Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՏ ԼՈՒՐ-ԴԱ-ԼՈՒՐ

Հունիս 12,1999 00:00
toto

Երեկ «Պեռնո Ռիկարի» ղեկավարությունը հավաքել էր լրագրողներին վատ լուր հաղորդելու։ Ամեն ինչ սկսվեց ճիշտ ու ճիշտ «Ռեւիզորի» նման. «Եկել ենք ձեզ հայտնելու տհաճագույնս լուրը»։

Վատ լուրը հաղորդեցին ներկայացուցչական կազմով՝ Պիեռ Լառեչը (նախագահ), Ժան-Ֆրանսուա Ռուկոն (գործադիր տնօրեն), Իշխան Մանուկյանը (արտադրության տնօրեն), Արա Հովհաննիսյանը (գիտխորհրդատու)։ Նման լուրի հաղորդումն առանց Հրանտ Բագրատյանի (փոխտնօրեն), բնականաբար, թերի կլիներ։ Այսինքն՝ կիսատ-պռատ։

Նախ «Պեռնո Ռիկարի» երեւանյան բրենդիի գործարանի նախագահ Լառեչը ներկայացրեց իրենց գործունեության արդյունքները եւ ծրագրերը։ Եվ այսպես՝ բրենդիի (նախկին հայկական կոնյակի) վաճառքը կրճատվել է արտերկրում 55%-ով, Հայաստանում՝ 31%-ով։ Անցած տարի, 97-ի հետ համեմատած, ուղիղ կիսով չափ պակաս է բրենդի վաճառվել։ Հարգելով Քրեական օրենսգիրքը, անմեղության կանխավարկածն ու չափազանց այլ հիմնարար իրավաբանական սկզբունքներ՝ նշենք. ժամանակին կարծիք կար, թե մեր տնտեսության մի հատվածը ստվերային է։ Հետեւաբար, կասկած կար նաեւ, որ ստվերային չհարկվող մասում իր բաժինն ունի Երեւանի կոնյակի գործարանը։ Փաստորեն, կարելի է ենթադրել, որ վաճառքի ծավալների կրճատումը շատ ավելի մեծ չափեր ունի։ Եթե իհարկե ստվերային հատվածը չի պահպանվել։ Տրամաբանությամբ այն պետք է, որ պահպանված չլինի։

Հետեւաբար, նոր ղեկավարությունը առնվազն չի կարողանում նախկինների նման իրացնել արտադրանքը։ Պաշտոնապես, իհարկե, օբյեկտիվ պատճառներ են բերվում՝ ռուսական տնտեսական ճգնաժամը եւ էժան կեղծ կոնյակի արտադրանքը։ Օբյեկտիվ լինելու համար պետք է նշենք՝ իսկապես, անծանոթ «բրենդի» անունով խմիչքը ռուսական շուկայում դժվար թե մրցակցեր ծանոթ «կոնյակ» անունով (բայց կեղծ) խմիչքի հետ։ Հետեւաբար, Երեւանի բրենդիի գործարանը հակաքայլեր է կատարում, որից ամենակարեւորը կմեջբերենք առանց տառ իսկ փոխելու. «ակցիզային հարկերի կրճատման նպատակով ՀՀ կառավարության հետ բանակցություններ՝ վաճառքի ծավալներն ու թափը կրկին ակտիվացնելու համար»։

Ակցիզային հարկահանության հայրերից ամենաերեւելին՝ Հրանտ Բագրատյանը, այսօր այսպես է մեկնաբանում նույն հարկը. «Եթե շիշը դատարակ փակվի, պարզապես օդ լցվի մեջը, ապա ակցիզային հարկի հետ միասին մոտենում է կամ համարյա թե գերազանցում է շուկայական գինը, որը ստացվում է 2 կորերի հատումից։ Ես կարծում եմ, մենք բարձրացրել ենք էդ հարցը։ Մոտ մի տարի առաջ է նկատվել։ Այսինքն, եթե բարձր տեսակի կոնյակի, ասենք, որպիսին մարկայով կոնյակն է՝ 5, 10, 15 տարեկան ակցիզային հարկը դեռ թույլ է տալիս շահութաբեր աշխատել, ապա օրդինալ կոնյակների առումով, եթե շիշը լցվի օդով, չի վաճառվի։ Այդ իսկ պատճառով շուկան լցվում է կեղծ արտադրանքով։ Եվ ստացվում է մոտավորապես այնպիսի մի բան, որ Հայաստանի սպառողը չի կարող սպառել 3 աստղանի կոնյակ։ Երբ որ ակցիզային հարկը բարձրացվում էր 50%-ից վերեւ, պետք էր դիֆերենցվեր ըստ տեսակների»։

Վատթարագույնս լուր

Անցյալ տարի, մասամբ նաեւ կոնյակի գործարանի սեփականաշնորհման շուրջ հասարակական կարծիքը մեղմելու համար, գործարանը մթերեց 26.130 տոննա խաղող (գյուղնախարարության տվյալներով)։ Արարատի մարզպետ Հ. Աբրահամյանը նույնիսկ հայտարարեց «հանձին «Պեռնո Ռիկարի» գյուղացին գտել է իր տիրոջը»։ Այս տարի «տերը» փոշմանել է եւ կմթերի ամենաշատը 18 հազար տոննա։ Առնվազն 31%-ով պակաս։ Լրագրողների հարցերին պատասխանելով, գործարանի ղեկավարությունը նշեց, որ մթերման ցուցանիշը կարող է ավելի նվազել։ «Պեռնո Ռիկարը» այս տարի շատ «խիստ է լինելու» եւ մթերելու է միայն չորս տեսակի խաղող՝ «Ռկածիթելի», «Մսխելի», «Ոսկեհատ» եւ «Գառան դմակ»։ Մթերման ժամանակ որակական խիստ ընտրություն է լինելու։ Հանդիպման ժամանակ գյուղացիների շահերը խիստ անակնկալ որոշեց պաշտպանել գյուղնախարարության ներկայացուցիչը։ Պաշտոնական տվյալներով այս տարի սպասվում է առնվազն 130 հազար տոննա խաղող։ Նախկին տարիներին Երեւանի կոնյակի գործարանը մթերել է խաղողի 55-80%-ը։ Այս տարի, փաստորեն, ցուցանիշը կկազմի 14% (լավագույն դեպքում)։ Հետո գյուղնախարարության աշխատակիցն ու բրենդիի գործարանի տնօրենը իրար հետ մի փոքր վեճ ունեցան։ Վեճն ավարտվեց՝ «գնացեք մյուս սեփականաշնորհված գինու գործարաններից պահանջեք խաղող մթերեն» խրատով։

Երեւանի բրենդիի գործարանը պատրաստվում է նաեւ կարմիր գինու շշալցում սկսել։ Բրենդիի շշալցումը իրացվում է արտասահմանից ներկրվող շշերով։ Նման շշերը Հայաստանում արտադրել հնարավոր չէ։ Արդեն 3 շաբաթ է բրենդիի շշերը հատուկ հոլոգրաֆիական պիտակ ունեն։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Ֆրանսիացի ղեկավարների խոսքը թարգմանելիս բոլոր թարգմանիչները «բրենդի» բառը, չգիտես ինչու, «կոնյակ» էին թարգմանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930