Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ

Հունիս 12,1999 00:00
Armen Darbinyan

Հունիսի 11-ին ԱԺ-ում առաջին ընդմիջման ժամանակ տեղի ունեցավ «Միասնություն» դաշինքի նիստ, որի վերաբերյալ որեւէ մանրամասն լրագրողներին չհաղորդվեց։ Նիստերի դահլիճից դուրս եկած Վազգեն Սարգսյանը ձեռքի շարժումով պարզապես ողջունեց լրագրողներին եւ հեռացավ խորհրդարանից։

Իսկ ներսում նա հայտնել էր իր համախոհներին, որ ժամը 15-ին տեղի է ունենալու վարչապետի նշանակում, եւ՝ ի պատասխան հարցերի էլ ասել՝ թե, իրոք, ՆԳ եւ ԱԱ նախարարությունը տրոհվում է, իսկ Սերժ Սարգսյանն էլ գլխավորելու է Ազգային անվտանգության նախարարությունը։

Ժամը 15-ին մոտ կառավարություն սկսեցին ժամանել նախարարները։ Բոլորին մեկ հարց ուղղեցինք. «Ի՞նչ եք կարծում, կհաջողի՞ արդյոք Վազգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում, եւ դուք կաշխատե՞ք նրա հետ»։

Առաջին պատասխանողը էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանն է. «Հարցին կպատասխանեմ մեկ օր հետո»։ Փակագծում ասենք, թե խոսվում է, որ էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանն է դառնում։ Հիմա լսենք մաքսային վարչության պետ Հուսիկ Գեւորգյանին.

-Նշանակումը նորմալ եմ համարում, տրամադրված եմ աշխատել Վազգեն Սարգսյանի հետ։

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան.

-Ես հիմա միայն մի բանի մասին եմ մտածում՝ քննությունների։ Սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյան.

-Շատ մեծ հույսեր եմ կապում Վազգեն Սարգսյանի հետ։ Ելակետս նրա նախկին գործունեությունն է։

Նախարարներից ամենապերճախոսը քաղաքաշինության նախարար Ֆելիքս Փիրումյանն էր.

-Տնտեսական քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ չեն լինի։ Ավելի հստակ կլինեն մոտեցումները կատարողական կարգապահության առումով։ Վազգեն Սարգսյանն այն անձնավորությունն է, որ կորդեգրի ծրագրային մոտեցումներ եւ հնարավորություն կտա, որպեսզի նախարարները զբաղվեն ընթացիկ հարցերով։ Իսկ ես կաշխատեմ, թե ոչ՝ չեմ կարող ասել։

Իսկ Սուրեն Աբրահամյանին ուղղեցինք հետեւյալ հարցը՝ ճի՞շտ է, որ ՆԳ նախարար եք դառնում.

-Որ նախարար եմ դառնալու՝ դա ճիշտ է, բայց ոչ ՆԳ։

-Բա ո՞ր։

-Մշակույթի նախարարությունն եմ ուզում, բայց Ռոլանդը չի համաձայնում,- եզրափակեց Սուրեն Աբրահամյանը։

Ու մինչ նախարարների հետ այսպես ասում-խոսում էինք, Արմեն Դարբինյանը դուրս եկավ իր աշխատասենյակից՝ ելնելով փողոց։ «Վերջ»՝ մտածեցի։ Բայց ոչ՝ 3-ից ընդամենը 2 րոպե պակաս նա վերադարձավ նախագահ Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի ուղեկցությամբ։

Կառավարության նիստը երկար չտեւեց՝ ընդամենը 17 րոպե։ Հետո նախարարները դուրս եկան ու հեռացան, ներսում թողնելով հին ու նոր վարչապետներին, նախագահին։

Ելույթներ նիստում շատ չեն եղել։ Ռոբերտ Քոչարյանն է պարզապես շնորհակալություն հայտնել Արմեն Դարբինյանին ու ասել, թե՝ եթե սովորաբար վարչապետի հրաժարականը կառավարության հրաժարական չի նշանակել, ապա հիմա ավանդույթը ուժի մեջ չէ։ Նախագահը հայտնել է նոր վարչապետի անունը՝ Վազգեն Սարգսյան, եւ շնորհավորել նրան։ Վազգեն Սարգսյանն էլ շնորհակալական խոսքից հետո ասել է՝ ուրախ եմ, որ կառավարությունում առանց պրոբլեմի ենք աշխատել եւ այդ հիմքով էլ նախարարների մի մասի հետ կշարունակվի համագործակցությունը։ Իսկ մյուս մասի մասին Վազգեն Սարգսյան վարչապետը լռել է։

Ինչեւիցե, մեկ ժամ հետո նորընտիր վարչապետն ու նախագահը լքեցին կառավարության շենքը։ Արմեն Դարբինյանը նրանց ճանապարհեց եւ վերադարձավ իր աշխատասենյակ։ Ի դեպ՝ խոսվում է, որ Արմեն Դարբինյանը տնտեսական գծով փոխվարչապետի լիազորություններ է ունենալու, իսկ պաշտպանության գծով փոխվարչապետական իրավասությունները կտրվեն Վահան Շիրխանյանին։ Իզուր չէր քննությունների մասին մտածում Լեւոն Մկրտչյանը։ Մեր աղբյուրները պնդում են, որ դաշնակցական նախարարները մնում են։

Իսկ կառավարության ծրագիրն Ազգային ժողովին է ներկայացվելու հունիսի 16-ին գումարվելիք նիստում։ Սահմանադրությունը դրա համար 20-օրյա ժամկետ է սահմանում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930