Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ուզում դառնալ վարչապետ։ Ես ուզում եմ պաշտպանության նախարար մնալ»

Հունիս 12,1999 00:00
vazgen sargsyan

Ամիսներ առաջ ասում էր Վազգեն Սարգսյանը

Բայց նաեւ վերապահում էր արել, որ եթե նախագահը որոշի, թե ինքն այլ ոլորտում է հարկավոր՝ պատրաստ է որպես զինվոր կատարել իր պարտքը։

Տեսնենք, թե կուսակցություների ղեկավարներն ինչպես են գնահատում այս իբր պարտադրված նշանակումը։ Նրանց գնահատականով, արդյոք նոր վարչապետը բավարար ներուժ ունի Հայաստանի տնտեսության մեջ դրական փոփոխությունների հասնելու համար։

Վազգեն Մանուկյանի պատասխանն էր. «Տեսնելով, թե ինչ վիճակում է երկիրը, ինչ թիմեր են աշխատում երկրի վիճակը լավացնելու համար՝ մի քիչ կասկածանքով եմ վերաբերվում, որ իրենց կհաջողվի։ Բայց ես մաղթում եմ հաջողություն եւ կանխավ որեւէ բան չեմ կարող ասել»։ Մեր մյուս հարցին, թե արդյոք «Միասնության» ծրագիրը գործադրվելու պարագայում կարող է բեկումնային ազդեցություն ունենալ՝ պատասխանեց. «Էապես տարբեր բաներ են կուսակցությունների ծրագրերը նախընտրական ժամանակաշրջանում եւ այն, ինչ նրանք սկսում են իրականացնել։ Եվ ընդ որում, այստեղ խաբեբայության հարց չէ, որ դու մի բան ես ներկայացնում իմանալով, որ իրականում դա չես իրականացնելու. կյանքն է միշտ սրբագրումներ մտցնում»։

Հրանտ Խաչատրյանի մեկնաբանությունն էր. «Ամենակարեւորն այն է, որ ինչպես առաջներում, Վազգեն Սարգսյանն այլեւս չի ասի, թե ինքը զբաղված է եղել միայն բանակով։ Այժմ պատասխանատվության պաշտոնական շրջանակն արդեն համապատասխանում է նրա ազդեցության ոլորտների մակերեսին։ Ե՛վ իմ անձնական, ե՛ւ ՍԻՄ-ի, ե՛ւ «Իրավունք եւ միաբանության» նվաճումների ցանկում գրանցում ենք դա, որ նրան ստվերային ոլորտից հանեցինք եւ բաց քաղաքականություն դուրս բերեցինք»։ Այդքան վստա՞հ է, որ դա հենց իրենց շնորհիվ է. «Նաեւ մեր։ Ես այդպես եմ կարծում, որ մեր յոթնամյա ջանքերը բերել են դրան, որ Վազգեն Սարգսյանն արդեն բաց դաշտում է հանդես գալիս, բացեիբաց պատասխանատվություն է վերցնում։ Արդեն երեւում է, որ Վազգեն Սարգսյանը նույնիսկ չի պատրաստվում պատասխանատվությունը կիսել որեւէ մեկի հետ։ Մնում է սպասել եւ տեսնել»։

Սակայն «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի մաս կազմող «Ազգային միասնությունն» արդեն իսկ առանց սպասումների վրա ժամանակ վատնելու հայտարարել էր, թե «Միասնության» ծրագիրը հանրապետությանը փակուղի է տանելու։ Սա նաեւ ՍԻՄ-ի՞ տեսակետն է, թե՞ այդ խնդրի շուրջ տարակարծություններ կան հարցին պրն Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, մեկ այլ ձեւակերպմամբ, բայց տեսակետն, ըստ էության, նույնն է։ Մենք հայտարարել ենք, որ այդ նույն ուժը գրեթե նույն կազմով արդեն մեկ տարուց ավելի պատասխանատվություն ուներ ե՛ւ ԱԺ-ում մեծամասնություն, ե՛ւ կառավարությունում բավական լուրջ ազդեցություններ։ Եվ այս մեկ տարվա ընթացքը մեզ երաշխիքներ չի տվել, որ այս նույն ուժը նաեւ պաշտոնապես ստանձնելով բոլոր կարեւոր պաշտոնները՝ կարող է երկիրը փակուղուց դուրս հանել»։

Մինչ ընտրությունները Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե խորհրդարանում ուժերի դասավորությունը պարզ լինելուց հետո խորհրդակցություններ կանցկացվեն կառավարության կազմը որոշելու համար։ Այժմ, մեծությամբ երրորդ՝ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը հրավիրվա՞ծ է նման խորհրդակցությունների եւ որեւէ տեղ առաջարկվե՞լ է կառավարությունում. «Ինքներս, պատկերավոր ասած, ոչ մեծերի, ոչ էլ փոքրերի հետ բանակցելու նախաձեռնություն չենք ցուցաբերում, քանի որ մեծերի հետ բանակցելու նախաձեռնությունը նույնացնում եմ հարսնացուի կողմից խնամախոս գնալուն, իսկ փոքրերի հետ շատ վաղուց բարեկամական հարաբերությունների մեջ ենք եւ չենք ուզում ավելի մեծի դիրքերից խոսել»։

Սերգեյ Բադալյանը նախ ասաց. «Ինձ թվում է, որ «Միասնության» ղեկավարները գիտակցում են, թե ինչ ծանր ժառանգություն են ստացել»։ Մեր հիմնական հարցին, թե իր կանխատեսմամբ Վազգեն Սարգսյանը կկարողանա՞ տնտեսության առկա վիճակը բարեփոխել, պատասխանեց. «Ինձ դրա մասին հարցնելն առնվազն սխալ է, քանի որ ՀԿԿ-ն համարում է, թե սոցիալ-տնտեսական համակարգի այսօրվա պայմաններում ուզածդ ծրագիրը ոչ մի արդյունքի չի բերելու, եթե այդ համակարգն արմատապես չի փոխվում։ Ցավոք սրտի, այսօր Հայաստանի հիմնական խորհրդատուները Վուլֆենսոնը կամ Հանթսմանն է եւ նրանց է լսում նախագահը։ Վերջերս էլ ցուցում էին տվել, թե Հայաստանը չպիտի մտածի ծանր արդյունաբերության վերականգնման մասին։ Եթե դրանով են ղեկավարվելու այսօրվա իշխանությունները, ուրեմն լավ բան չեմ սպասում, ճիշտն ասած։ Բայց հաշվի առնելով, որ Վազգեն Սարգսյանը անպատասխանատու չէ, կամքի տեր մարդ է՝ նա ձգտելու է ինչ-որ բեկում մտցնել»։

Գրի առավ

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930