրավասությամբ օժտված հաստատություններին դիմելը նա բացատրեց այսպես՝ ՍԴ-ն չի կարող այս խնդրով հայցադիմում ընդունել կուսակցություններից եւ «որպես հիմք ընդունել մամուլում հրապարակված կամ մեր կողմից ներկայացվող վկայությունները»։
Կարդացեք նաև
Առհասարակ, Պ. Հայրիկյանի գնահատմամբ տեղի է ունեցել քաղաքացիների «իրավաքաղաքական ոչնչացում»։ Հիշեցնելով մեզ մեր Սահմանադրությունը, փաստեց, որ այնտեղ չէր ասված, թե Հայաստանը ընտրակաշառքային երկիր էր, այլ ժողովրդավարական։ Նա զգուշացրեց, որ ընտրությունների հաջորդ փուլը լինելու է ներքին եւ արտաքին թշնամիների որոնումը։
Պ. Հայրիկյանը առաջին անգամ (գոնե, որքան մասնակցել եմ նրա ասուլիսներին) օգտվում էր «շպարգալկայից», այն է՝ ԱԻՄ-ի հայտարարության տեքստից։ Վերջինս ուներ նաեւ «ՀԳ» բաժին կամ մաս։ Այդ հետգրության մեջ ասված էր, որ այս ընտրություններում 22 հազար օրինախախտումներ են գրանցվել. «թե այս 22 հազարից որքանն է միտումնավոր քրեական հանցագործություն, դա արդեն դատախազության որոշելիքն է»։ ԱԻՄ-ի նախագահի կարծիքով «իրականում այս թիվը ներկայացվածից առնվազն 7 անգամ ավելի է»։ Մի խոսքով, նեղացածությունը՝ նեղացածություն, ընտրություններից հետո՝ ըստ Հայրիկյանի, իրենք պառլամենտում չլինելով՝ լինելու են ամենապառլամենտականը։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Խորհրդային տարիների այլախոհը ընտրությունների մասին խոսելով՝ մոռացավ անգամ, որ երեկ բռնադատվածների օրն էր։