Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԳՆ-Ն ԿՐԿԻՆ ՆԱՅՈՒՄ Է ԱՐԱՐԱՏԻՆ

Հունիս 12,1999 00:00
agn

Էս խառը օրերին, երբ ԱԺ նախագահ են ընտրում, ՀՀ վարչապետ հանում-նորը նշանակում՝ արտաքին գործերի նախարարությունը վերակառուցված շենքի հանդիսավոր բացում է անում։

Արդեն 3 տարի է, Հանրապետության հրապարակի կառավարության թիվ 2 շենքում վերանորոգում էր ընթանում եւ պետության արտաքին հարաբերությունների թիվ 1 գերատեսչության աշխատակիցներն ու հյուրերը ստիպված էին շենք մտնել Ամիրյան փողոցից։ Այսօրվանից նախարարության մուտքը ճիշտ այնտեղից է, որտեղից պարզ երեւում է Արարատը։ Ի դեպ, հենց այս հանգամանքը ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը խորհրդանշական համարեց, նաեւ այն, որ Ալեքսանդր Թամանյանի նախագծած հոյակերտ շենքը վերաբացվում եւ նոր կյանք է ստանում։ Պարոն Օսկանյանը ելույթն ավարտեց արդեն ավանդույթ դարձած չարենցյան խոսքերով եւ հատուկ շնորհակալությունը հայտնեց արգենտինահայ բարերար Խորխե Չինոսյանին, արդեն՝ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանին, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանին, քաղաքաշինության նախարար Ֆելիքս Փիրումյանին։ ԱԳՆ շենքի վերանորոգման համար Խորխե Չինոսյանը նվիրաբերել է 300 հազար, իսկ ՀՀ պետբյուջեից հատկացվել է 600 հազար ամերիկյան դոլար։

Նախկինների երթ, կամ սեքս 2 օրից

ԱԳՆ շենքի վերաբացման արարողությունը իր ներկայությամբ հարգեց ինքը հանրապետության նախագահը։ Չկային նորընտիր ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, նորանշանակ վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ նախարարներից ոմանք (Սերժ Սարգսյանը, Մերուժան Միքայելյանը, Գեւորգ Վարդանյանը, Հայկ Գեւորգյանը…)։ Արարողությանը ներկա էր ընդամենը մի քանի ժամ առաջ նախկին դարձած ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանը եւ նախարարներից ոմանք (Հայկ Նիկողոսյանը, Էդվարդ Սանդոյանը, Լեւոն Մկրտչյանը, Գագիկ Եգանյանը, Ռոլանդ Շառոյանը…)։ Թե որքանով է խորհրդանշական կառավարության կազմի այսպիսի բաժանումը կերեւա արդեն այսօր-վաղը։

Մինչեւ այդ ներկա նախարարները շրջապատել էին իրենց հարազատ վարչապետին ու դեռ կենացն էլ խմում էին։ «Սեքսի մասին չեմ խոսելու, թող մի 2 օր հանգստանամ, նոր»,- վրա բերեց Արմեն Դարբինյանը՝ չթողնելով անգամ հարցս հնչեցնել։ Այնուամենայնիվ, փորձեցի ճշտել, թե ինչպիսին են Արմեն Դարբինյանի զգացողություններն այս պահին, երբ արդեն ներկայանում է ոչ իբրեւ վարչապետ։ «Շատ զգացողություններս չեն փոխվել, պատասխանատվության զգացումն ինչպես կար, այնպես էլ մնացել է, առանձնապես որեւէ բան չի փոխվել»,- նշեց Արմեն Դարբինյանը։ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, երբ սկսեցին խոսել ձեր հրաժարականի մասին, բոլոր հանդիպումներում ձեր կողքից չէր հեռանում ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանը. նրա ուղեկցությամբ ձեզ առավել պաշտպանվա՞ծ եք զգում»,- հարցիս Արմեն Դարբինյանն ասաց. «Սխալ եք նկատել, բոլոր նախարարներն էլ իմ շուրջն էին, որեւէ հատուկ բան չեմ նկատել»։

Ի միջի այլոց, այս ընդունելությանն էլ Արմեն Դարբինյանը Էդվարդ Սանդոյանի ուղեկցությամբ եկավ։ «Իսկ թիկնապահները դեռեւս ուղեկցո՞ւմ են, թե՞ ոչ» հարցիս Արմեն Դարբինյանը նշեց. «Դեռեւս թիկնապահներով եմ, բայց դա երեւի ստատուսի հետ կապված անհրաժեշտ բան է, որովհետեւ ես որեւէ բանից չեմ վախենում, որեւէ բանից պաշտպանվելու կարիք չունեմ, իմ սեփական ուժերս եւ կարողություններս կբավարարեն պաշտպանվելու ցանկացած արհավիրքից, ուղղակի դա կարգավիճակային պահանջ է, կամ անհրաժեշտություն, որն ինձանից կախված չէ»։ «Բա, 2 օրից ձեզ ինչպե՞ս գտնեմ, որ պարզեմ՝ արդեն զբաղվո՞ւմ եք սեքսով, թե՞ ոչ» հարցս անպատասխան մնաց։ Փոխարենն Արմեն Դարբինյանը պատահմամբ տրորեց ոտքս ու ինձ էլ պատվիրեց իր ոտքը տրորել, որ բան է՝ թե հանկարծ չկռվենք։ Ես այդպես էլ վարվեցի ու համոզված, որ չենք կռվելու՝ հիշեցնեմ, երբ Հրանտ Բագրատյանին հրաժարականից հետո հարցրեցին՝ ինչո՞վ է զբաղվելու, վարչապետությունից հոգնած՝ ասաց. «Ամենից առաջ մի 2 օր պետք է քնեմ»։ Արմեն Դարբինյանն էլ պարզվում է՝ պետք է…

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930