Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչները չտվեցին այն, ինչ տվեցին թաղային հեղինակությունները

Հունիս 11,1999 00:00
Armenak Armenakyan

Նորք-Մարաշ համայնքի թաղապետ Արմենակ Արմենակյանի հետ միայնակ խոսել այդպես էլ չհաջողվեց։

Նա շրջապատված էր մոտ 20 ընկերներով. բոլորն էլ միջին օղակի պաշտոնյաներ եւ նշում էին պարոն Արմենակյանի հաղթանակը։ Հասկանալի է, որ նման արարողություններ տեղի են ունենում համարյա ամեն օր։ Հանաք բան չի. Արմենակ Արմենակյանը պարտության է մատնել Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր)։ Հետաքրքրվեցի, թե ինչու դարձավ պատգամավոր, մի՞թե թաղապետի պաշտոնը ավելի հարմար չէր իր համար։ Պարոն Արմենակյանը համաձայնեց մեր այս պնդմանը, սակայն պարզաբանեց, որ ինքը կրկին կվերադառնա թաղապետի պաշտոնին, երբ կարողանա մեծացնել թաղի սահմանները։ «Ո՞ւմ է պետք այդքան մեծ եւ անկառավարելի Կենտրոն համայնքը։ Մի կողմից, Նորքում համարյա ոչինչ չկա, ամեն ինչով կապված ենք Կենտրոնի հետ։ Զինկոմիսարիատն այնտեղ է, դատարանը, դատախազությունն այնտեղ են։ Նորքում ընդամենը միլիցիայի բաժանմունքն է։ Մեկ էլ իմանում ենք, որ ինչ-որ մեկին տարել են, առանց իմանալու, հետաքրքրվելու՝ ով ով է, ինչ արժանիքներ ունի։ Միակ ծառայությունը, որ գործում է համայնքում՝ սանմաքրմանն է, այն էլ ստեղծվել է մեր ջանքերով։ Այսօր արդեն տեսանելի է, որ համայնքներից մի երկուսը լուծարվելու են։ Իսկ մեր համայնքը դրական հաշվեկշիռ ունի»։

– Ինչո՞ւ քաղաքական գործիչները եւ կուսակցությունները պարտություն կրեցին, եւ նրանց փոխարեն պատգամավոր դարձան թաղային հեղինակությունները։

– Այդպես էլ պետք է լիներ։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ են արել այսքան ժամանակ քաղաքական կուսակցությունները այս ժողովրդի համար։ Այս թաղի բնակիչները ինձ շատ լավ ճանաչում են։ Մարդը գալիս, ասում է՝ հացի փող չունի կամ երեխան հիվանդ է, դեղի փող չունի, ես նրան իմ գրպանից գումար եմ տալիս, որով այդ մարդը կարողանում է ինչ-որ հարց լուծել։ Ճիշտ է, սա հարցի լուծում չէ։ Բայց այդ մարդն արդեն տասը տարի է գնում է այդ կուսակցությունների մոտ, բողոքում է իր վիճակից, նրան ընդամենը մի բան են ասում՝ այս վիճակը հարատեւ չի, մեղավորն իշխանություններն են, մի քիչ համբերեք՝ լավ կլինի։ Այդքանից հետո ինչպե՞ս կարող են մարդիկ չհիասթափվել կուսակցություններից. մարդը սոված է, իսկ նրան փորձում են գաղափարներով կերակրել։

– Ինչպե՞ս ստացվեց, որ «Երկրապահ» կամավորների միության Նորք-Մարաշ մասնաճյուղի նախագահը չկար «Միասնություն» դաշինքի ցուցակներում։

– «Տիգրան Մեծ» աշխարհազորային գունդն ունի կանոնադրություն-հռչակագիր, որով արգելվում է զինվորին անդամագրվել որեւէ կուսակցության, քանի որ, այդ դեպքում նա պարտավորվում է զբաղվել կուսակցական աշխատանքով, մինչդեռ զինվորի համար առաջնայինը իր ազգի եւ հայրենիքի խնդիրներն են։ Ես դեմ եմ համամասնական ընտրակարգ կոչվածին, քանի որ պատգամավորը պետք է ճանաչի իր ընտրողին, շփվի նրա հետ։ Համամասնականի դեպքում ընտրողը վերածվում է անդեմ զանգվածի։ Պատկերացնո՞ւմ եք այն պատգամավորների գործունեությունը, որոնք մեծամասնական ընտրակարգով չեն ընտրվել, սակայն պատգամավոր են դարձել համամասնական-կուսակցական ցուցակներով։ Բնական չէ՞, որ այդ մարդիկ մտածելու են, որ այս ժողովուրդն իրենց չի սիրում, այլապես կընտրեր։ Իսկ եթե ժողովուրդը իրենց չի սիրում, ինչպես կարողն են իրենք սիրել այդ ժողովրդին։ Իսկ ես պարզ ճակատով կարող եմ նայել մարդկանց երեսին, որովհետեւ մեր միջեւ փոխադարձ ընկալում եւ հասկացողություն կա։

Կարծում եք Լեւոն Տեր-Պետրոսյանի պարտության եւ հրաժարականի պատճառն ի՞նչն էր։ Նա էլ չկարողացավ ներել 1996 թվականին իրեն չընտրած ժողովրդին։

Արմենակ Արմենակյանը վերջում հավաստիացրեց, որ ԱԺ-ում իր համայնքի հետ կապված խնդիրները լուծելուց հետո կրկին վերընտրվելու է Նորքի թաղապետ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930