Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԱՆԳԱՄ Է՞Լ ՍԴ ԴԻՄԵԼՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԿԼԻՆԻ

Հունիս 12,1999 00:00
egoryan

ԱԻՄ-ի կենտրոնական գրասենյակից «Առավոտին» հայտնեցին, որ խոստացվածի պես իրենք հունիսի 10-ին դիմել էին ՍԴ։ «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչները, որոնք երեկ ժամը 18-ին ներկայացրել էին իրենց հայցադիմումը՝ այդ մասին չգիտեին ու վստահ էին, թե միայն իրենք են դիմել։

«Առավոտի» տրամադրության տակ միայն այն հայցադիմումն է, որ ՍԴ-ին է ներկայացրել Էդվարդ Եգորյանը։ Վկայակոչելով ընտրությունների արդյունքների վրա էականորեն ազդած խախտումները նա, բնականաբար, պահանջում է անվավեր ճանաչել, չգիտես ինչու, միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները։ Քանզի հանրահայտ ու նաեւ հայցադիմումով նշված անճշտություններն անկասկած անդրադարձել են նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վրա։

Ասենք, որ մարզային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովներում առկա, բայց չքննարկված արձանագրություններ կան (պնդումը հայցադիմումից է) միայն քվեարկության նախորդ օրը տեղամասերում փակցված ցուցակների մասին, որ մարդկանց զրկել է իրենց անունները ճշտելու եւ դատական կարգով ընտրական իրավունքը վերականգնելու իրավունքից՝ միայն մեկ ընտրակարգով ընտրությունների վրա չէր անդրադառնա։

Էդվարդ Եգորյանի հայցադիմումում նշված շատ հետաքրքրական փաստեր կան խախտումների վերաբերյալ, որոնց ապացուցման հիմքը նույնիսկ ոչ էլ «Հայրենիք» դաշինքի վստահված անձանց վկայություններն են, այլ հենց Երեւանի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովներից ստացված արձանագրությունների պատճենները։ Ըստ այդմ, 17 արձանագրություն է նշված, որոնցում քվեարկության արդյունքների վերաբերյալ տվյալները բացակայում են։ 35 տեղամասերում արձանագրությունները հանձնաժողովի 7-ից պակաս թվով անդամներ են ստորագրել։ Ամենատպավորիչը անճշտություններ պարունակող արձանագրությունների քանակն է՝ 400-ից ավելի։

Եվ ամենակարեւորը, ըստ հայցադիմումի՝ ԿԸՀ-ի ԱԺ համամասնական ընտրակարգով արդյունքների ամփոփիչ արձանագրություններում անճշտությունների չափն էականորեն խեղաթյուրված է (թերեւս սա էլ այն հարցի պատասխանն է, թե ինչու է շեշտը հենց այստեղ դրվել)։

Այսպես, տեղամասային հանձնաժողովների «Հայրենիքի» ուսումնասիրած արձանագրություններում հայտնաբերվել են 166428 անճշտություններ, մինչդեռ ԿԸՀ-ի ամփոփիչ արձանագրությամբ դրանք պիտի ընդամենը 18671 լինեին։ Նման անճշտություններն իրոք պիտի ազդեին կուսակցությունների ստացած ձայների վրա։ Ընդ որում, այստեղ ներառված չեն Արարատի ողջ մարզի (!) եւ Երեւան քաղաքի շուրջ 52 տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների տվյալները, քանի որ չնայած ԿԸՀ-ում «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Խոջոյանի ջանքերին՝ ԿԸՀ-ը դրանք չի տրամադրել։ Էդվարդ Եգորյանը ՍԴ-ի միջամտությունն է խնդրել նաեւ այդ արձանագրությունները ստանալու եւ անճշտությունների ընդհանուր թիվը պարզելու համար։

Եվս մի մեջբերում հայցադիմումից. «Երեւանի ՄԸՀ-ն չնայած չբավարարեց Երեւանի բոլոր տեղամասերը ստուգելու մեր պահանջը, այնուամենայնիվ, մի քանիսը ստուգել է։ Դրանցից միայն մեկի՝ 0090/08 տեղամասի ստուգմանն է մասնակցել «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Մկրտչյանը։ Ստուգման արդյունքներն ապշեցուցիչ են։ Հայտնաբերվել են այլ գույնի կնիքով կնքված քվեաթերթիկների երկու փաթեթ (ընդհանուր 7 փաթեթից), ինչը վկայում է լուրջ կեղծիքների մասին»։

Իհարկե, նշված բոլոր փաստերը ստուգման կարիք ունեն, բայց ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերի շուրջ ՍԴ-ի անաչառությունը խիստ կասկածելի դարձավ 1996-ից հետո։ Տարիներ անց նախկին ներքգործնախարարը փաստացի խոստովանեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ընտրվել, մինչդեռ ՍԴ-ն այն ժամանակ վավերացրեց ավելի շատ փաստերով ապացուցվող անօրինականությունները։ Այս ու նաեւ 1998-ի ընտրություններին առնչվող հայցերի ճակատագրերը խիստ փոքր հույսի տեղ են թողնում, թե այժմ այս մեկը գուցե բացառություն լինի եւ այս խայտառակ ընտրություններն անվավեր հայտարարվեն։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930