Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՈՒՅ ՄԵՐԻԿ, Ի՜ՆՉ ԼԱՎՆ Է ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

Հունիս 11,1999 00:00
mayr Hayastan

Ճամպրուկներն է կապում Հայաստանի Հանրապետության 7-րդ կառավարությունը։ Հանրապետության 8-րդ տարեդարձին կունենանք 8-րդ կառավարությունը։ Առնվազն։ Պոետի խոսքերով ասած՝ կշարունակվի «երկար, ցաքուցրիվ, անգաղափար» մեր երթը։

Միջին հաշվով՝ տարին մեկ վարչապետ ենք փոխել։ Անհաշիվ մարդիկ են նախարարական աշխատանքի փորձ կուտակել։ Կուտակել են ու հեռացել։ Եթե որեւէ վարչապետի հաջողվել է գոնե մեկ տարի աշխատել՝ հաշվետվություններում անպայման տնտեսական աճ է արձանագրել։ Մինչդեռ գործարարներն անգամ դժվարությամբ կկարողանան մի շնչով թվարկել բոլոր յոթ վարչապետներին։ Կառավարությունը Հայաստանում համարյա երբեք հանդես չի եկել որպես տնտեսական քաղաքականություն մշակող եւ իրականացնող։ Մինչեւ 95 թ. գործող բոլոր կառավարությունները ավելի շուտ հիշեցնում էին դիսպետչերական ծառայություն։ Հետո հայտնված տնտեսական քաղաքականությունը մեկ բառով կարելի է բնութագրել՝ սեփականաշնորհում։ Ենթադրվում էր, որ սեփականաշնորհումը կփրկի բոլորին եւ ամեն ինչ։ Մոտավորապես այդ շրջանից էլ սկսվեցին վարկային միջոցների ակտիվ ներարկումները։ Հրանտ Բագրատյանի կառավարությունը սկսեց հպարտանալ տնտեսական աճով։ Ինչ-որ բան իսկապես փոխվում էր։ Սակայն կառավարական մակարդակում տարվող սեփականաշնորհման քաղաքականությունը չէր հանգեցնում սպասված դրական արդյունքներին։ Ինքը՝ բուն սեփականաշնորհումը, տնտեսական բավարար հիմնավորվածություն չուներ։ Այն, ի վերջո, վերածվել էր ապապետականացման քաղաքականության։ Տեմպի տակ իրար հաջորդած կառավարությունները վաճառում էին այն ամենն, ինչը գնորդ ուներ։ Բագրատյանին հաջորդող վարչապետներն ընդամենը մի փոքր փոփոխություն մտցրեցին։ Սեփականաշնորհումը սկսեց դիտարկվել որպես բյուջեի համալրման միջոց։ Լայն իմաստով տնտեսական կյանքի վրա այն դրական որեւէ ազդեցություն չունեցավ։ Չէր էլ կարող ունենալ։ Մեկ-երկու դոլարով թոշակներն ավելացնելը խոսակցության լուրջ թեմա չէ։

Փոխարենը հենց 1995 թվականից մի շարք տնտեսական ծրագրեր հայտնվեցին։ Առաջինը այդ թվականին խորհրդարանական մեծամասնություն դարձած «Հանրապետություն» խմբակցության ծրագիրն էր։ Ծրագրում կոնկրետ ժամկետներով նշված էր՝ որ ամսին ինչ է կատարվելու։ Կատարվեց միայն 24-ժամյա հոսանքի մատակարարումը։ 100 դոլարին համարժեք աշխատավարձով 200 հազար աշխատատեղի ստեղծումն այդպես էլ մնաց երազանք։ Հաջորդ տնտեսական ծրագրերը, այս դառը փորձն ունենալով, «շրջանցեցին» կոնկրետ խոստումները։ Բոլոր տնտեսական ծրագրերում հիմնական դարձան խորհրդային տարիներից հայտնի «ընդլայնել, հասնել, զարգացնել, նպաստել ու խթանել» բառերով սկսվող հայտարարությունները։ Վերջին երկու կառավարությունները հատկապես եռանդագին փորձում էին «խթանել ու զարգացնել» արդյունաբերությունը։ Բայց հենց նրանց ղեկավարման շրջանում էլ արդյունաբերությունը սկսեց անկում արձանագրել։ Ազգային ժողովի ընտրությունների շրջանում նորից տնտեսական զարգացման ծրագրեր հայտնվեցին։ Դրանց մեծ մասն արժանի չէր անգամ ընթերցված լինելու։ Հիշեցնենք, որ 95-ի կոնկրետ ծրագրի հեղինակն այդ շրջանում վարչապետ Բագրատյանն էր։

Այս շրջանում էլ Հրանտ Բագրատյանն օրիգինալ էր։ Բոլոր ծրագրերն անխտիր ընդգծում էին արդյունաբերության վերականգնման հարցում պետության ակտիվ դերի մասին։ «Միասնություն» դաշինքը բառացիորեն հրապարակում է «Պետությունը պետք է առաջնություն տա արդյունաբերության արագ զարգացմանը»։ Բագրատյանի կուսակցության ծրագիրը սառնասիրտ հակաճառում է. «Պատահական չէ, որ իշխանություններն ինչքան շատ են խոսում արդյունաբերությունը զարգացնելուց, այնքան ավելի են տնտեսական անկման տեմպերը ոլորտներում։ Արդյունաբերության ամենամեծ անկման տեմպերն առկա են 1991-1992 եւ 96-97 թթ., երբ «ազգային» արդյունաբերությունը վերականգնելու ձգտումները գերակշռել են տնտեսության զարգացման իրական շահերի նկատմամբ»։

Ակնհայտ է, որ իրականացվելիք տնտեսական ծրագիրը, որ կներկայացնի նոր կառավարությունը, պետության ակտիվ դերակատարում է ենթադրելու։ «Ոսկե միջինը», ինչպես նախկինում, շրջանցվելու է։ Բնականաբար՝ հակառակ կողմից։ Նախկինում իշխանությունները ձգտում էին պետության դերը տնտեսական կյանքում մինիմումի հասցնել։ Նրանց երազանքն էր պետությունը տեսնել գիշերային պահակի դերում։ Նոր կառավարությունը փորձելու է բարձրացնել պետության դերը։ Դժվար չէ միանշանակ ենթադրել, որ նա չափն անցնելու է։ Թե որքանո՞վ, դժվար է այսօր որոշելը։ Պետք է հաշվի առնել, որ վարկային ակտիվ տարիներն անցել են։ Միջազգային վարկատու կազմակերպությունների ամենամեծ չափով (մոտ 80 մլն դոլար) պարտքի վերադարձի ժամկետը 2001 թվականն է։ Իսկ այս տարվանից հանրապետությունն ավելի մեծ չափով պարտք է վերադարձնելու, քան նոր վարկ է ստանալու։

Հետեւաբար կարեւորվում է միջազգային վարկատու կազմակերպությունների հետ բարիդրացիական հարաբերություններ պահելու հարցը։ Հենց այս կոնտեքստում է հնարավոր ֆինանսների նախարարի պաշտոնում Լեւոն Բարխուդարյանի վերադարձը։ Գոնե նախկին լիբերալի համբավ ունեցող է պետք այդ խնդիրների կարգավորման համար։ Ապագա կառավարության գործունեության համար իդեալական երաժշտական ֆոնոգրամա կարող է դառնալ Թաթայի «Թե՛ աջ, թե՛ ձախ» երգը։ Ասել, որ սա նոր երեւույթ է, մի փոքր չափազանցություն կլինի։ Աջ ու ձախ թեքումներով 90-ականներին անընդմեջ աշխատում են Ռուսաստանի կառավարությունները։ Տնտեսական առաջընթացի հնարավորությունն այդ երկրում առայժմ նշմարելի չի։ Իսկ մերոնց գուցե հաջողվի։ Հայտնի բան է՝ մերն ուրիշ է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930