Պրոֆեսիոնալ Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորը 27-ամյա իրավաբան Վազգեն Խաչիկյանն է։ Ծնունդով լոռեցի այս տղային առավել լավ գիտեն ուսանողական շրջանում։ Ուսանող դառնալու առաջին օրվանից լայն ուսանողական գործունեություն է ծավալում, համալսարանը ավարտել է կարմիր դիպլոմով, 1996 եւ 97 թթ. ճանաչվել է համալսարանի լավագույն ուսանողը։ Այժմ էլ նշանված է համալսարանի անցած տարվա տասը լավագույն ուսանող ճանաչվածներից մեկի հետ եւ ինչպես ասաց՝ շա՜տ ուրախ չէ պատգամավոր դառնալու համար։
-Ես համալսարան ընդունվելու համար էլ շատ ուրախ չեմ եղել, եւ ոչ էլ՝ ասպիրանտուրա ընդունվելու համար։
-Իսկ ինչի՞ համար էիր շատ ուրախ։
-Երբ սիրած աղջկաս սեր բացատրեցի եւ փոխադարձ բացատրություն ստացա։
Կարդացեք նաև
-Իսկ ամենաերիտասարդ պատգամավորի դերում քեզ ինչպե՞ս ես զգում։
-Դեռ չեմ հասցրել զգալ, բայց կարծես թե սովորական։ Վերջին հաշվով մարդ մի տեղից պիտի սկսի, հո թոշակի չեմ գնալու ուսանողական գործունեություն ծավալելով։
-Կարո՞ղ եմ ենթադրել, որ ԱԺ-ում պաշտպանելու ես երիտասարդների, ուսանողների շահերը։
-Այդպես հատվածային շահեր, իհարկե, չեմ պատրաստվում պաշտպանել, չնայած ուսանողության եւ երիտասարդության շահերը, իհարկե, պիտի իմ ուշադրության կենտրոնում լինեն։ Իմ ուշադրության կենտրոնում պիտի լինի նաեւ ԱԺ-ում բարձրացված ցանկացած հարց։
-Իսկ պատգամավորության գործունեությունը չի՞ խանգարի ասպիրանտուրայում սովորելուն։
-Ես ուսանողության տարիներին էլ սովորելու հետ աշխատում էի։
-Իսկ ինչո՞ւ ընդգրկվեցիր հենց «Միասնություն» դաշինքի ցուցակում։
-Ես մի ընկալում ունեմ, որ Հայաստանը ներկա ճգնաժամից դուրս կարող է գալ միասնական ջանքերով։ Իմ կողմից այդպիսին ընկալվում է «Միասնություն» դաշինքը։
-Այսինքն քաղաքական գործիչ ես ուզում դառնալ։
-Ոչ թե ուզում եմ, այլ Աստված է այդպես կամեցել։
ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑ