Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Հունիս 12,1999 00:00
rmbakocutyun

Հինգշաբթի ուշ երեկոյան, ստանալով Կոսովոյի տարածքից սերբական զորքի դուրսբերման հավաստիքները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան հրամայեց դադարեցնել Հարավսլավիայի ռմբակոծումները: Այսպիսով ավարտվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում տեղի ունեցած խոշորագույն ռազմական գործողությունը: ՆԱՏՕ-Հարավսլավիա չհայտարարված օդային պատերազմը տեւեց 78 օր: Հարավսլավիայի վրա արձակվեց 23 հազարից ավելի ռումբ եւ հրթիռ: Սերբական կողմը, իր տեղեկությունների համաձայն, կորցրեց շուրջ 600 զինծառայող, ՆԱՏՕ-ն՝ երկու ամերիկացի օդաչու, այն էլ դժբախտ պատահարի հետեւանքով: Խաղաղ բնակչության կորուստները դեռ պետք է հաշվարկվեն: Երկիրը վերականգնելու համար անհրաժեշտ է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ծախսել առնվազն վեց մլրդ դոլլար: Այդպիսի հաշվարկ է ներկայացված «Կայունության պակտում», որը երկու օր առաջ ընդունվել է Քյոլնում 30 երկրների արտգործնախարարների մակարդակով անցկացված Բալկանների հարցով միջազգային կոնֆերանսի ժամանակ: Ի դեպ, Քլինթոնը արդեն զգուշացրել է, որ սերբերը ոչ մի ցենտ չեն ստանա, քանի դեռ իշխում է Միլոշեւիչը, եւ ընդհանրապես, ԱՄՆ-ում վերջին օրերին տարբեր պաշտոնյաներ կարծիք են հայտնում, որ Եվրոպայի վերականգնումը եվրոպացիների գործն է: «Այսօր ես կարող եմ զեկուցել Ամերիկայի ժողովրդին, որ մենք հասանք հաղթանակի՝ հանուն ավելի ապահով աշխարհի, մեր ժողովրդավարական արժեքների եւ ավելի ուժեղ Ամերիկայի»,- այս բառերով հունիսի 10-ի գիշերը ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթնը հայտնեց իր ժողովրդին բալկաններում պատերազմի ավարտի մասին:

«Մենք չհանձնեցինք Կոսովոն: Մենք ոչ միայն պաշտպանեցինք մեր երկիրը, այլ նաեւ աշխարհի բեմահարթակ վերադարձրեցինք ՄԱԿ-ը, որը չէր գործում ագրեսիայից 80 օր առաջ: Դա մեր լուման է աշխարհին՝ կասեցնել միաբեւեռ աշխարհի կառուցումը, կասեցնել մի կենտրոնի թելադրանքի վրա հիմնված աշխարհի ընդունումը: Մենք ցույց տվեցինք, որ մեր զորքը անհաղթահարելի է», – այդպես ասաց Հարավսլավիայի Նախագահ Սլոբոդան Միլոշեւիչը:

Հարց է ծագում. ո՞վ է հաղթել եւ ի՞նչ է փոխվել Կոսովոյի հարցի լուծման մեջ պատերազմից հետո: Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւի, Միլոշեւիչը զորքը դուրս է բերելու Կոսովոյից եւ ապագայում իրավունք կունենա այդ տարածքում միայն մի քանի հարյուր զինծառայող տեղակայել: ՆԱՏՕ-ն իրավունք ստացավ իր զորքը տեղակայել միայն Կոսովոյի տարածքում, այլ ոչ թե ամբողջ Հարավսլավիայում, ինչպես ցանկանում էր փետրվարին: Միջազգային խաղաղարար ուժերը գործելու են ՄԱԿ-ի եւ ոչ թե ՆԱՏՕ-ի անունից եւ Ռուսաստանի մասնակցությամբ, ժամանակավոր քաղաքացիական ղեկավարությունը նշանակում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը: Փախստականների վերադարձը կարգավորելու է ՄԱԿ-ը, ոչ թե ՆԱՏՕ-ն: Կոսովոյի անկախության մասին հանրաքվեի անցկացում չի նախատեսվում: «Այսօր մենք, համենայնդեպս, տեսնում ենք Բալկանների պատմության մռայլ եւ դժբախտ մասի ավարտի սկիզբը»,- ասաց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, միեւնույն ժամանակ կոչ անելով ձեռնպահ լինել «տրիումֆալիստ» լինելուց եւ մտածել ապագա դժվարությունների եւ վտանգների մասին: Անցած երկու օրերի իրադարձությունները վկայում են, որ այդ զգուշացումը բավական լուրջ հիմքեր ունի:

Թեեւ Անվտանգության Խորհրդի բանաձեւն ընդունվեց գրեթե միաձայն, 15 անդամներից միայն Չինաստանը ձեռնպահ քվեարկեց, քանի որ կարգավորման հետ կապված բազմաթիվ հարցեր անորոշ են մնացել: Շտապելով ավարտել ռմբակոծումները, խաղաղարարները այդպես էլ վերջնական համաձայնության չեկան, թե ինչպե՞ս են Կոսովո մտնելու եւ ո՞վ է ղեկավարելու գործողությունը: Ընդունված բանաձեւով ՄԱԿ-ն ընդունել է, որ խաղաղարար բանակի հիմքը կազմելու է ՆԱՏՕ-ի զորքը, որը խորհրդակցելու է Գլխավոր քարտուղարի հետ, բայց չի ղեկավարվում ՄԱԿ-ի կողմից, ինչը Արեւմուտքը դիտում է որպես ՆԱՏՕ-ին անսահմանափակ գործողության մանդատի տրամադրում:

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930