Լրահոս
Օրվա լրահոսը

«Բլեյանի գործը դատական հեռանկար չունի»

Հունիս 12,1999 00:00
Tigran Janoyan

Ասում է Տիգրան Ջանոյանը

Հայտնի փաստաբան Տիգրան Ջանոյանին ճանաչողները երբեք նրան այսքան զայրացած չէին տեսել։ Թեեւ զայրույթը կրկին իրավական ապօրինությունների հետ էր կապված՝ ավելի կոնկրետ Աշոտ Բլեյանի գործի օրեցօր ավելի «խայտառակ» (Ջանոյանի բնորոշումն է) դրսեւորումների հետ։

Մանրամասն ներկայացնելով կալանքի հարցի հետ կապված Վերաքննիչ դատարանի նիստը՝ պրն Ջանոյանը նշեց, որ որոշումը չէր բխում դատաքննության տրամաբանությունից, խորհրդակցական սենյակում դատարանի առաջ ոչ թե մրցակցող կողմերի փաստարկներն էին դրված, այլ բոլորովին այլ բան… Բլեյանի կալանքը ներկայացնելով որպես միանշանակ ապօրինի, պրն Ջանոյանը շեշտեց, որ դատարանը զրկել է Բլեյանին իր իսկ կալանքի հարցի քննարկման ժամանակ ներկա գտնվել դատական նիստին։ Դրանով իսկ խախտվել են ՀՀ Սահմանադրության 39 հոդվածի պահանջները։ Ամենահետաքրքիրն այն է, որ Վերաքննիչ դատարանի հունիսի 7-ի որոշման մեջ դատարանը նույնիսկ չի նշել կիրառված օրենքը, որի հիման վրա կայացվել է որոշումը։

Պրն Ջանոյանը լրագրողներին փոխանցեց Աշոտ Բլեյանի խնդրանքը՝ ապահովել առավելագույն հրապարակային դատավարություն, որը չկայացած դատական համակարգի պայմաններում օրինականություն ապահովելու միակ երաշխիքը կարող է լինել։

Փաստաբանների միության նախագահը ցավով արձանագրեց, որ Հայաստանում չի գործում հասարակական անվտանգության համակարգը։ Իսկ այն բխում է բոլորի շահերից. ե՛ւ ժամանակավոր անվտանգության դիրքերում գտնվողների, որոնք ամեն րոպե կարող են զրկվել տաքուկ տեղից, ե՛ւ մեկուսարաններում անարդարացիորեն գտնվողների, ե՛ւ շարքային քաղաքացու։ Երբ լրագրողները պրն Ջանոյանին հիշեցրին ոչ հեռավոր անցյալում մեծ հնչեղություն ձեռք բերած դատավարությունները, որոնց պաշտպանական աշխատանքները նա էր ղեկավարում, խուսափեց զուգահեռներ անցկացնելուց, բավարարվելով մի դիտարկումով՝ այսօր ամեն ինչ ավելի «վայրագ ձեւեր» է ընդունել։

Բլեյանի փաստաբանական խումբը այսօր էլ է համոզված, որ այս գործում «դատական հեռանկար» չկա։ Իհարկե, նախաքննության մարմինն անցյալում էլ է նման չհիմնավորված մեղադրանքներով դատարան մտել, ուստի պետք է նկատի ունենալ, թե ինչ խնդիր է նրա առաջ դրված։

Անշուշտ ասուլիսում չէր կարող շրջանցվել «Օրագրի» հարցը։ Օրաթերթի հետ կապված իրադարձությունները Տիգրան Ջանոյանը գնահատեց որպես Աշոտ Բլեյանի գործի օրգանական շարունակություն եւ ապացույց, որ վերջինիս գործը քաղաքական է։ Միակ դաշտը, որտեղ Աշոտ Բլեյանը կկարողանա իր օրինական շահերը պաշտպանել եւ իր անմեղությունն ապացուցել՝ «Օրագիրն» էր եւ նրա փակվելով, փաստորեն, փորձ է արվում լռեցնել «այդ խոսափողը»։ Մռայլ տեսարան ներկայացրեց փաստաբանը՝ վերջում չժխտելով, որ հաշվեհարդար իրականացնող ձեռքը կարող է հասնել ինչպես մյուս լրատվամիջոցներին, այնպես էլ իրեն՝ Տիգրան Ջանոյանին։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930