Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղում ենք ընտրություն-ընտրություն

Հունիս 12,1999 00:00
xorhrdaran

Նոր խորհրդարանում անակնկալներ առայժմ չկան

Շատ առաջավոր փորձ կիրառվեց նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում՝ մեկուկես օր շարունակ հանձնաժողովների նախագահների ծրագրեր լսեցին, հարցեր տվեցին, ելույթներ ունեցան եւ հետո ընտրեցին նրանց, որոնց վերաբերյալ ի սկզբանե էլ պայմանավորվել էին։

Թերեւս կարելի էր յոլա գնալ առանց ձեւականությունների՝ ժամանակ չվատնելով քննարկումների վրա։ Բայց Նիցշեն գրել էր, որ յուրաքանչյուր տղամարդու մեջ թաքնված է մանուկը, որ խաղալ է սիրում ու մեր 125 տղամարդուց բաղկացած խորհրդարանում ամենահարգի խաղն առայժմ ընտրություն-ընտրությունն է։

Մանավանդ, որ այս խաղն էլ իր բազմաթիվ հետաքրքրություններն ունի։ Հետաքրքիր չէ՞, որ Ալբերտ Բազեյանը կոմունիստ Գագիկ Թադեւոսյանին է հարցնում, թե ինչպես է տեսնում բյուջեի համալրման խնդիրը։ Կարծես վարչապետ են ընտրում, ոչ թե սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, որը, մեղմ ասած, քիչ բան կարող է անել իր պաշտոնում, քանի դեռ տնտեսությունն այս վիճակում է։ Առավել հետաքրքիր էր Աղասի Արշակյանի առաջարկը՝ արդյունաբերության վերակենդանացման հատուկ լիազորություններով օժտված անվանյալ մի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Անտեսեց, որ ճիշտ այդ պարտականությունն իրականացնելու համար կա պետական մեկ այլ մարմին՝ կառավարությունը։

Բայց ամենահետաքրքիրն, այնուամենայնիվ, հանձնաժողովների նախագահների ընտրության արդյունքներն էին։ Ամենաշատ ձայները ստացավ Գագիկ Թադեւոսյանը՝ նրան «կողմ» քվեարկեցին 113 հոգի։ Ընտրվածներից ամենաքիչ ձայները Վահան Հովհաննիսյանինն էին՝ ընդամենը 79 ձայն։ Մեր ունեցած տեղեկություններով, «Միասնությունը» ճռինչով էր համաձայնել իր ձայները դաշնակցականի տալ, բայց դե Վազգեն Սարգսյանի ասա՜ծը… իրենց համար օրենք է՝ քաղաքական որոշում։

Նախնական պայմանավորվածությունների կարեւորությունը չհարգած «ինքնակոչ» առաջադրյալներից մեկը՝ Համլետ Հարությունյանը 19 ձայն ստացավ, մյուսի՝ Սերգո Երիցյանի ձայները աղետալիորեն քիչ էին՝ ընդամենը 12։ Իսկ Արթուր Բաղդասարյանը նախապես էր շրջահայացորեն ինքնաբացարկ հայտնել։

Երեկ նաեւ որոշեցին, թե հանձնաժողովներից յուրաքանչյուրում խորհրդարանական ամեն կազմավորում քանի տեղ է ունենալու եւ դադար տվեցին՝ մինչեւ հունիսի 16-ը, երբ կառավարությունն իր ծրագիրը կներկայացնի խորհրդարանին եւ, բնականաբար, վստահության քվե կստանա։

Գուցե հարց առաջանա, թե ինչու ԱԺ-ից այս էլ երկրորդ նիստից ռեպորտաժում որեւէ բան չենք պատմում մեր խորհրդարանի թագ ու պարծանք՝ մականվանի պատգամավորների մասին։ Նրանցից երկուսը միայն երեկ հաղթահարեցին դեպի խոսափող ընկած տարածությունը, իսկ ընդհանրապես «պպզողները» ծպտուն իսկ չէին հանում նիստերի դահլիճում։ Դրանից դուրս շատ ակտիվ էին՝ լրագրողների հետ «ռազբիրատներում»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930