Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ դուք «Վազգեն Սարգսյանի» անվան շքանշանակի՞ր եք

Հունիս 12,1999 00:00
Karapet Rubinyan

Կարապետ Ռուբինյանը, որը առանձնապես սրախոսություններով կամ աշխարհացունց մտքերով աչքի չէր ընկել, մի հետաքրքիր դիտարկում արեց։

Դա տեղի ունեցավ երեկ, Էբերտի անվան հիմնադրամի միջոցներով կազմակերպված «ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, քաղաքական համակարգի զարգացման հնարավոր ուղղությունները» թեմայով սեմինարի ժամանակ։ Եվ այսպես, Կարապետ Ռուբինյանն այն կարծիքը հայտնեց, թե կա արդեն «Վազգեն Սարգսյանի անվան» նախագահ, արդեն ձեւավորվեց նրա անվան ԱԺ եւ շուտով արդեն կունենանք «Վազգեն Սարգսյանի անվան» (մեդալակիր- Լ. Ա.) կառավարություն։ Ապա՝ Կարեն Դեմիրճյանը եւս մեկ անգամ թույլ տվեց, որ իրեն օգտագործեն։ Վազգեն Սարգսյանը, ըստ պրն Ռուբինյանի՝ կցանկանա եւս մի փուլ անցնել եւ հավակնել պրեզիդենտության։ Դա հնարավոր կլինի նրա՝ նախագահական արտահերթ ընտրություններ կազմակերպելու միջոցով։ «Հայրենիքը վտանգված է»,- վերջում դանդա՜ղ արտաբերեց պրն Ռուբինյանը։

Agasi Enoqyan

Սեմինարի հիմնական զեկուցողն Աղասի Ենոքյանն էր։ Նրա զեկույցի հիմքն այն էր, որ նոր խորհրդարանում հանրային շահերը ներկայացված չեն։ Նախընտրական փուլում գաղափարախոսության համար պայքար չկար։ Կար պայքար կոնկրետ տեղի համար։ Հանրապետությունում մեծ թափ է ստացել ՉՏՋՊՖ-իզմը, երբ ինչ-որ առաջնորդներ իրենց շուրջ ստեղծում են խմբակներ։ Եվ որպեսզի այդ խմբակները մասնակցեն ընտրություններին, կոչվում են կուսակցություններ՝ ներկայացնելով իրենց առաջնորդի շահերը։ Պրն Ենոքյանը նաեւ այն կարծիքին է, որ նոր խորհրդարանը գաղափարախոսական ճահիճ է եւ խնդիրը այն է լինելու, թե ինչպես կցանկանա ձեւավորել Հայաստանի քաղաքականությունը «Միասնությունը»։ Առհասարակ, սեմինարի լեյտմոտիվը Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դիալեկտիկական կապն էր մասնավորապես, «Միասնության» ճակատագիրը՝ ընդհանրապես։

«Այս դաշինքը բավական խելոք մոտեցում է ցույց տալիս. թույլ տրվեց, որ հանձնաժողովի նախագահներ դառնան այն մարդիկ, ովքեր չեն ներկայացնում դաշինքը։ Կոմպրոմիսների այս տարբերակը ստեղծում է ներքին հակակշիռ «Միասնությանը»։ Եթե առաջանա ճեղքվածք Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի բլոկների միջեւ, ապա պրն Ենոքյանը նոր խորհրդարանական ճգնաժամ գուշակեց։ ՀՀ նախագահը գնահատվեց որպես պակաս լեգիտիմ, քան խորհրդարանը, եւ ըստ այդմ՝ հետագայում խորհրդարանը ոչ թե նախագահով կհակակշռվի, այլ նախագահը շատ հարցերում կենթարկվի խորհրդարանի եւ նոր ձեւավորված կառավարության քաղաքականությանը։

Հայտնվեց եւս մի հետաքրքիր տեսակետ (բայց ոչ Արարքցյանի կողմից), որ Դեմիրճյանը հիմնականում ներկայացնելու է ժամանակին Ռուսաստան մեկնած հին նոմենկլատուրայի կապիտալի շահերը։ Հայաստանը հատուկ կողմնորոշվելու է դեպի Ռուսաստան։

Ara Sahakyan

Արա Սահակյանը հպարտացավ, թե նախորդ սեմինարների ընթացքում հնչած բոլոր իրենց կանխատեսումներն իրականացել են։ Իսկ այս ԱԺ-ն ընտրվեց ճիշտ այն կազմով, որպիսին ուզում էր իշխանությունը։ «Եթե ամեն ինչ հանդարտ գնա, ինչպես ողջ բրեժնեւյան ընթացքն էր, այս իշխանությունը կարող է 10, 20, անգամ 30 տարի գոյատեւել։ Բայց այս իշխանությունը ե՛ւ իր ներքին պոտենցիալով, ե՛ւ հասարակության աջակցության իր պաշարով չի կարող ղեկավարել ո՛չ որեւէ ցուրտ ձմեռվա ընթացքում, որը նախկին իշխանությունները հաղթահարել են (եւ դա նրանց հատկապես հաջողվել է 92-93 թթ. ձմեռներին- Լ. Ա.), ո՛չ որեւէ «кольцо» օպերացիայի ժամանակ, ո՛չ ռուբլու գերարժեզրկման, ոչ էլ ռազմական որեւէ անհաջող կոմպանիայի շրջանում»։ Եվ սա կարող է լինել ա՜յն պատճառով, որ այս իշխանությունները «գնային աբսոլյուտ բացասման» ճանապարհով։ Խոսքն ավելի հյութեղ դարձնելու նպատակով՝ պրն Սահակյանը պատմեց Վարդան Այգեկցու առակներից մեկը։ «Բայց երբ որ գա կրիտիկական պահը,- սպառնաց պրն Սահակյանը,- չի՜ լինի այն առանցքը, որը կկարողանա պահպանել պետության հիմնական ձողը»։ Կասկածի տակ դրվեց այս իշխանության (ավելի ստույգ՝ «Միասնություն» դաշինքի) ուժն ու հեղինակությունը։

Այս դեպքը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ նորընտիր ԱԺ-ում սկսվել ու շարունակվում էր հերթական նիստը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930