Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱՊ, ԱՆՆՅՈՒԹ, ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Հունիս 11,1999 00:00
ertuxayin

Ժամանակակից գժություն

Շոգ է։ Ես որ չասեմ երկնքից կրակ է թափվում, դուք հո սեփական մաշկի վրա զգում եք, որ թափվում է։ Սակայն գործողությունները կատարվում են ոչ թե երկնքում կամ կրակի ծովում, այլ ամենասովորական երեւանյան «մարշրուտկայի» մեջ։ Նորքի բարձունքներից իջնում ենք քաղաք։ Չմոռանաք՝ շոգ է։ Ոչ մի նորմալ մարդ այս պարագայում չի հանդուրժի, որ իրեն կպնի իր նման նորմալի քրտնած թեւը։ Բայց երթուղային տաքսու մեջ էն էլ ոնց են կպնում։ Դա դեռ քիչ է, մեկ էլ էդ շոգ-կրակին կանացի մի ձայն. «Ստեղ լուսամուտ չկա՞»։ Առանց նայելու էլ գիտեմ, կողքիս նստած կինն է։ Ձայն չեմ հանում, ու ամենահանճարեղ միտքը, որ փայլատակում է շոգից թառամած ուղեղումս, այն է, թե երնեկ սրա հավեսին։ Բայց կողքինս հարցնելով չի բավարարվում։ Մի գլուխ բոթում է թեւս. «Լսիր, ընկերուհի, քեզ եմ ասում, լուսամուտ չկա՞»։ «Իմ հալ, քո հավես» հոգոց եմ հանում տատիս պես, բայց բարձրաձայն ասում եմ՝ չէ։ Կարծում եք պրծա՞։ Չէ։ Պատասխանս կնոջը խիստ է վիրավորել. «Աղջի, էս ի՞նչ ձեւով ես խոսում, կուլտուրա չունե՞ս»։ Այ քեզ կրակ, մտածում եմ։ Իսկ բարձրաձայն ասում եմ՝ չէ։ «Վայ, ես քո կրթություն տվողի ինչն եմ ասել։ Սրա ինտելեգենտ տեսքին նայի»։ Կինը կարգին փրփրել է, իմ լռությունը նրան ավելի է զայրացնում։ Ուղեւորներն աչքի պոչով մեկ ինձ են նայում, մեկ՝ իրեն։ Շոգ է ու ես խոսելու հավես չունեմ։ Կխոսի, կխոսի, կլռի։ Հույսս դա է։ Բայց կինն ինձ արդեն տանել չի կարողանում։ «Գիտես թե գի՞ժ եմ, ինձ գժի տեղ ես դրե՞լ»։ Կռվի պատրաստ տոն է, բայց ես էլ խեղճի հոգու հետ կարծես թե իսկապես խաղում եմ։

Լուռ եմ. «Աղջի քնե՞լ ես, քեզ եմ ասում։ Գիտես թե գի՞ժ եմ»։ Ճար չկա, մի բան պիտի ասեմ. «Չէ, գիժը ես եմ»։ Ասում եմ ու աչքի պոչով նայում, տեսնես ազատ աթոռ չկա՞, տեղս փոխեմ։ Ազատ աթոռ չկա։ «Հա, հենց էլ դու ես գիժը, բայց չէ, դու գիժ չես, դու իսկական խելագար ես»։ Ի՞նչ տարբերություն, մտածում եմ։ Բայց վարորդի համբերությունն էլ սահման ունի. «Այ կնիկ, սուս մնա, ի՞նչ ես ուղեւորներիս վիրավորում»։ Կինը ձեռքի տոպրակը պինդ պահել է, աչքերը ոլորել է վրաս. «Տեսա՞ր, քեզ պաշտպանող հայտնվեց, ախպեր ջան, իրան ես պաշտպանում, խի՞ ինձ չես պաշտպանում։ Լուսոն վատ աղջիկ ա՞»։ Լուսոն հաստատ ինքն է, որովհետեւ մի Լուսոյի գովք է սկսել, մի գովք, որ չուտես-չխմես, միայն Լուսոյով հիանաս, Լուսոյի աղջիկ ժամանակվա սիրունությամբ, նրան ուզող տղաների բոյ-բուսով եւ այլ մանրամասներով։ Ուղեւորներն աշխուժացել են։ Վարորդն էլ դեմ չի երկար ճանապարհը հետաքրքիր դարձնել։ Իսկ Լուսոս պատմում է ու թեւս բոթում. «Աղջի, ո՞ր գժանոցից ես, ինձ էլ տարան, բայց փախա, խի ես գի՞ժ եմ։ Կարողա՞ դու Սովետաշենից ես»։ Իսկ ես, ինքս իմ վրա մի լավ զարմացած եմ։ Ինձնից չի՝ ոչ հարց եմ տալիս, ոչ էլ Լուսոյին եմ լուրջ ընդունել։ Ի՞նձ ինչ եղավ։ Երեւի շատ շոգ է։ Թարսի պես հանկարծ հիշում եմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ ասել է, թե աշխարհում չկապված գժերն են, իսկ գժանոցում՝ կապվածները։ Հետաքրքիր է, երթուղային տաքսում ինչպիսի՞ գժեր են։ Էդ խեղճ մարդը երեւի ոչինչ էլ չի ասել եւ գժերի մասին ոչ էլ մտածել է։ Երթուղային տաքսում ով ասես կպատահի՝ դիմանալ է պետք, ըմբռնում է պետք, ամուր նյարդեր են պետք, լուսամուտ է պետք։ Իսկ ընտրություններն ավարտվեցին։ Այսօր արդեն նոփ-նոր կոստյումով, նոփ-նոր մանդատով, նոփ-նոր պատգամավորներ ունենք։ Տատս կասեր՝ թոփ-թաժա։ Եկան, որ էս աշխարհը 7 օրում սարքեն՝ դնեն մեր առաջ։

Եկան, որ քանդածները սարքեն ու սարքածները՝ քանդեն (մեղա-մեղա, բա շինարարը կքանդի՞, ի՞նչ իմանաս)։ Եկան, մեկը՝ թաղից, մեկը՝ որսից, մեկը՝ դաշտից, մեկը՝ գործազրկության ճիրաններից, մեկը՝ պահեստից, մյուսն էլ՝ Դուբայից։ Եկան ու հավաքվեցին, եկան, որ ապացուցեն, թե աշխարհը կլոր է եւ ծամոնի պես չի ձգվում, նույնիսկ շոգին։

Լուսո, Լուսո, իսկ դու թեւս ես բոթում եւ ուզում ես իմանալ, թե որ գժանոցից եմ։ Պատգամավոր բառի բացատրությունը այդպես էլ թեկնածու մնացած Լեւոն Եզեկյանը հաստատ ավելի արհեստավարժ կբացատրեր։ Բայց տիկին (օրիո՞րդ) Լուսոյի համար պատը-պատ է, գամը՝ գալ է, մնացածն էլ պոչերն են։ Ու պատը շարված է։ Դեռ չի բարձրանում։ Այ, երբ բարձրանա, շոգն անտանելի կդառնա։

Երթուղային տաքսու ուղեւոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930