Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԾԻԾԱՂԸ ԼԱՑԻ ԿՓՈԽՎԻ, ԵԹԵ…

Հունիս 12,1999 00:00
gagik harutyunyan

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքներով Սահմանադրական դատարան դիմելու վերջին ժամկետը երեկ էր։ Այս առիթով Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրավիրել էր լրատվամիջոցներին՝ ներկայացնելու եղած բողոքները։

Օրենքով սահմանված կարգով ընտրությունների արդյունքները պաշտոնապես հրապարակելու պահից 7-օրյա ժամկետում պատգամավորության թեկնածուները կարող են դիմել ՍԴ, վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Առայժմ վիճարկվում են մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները։ Առաջինը ՍԴ է դիմել Երեւանի թիվ 2 ընտրատարածքում թեկնածու առաջադրված Արմեն Հակոբյանը։ Վերջինս վիճարկում է Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի որոշումը այս ընտրատարածքում պատգամավորի ընտրության վերաբերյալ։ ՍԴ-ն գործը ուսումնասիրել է եւ ընդունել է քննության։

Պարոն Հարությունյանը հայտնեց, որ եղած դիմումները երկու բնույթի են։ Գործերից մեկով բողոքարկվում է Երեւանի թիվ 15 ընտրատարածքում ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ վճիռը։ Ընտրություններն անվավեր ճանաչվել են, բայց դեռեւս նոր ընտրություն այստեղ չի նշանակվել, նկատի ունենալով, որ թեկնածուներից Սամվել Ավետիսյանը դիմել է ՍԴ։ Բոլոր 9 դիմումներից ութը վերաբերում են այն բանին, որ պատգամավորն ընտրվել է հանձնաժողովների սխալ որոշման արդյունքում։ Ներկայացված բոլոր փաստաթղթերում եղած տվյալներն այնքան հարուստ են, որ յուրաքանչյուր գործ 100 էջից ավելի է։ Թեպետ նյութերն այսքան «ցմփորիկ» են, այնուամենայնիվ, ՍԴ-ն ստիպված է հանձնաժողովներից լրացուցիչ փաստաթղթեր պահանջել, առավել հանգամանալից ուսումնասիրություն կատարելու համար։

Անճշտությունների խնդիրը բոլոր ընտրությունների համար սովորական է եւ վիճահարույց։ Բոլոր բողոքներում նշվում է, որ տարածքային հանձնաժողովները առանձին արձանագրություն չեն կազմել անճշտությունների վերաբերյալ։ Սա կարեւոր խնդիր է եւ ընտրական օրենսգրքի 116 հոդվածով նախատեսված է ընտրությունները անվավեր ճանաչելու հիմքերից մեկը համարել անճշտությունների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա։

«ՍԴ-ն անճշտությունների չափի վերաբերյալ բոլոր արձանագրությունները ստիպված պահանջել է, որպեսզի համոզվի հարցադրումների իրավասության մեջ»,- ասաց Գագիկ Հարությունյանը։

Պարոն Հարությունյանն ասաց, որ եթե պարզվի, որ դիմումների պնդումներն իրավացի են, ապա, հավանաբար որոշ պատգամավորներ ստիպված կլինեն իրենց լիազորությունները վայր դնել։ Թիվ 56 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու Արամ Հարությունյանը եւս դիմել է ՍԴ։ Դիմումը ուսումնասիրման ընթացքում է, եւ ՍԴ-ն գործը քննելու վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացրել։ Թիվ 63 ընտրատարածքից Սամվել Բալասանյանը դիմել է ՍԴ եւ բողոքում է Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի որոշման դեմ։ Այս գործն արդեն ընդունված է քննության եւ առաջիկա շաբաթվա ընթացքում կկազմակերպվի գործի քննությունը։

Թիվ 15 ընտրատարածքից թեկնածու Սամվել Ավետիսյանը բողոքարկում է Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի 21/15 որոշումը։ Այստեղ պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվել։ Դատարանը գործը ընդունել է քննության։

Թիվ 39 ընտրատարածքից (Արմավիրի մարզ) ՍԴ է դիմել թեկնածու Սուրեն Մարտիրոսյանը։ Գործը ուսումնասիրման փուլում է։

Հունիսի 10-ին ՍԴ է դիմել նաեւ Երեւանի թիվ 7 ընտրատարածքից Համլետ Հովսեփյանը։ Դիմումն առայժմ ուսումնասիրվում է։ Նույն օրը դատարան է դիմել նաեւ թիվ 67 ընտրատարածքից Կարապետ Ներսիսյանը։ Երեկ՝ դիմումների ընդունման վերջին օրը ՍԴ է դիմել թիվ 18 ընտրատարածքից Սամվել Շահինյանը։ Վերջին բողոքավորը թիվ 13 ընտրատարածքից Իզաբելլա Մուրադյանն է։

ՍԴ ներկայացված ինը դիմումից հինգը Երեւան քաղաքից է։ Հիմնականում բողոքարկվում են օրենսգրքի 62 եւ 116 հոդվածների պահանջների խախտումները։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը խոստացավ, որ բոլոր դիմումներն ամենայն մանրամասնությամբ կուսումնասիրվեն։ Գործերի քննությունները կսկսվեն մեկ շաբաթվա ընթացքում եւ 30 օրվա ընթացքում ՍԴ-ն պարտավոր է ավարտել քննությունը եւ եզրակացություն ներկայացնել։

Մ. ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, 56 ընտրատարածքն այն տարածքն է, որի «հաղթող» թեկնածուն 50 հազար դոլար «պատվավճար» է պահանջում «Առավոտի» լրագրող Ռուզան Մինասյանից այն բանի համար, որ վերջինս հանդգնել էր մեկ ամիս առաջ տեսնել այն վիճակը, ինչին ականատես կլինենք մեկ ամիս ուշացումով ՍԴ-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930