ԱՄՆ պետքարտուղարության հունիսի 7-ի հայտարարության մեջ Հայաստանի իշխանություններին կոչ է արված հրապարակել ընտրական տեղամասերի արձանագրությունները՝ «արդյունքների թափանցիկության նկատմամբ բնակչության վստահությունը բարձրացնելու նպատակով»։ «Առավոտի» հարցին, թե մտադի՞ր են արդյոք հետեւել այս կոչին, ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանը դրական պատասխանեց. «Արձանագրություններն անպայման կհրապարակվեն բոլոր թերթերում, կլինեն նաեւ «Ինտերնետում»։
ՎԱՏ ԼՈՒՐ
Երեկ Քանաքեռ կայարանից մի ջերմաքարշ, հեղուկ գազի 5 ցիստեռններով, բարձր արագությամբ (նախնական վարկածով՝ չեն գործել արգելակները), մտել է Աղի հանքի տարածք, հարվածել է մեկ այլ ջերմաքարշի եւ մխրճվել Դեպոյի շենքի մեջ։ Շենքը փլուզվել է, զոհվել են դեպոյի աշխատակցուհին եւ ջերմաքարշի աշխատակիցը։ Կան նաեւ վիրավորներ։ Եղել է հեղուկ գազի արտահոսք եւ պայթյունի հնարավոր վտանգ։ Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները եւ փրկարար ջոկատները գործել են արդյունավետ՝ վնասազերծելով վտանգը, հեղուկ գազը դատարկելով ու տեղափոխելով ավտոցիստեռններով։ 20։30-ի տվյալներով, տեղափոխումն ավարտված էր եւ տարվում էր մանրակրկիտ տեղազննություն։