Լրահոս
Օրվա լրահոսը

“МАФИЯ БЕССМЕРТНА”

Հունիս 11,1999 00:00
Liza Chaxaryan

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում ամեն ինչ շատ վատ էր: Պարզապես սարսափելի էր: Հանցագործները վխտում էին ողջ Հայաստանում: Փողոցներում ով ում ուզում-սպանում էր: Պատահում էր նաեւ, որ սովահար մարդասպանը ուտում էր իր զոհին: Մամուլը ճնշված էր, վախեցած ու խեղճուկրակ, ոչ մի ազատ թերթ չկար: Լրագրողները զօրուգիշեր փառաբանում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա հանցագործ մերձավորներին: Ու ընդհանրապես, հայտնի անեկդոտի պես՝ նախկին նախագահի օրոք մեր երեխաները առավոտից իրիկուն «լյալում էին ու լյալում»:

Հիմա, երբ վերջապես մեր իշխանավորները ծայրեծայր ազգի նվիրյալներ են, անբիծ եւ առաքինի էակներ, բոլոր ծախվածներն ու մնացած վատ-վատ մարդիկ մեկուսացված են ու արդեն իրենք են առավոտից իրիկուն «լյալում ու լյալում», երբ հաղթահարված է վախի մթնոլորտը, վերացել են հանցագործությունները, ոչ մի սպանություն չի կատարվում /ընդամենը մի քանի հոգի իրենց գլխին թափված անսպասելի երջանկությունից ինքնասպանություն են գործել՝ ու վերջ/, երբ մեր չինովնիկներն սկսել են իրենց արդար աշխատավարձով ապրել, երբ ազատ մամուլը այնպես է ծաղկում, որ 4-րդ իշխանություն լինելը իր համար քիչ համարելով՝ «ֆռռում է» 1-ին տեղի վրա, երբ «ազգի թշնամի» Բլեյան Աշոտին էլ վերջապես կալանավորել են /որն ասեմ, որը թողնեմ/, մեկ էլ հանկարծ «Ա1+» եւ «Ար» հեռուստաընկերությունների /Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ստեղծված/ լրատվածառայություններից տեղեկանում ենք, որ «Օրագիր» թերթ են ներխուժել մեր արդարադատության անաչառ ներկայացուցիչները, որ Հայաստանի «ամենաապազգային» թերթի համակարգիչները տանեն սնանկացած «Միկա Արմենիայի» սովյալներին նվիրեն: Հավանաբար՝ այն ազնիվ մղումով, որ խեղճերը գոնե այդ համակարգիչները վաճառեն ու գոնե մի քանի օր ցամաք հաց ուտեն:

Բնականաբար, լսելուց հետո ուրախացա՝ աշխարհով մեկ եղա: Սկսեցի տենդագին հետեւել մեր զանազան հեռուստաալիքների /որոնք ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք/ լուրերին, որ այդ երջանկությունը լիարժեք վայելեմ, բայց՝ ավաղ… Քար լռություն: Պարզվում է՝ դեռ նախկին հանցագործ իշխանությունները լրիվ պարտված չեն. նրանց չարագործ ձեռքը իր սեւ գործն արել էր ե՛ւ «Արմենիա» հեռուստաընկերությունում, ե՛ւ «Մշակույթ»-ում, ե՛ւ «Այգ»-ում: Եվ, իհարկե, ազգային հեռուստատեսությունում: «Օրագիր» օրաթերթի գլխին եկած այս «ուրախալի» իրադարձության հանդեպ նշածս հեռուստաընկերությունների լրագրողական այս հերթական «համերաշխությունը» վկայում է, որ մաֆիան, ապազգային «էլեմենտները», հանցագործներն ու ծախվածները դեռ լիովին ոչնչացված չեն մեր հայրենիքում եւ ամեն կերպ խանգարում են մեր փառապանծ ղեկավարությանը ու երջանիկ ժողովրդին, որ նրանք օր առաջ տեղեկանան մեր անզուգական արդարադատության տարած լիակատար ու ջախջախիչ հաղթանակի մասին ընդդեմ հղփացած լրագրողների ու առավե՛լ ոգեւորված շարունակեն իրենց սիգաճեմ «քելքը» դեպի առավե՛լ ազատ ու առավե՛լ ժողովրդավարական ապագա:

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930