Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 12,1999 00:00
mayr ator

Քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանում սկսվեց Անահիտ Ֆերջուլյանի հայցը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ նիստի նախագահողն էր դատավոր Մ. Դրմեյանը, մասնակցում էին դատավորներ Դ. Խաչատրյանը եւ Ա. Հունանյանը։

Նիստը սկսվեց հավուր պատշաճի։ Դատավորներն իրենց պատմուճանով խիստ ազդեցիկ էին եւ թվաց լուրջ էին տրամադրված։

Նիստն սկսվեց ինչպես որ պետք է սկսվեր։ Հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ եւ առաջարկեց, որ Անահիտ Ֆերջուլյանի ամուսինը՝ Ժորա Սարգսյանը, խոսի որպես վկա։ Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արա Մաթեւոսյանը փորձեց մերժել այդ առաջարկի ընդունումը։ Դատարանը չբավարարեց նրա առաջարկը եւ որոշեց, որ Ժորա Սարգսյանը կարող է խոսել։ Հիշեցնեմ, որ Անահիտ Ֆերջուլյանի հայցը ուղղված էր եկեղեցուն. 1915 թ. Անահիտ Ֆերջուլյանի պապը եղեռնից մազապուրծ իր բազմանդամ ընտանիքի ունեցվածքը ժամանակին ի պահ է տվել հայոց եկեղեցուն։ Այս մասին կան համապատասխան գրավոր փաստաթղթեր։ Անցել են տարիներ, եւ այդ ամբողջ ժամանակահատվածում Ֆերջուլյաններից որեւէ մեկը կարիք չի ունեցել ի պահ տվածն ստանալու։ Այնուհետեւ Վահրամ Ֆերջուլյանը՝ Անահիտ Ֆերջուլյանի հայրը, գրավոր ապացույցները հանձնելով աղջկան եւ փեսային, մահվանից առաջ պատգամել է՝ եկեղեցուն ի պահ տված զարդերը վերցնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Անահիտ Ֆերջուլյանը եւ Ժորա Սարգսյանը երկրորդ կարգի հաշմանդամ են, գործազուրկ, երկրում վերջին տարիներին կատարված սոցիալ-տնտեսական փոփոխություններն իրենց բացասական կնիքը դրեցին նաեւ այս ընտանիքի վրա։ Խիստ կարիքը ստիպեց դիմել եկեղեցուն, խնդրել, որպեսզի վերադարձնի ի պահ տված հարստությունը։ Որպես երաշխիքի եւ հավատի ապացույց, Ֆերջուլյանները պատրաստ էին իրենց ունեցվածքի մեծ մասը նվիրաբերել հայոց եկեղեցուն։ Նախնական շրջանում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ թվում էր, թե հարցը պարզից էլ պարզ է։ Եվ եկեղեցին էր իր բարձրության վրա եւ նրա հավատավոր ժողովուրդն էր երջանիկ իր հավատով։ Սակայն, ցավոք, եկեղեցին միայն հոգեւորի եւ Աստծո տաճար չէ։ Այստեղ աշխատողները սովորական մահկանացուներ են եւ սովորական հայեր։ Մարդկային ինչ-ինչ շարժառիթներով սկզբում ձեռք բերված փոխշահավետ համաձայնությունը չի կայանում։ Գործը հասնում է դիվանբաշուն։ Արդյունքում՝ մոտ մեկուկես տարվա դատական նիստներն ու դրանց լուսաբանումը։

Մայիսի 12-ին Շենգավիթի դատարանը մերժեց Ֆերջուլյանների հայցն ընդդեմ եկեղեցու։ Երեկ Վերաքննիչ դատարանը Ֆերջուլյանների դիմումով կրկին լսեց հայցը։

Նիստի սկզբում դատավոր Դրմեյանը հարցրեց հայցվոր կողմին՝ արդյո՞ք հաշտության որեւէ ճանապարհ չկա։ Հայցվոր կողմը՝ Անահիտ Ֆերջուլյանն ասաց, որ ինքը միշտ էլ հաշտության կողմնակից է եղել, դեռ 1,5 ամիս առաջ իրենց դիմել էին հաշտ եղանակով հարցը լուծելու առաջարկով, սակայն եկեղեցին իր բանավոր խոստումը չկատարելուց հետո, միշտ դեմ է եղել հաշտության։ Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արա Մաթեւոսյանն էլ չթաքցրեց դատարանից, որ ինքը լիազորված չէ հաշտության պայմանագիր կնքել։ Դրանով հաշտության հարցը փակվեց։

Այնուհետեւ Վերաքննիչ դատարանը աշխատեց սովորական աշխատանքային ռիթմով։ Եթե հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը օրենքի յուրաքանչյուր կետը մեջբերելով ապացուցում էր իր փաստարկների ճշմարտացիությունը, ապա պատասխանող կողմի փաստաբան Արա Մաթեւոսյանը գրեթե ոչ մի հարցի սպառիչ պատասխան չէր տալիս։ Քանի որ դատական բոլոր նիստերին մասնակցել ենք, ուստի կարող ենք արձանագրել, որ պարոն Մաթեւոսյանը ոչ թե հարցերի պատասխանները չգիտի, այլ դա արվում է միտումնավոր։ Դա նրա աշխատանքի ձեւն է։

Նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930