Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՐ «ԽՈՒԼՈՒՀԱՄՐ» ԿԱՐԿԱՌՈՒՆՆԵՐԻՆ

Հունիս 11,1999 00:00
ashot bleyan

Իշխանությունները լավագույնս հաշվարկ էր արել. նրանք վստահ էին՝ «մտավորականություն» անվամբ քաղքենի շերտը, որ աղետալիորեն ծանրակշիռ թիվ է կազմում հայ իրականության մեջ, Աշոտ Բլեյանին կալանավորելու դեպքում, բողոքի ձայն չի բարձրացնի: Ծայրահեղ դեպքում՝ «համեստորեն» կլռի:

Աշոտ Բլեյանը նախ՝ «ժամանակից շուտ» է Բաքու գնացել, հետո էլ եկել ու չի հայտարարել, որ ադրբեջանցիները կիկլոպներ են, ճակատներին էլ մեծ-մեծ պոզեր ունեն: Դա հեչ, որ Աշոտ Բլեյանի այցից հետո ե՛ւ Հայաստանից են քանիցս Բաքու այցելել՝ ավելի բարձր մակարդակով, ե՛ւ Բաքվից են Հայաստան եկել, մերոնք էլ շատ ջերմ ընդունել են, դեռ հետներն էլ կերել-խմել են: Դա էլ հեչ, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա ծաղկում է «բարի-դրացիական» առեւտուրը, եւ հայ ու ադրբեջանցի առեւտրականները իրար գլուխ չեն ջարդում: Իսկ թե պատահում է՝ ջարդում են, ապա ոչ ամենեւին հանուն հայրենիքի. պարզապես գնի հարցում «չեն բարիշում»:

Հայ կարկառունները Աշոտ Բլեյանին չեն պաշտպանի. նա խաղաղության կողմնակից է, չի ուզում, որ մեր երեխաները զոհվեն: Խաղաղության նրա առաջարկած տարբերակն էլ, հասկանալի է, շատերիս համար ընդունելի չէ: Ու մեր խիստ զայրացած հայրենասերները մինչ մահ-գերեզման դա նրան չեն ների, բայց եթե տարբերակ ունեն իրենց որդիներին բանակից ազատելու, կամ՝ ծայրահեղ դեպքում, «Զինուժ»-ում տեղավորելու, ոչ մի ջանք ու ծախս դրա համար չեն խնայի ու չեն խնայում:

Հայ կարկառունները Աշոտ Բլեյանին չեն պաշտպանի. նա բազմաթիվ դասագրքեր է հրապարակել, ու այդ դասագրքերը դուր չեն գալիս իրենց: Եւ հատկապես նրանց, ովքեր կարող էին դասագրքեր ստեղծել երեխաների համար, բայց չեն ստեղծել: Նրանք համբերությամբ սպասել են, որ Աշոտ Բլեյանը ստեղծի, իրենք էլ վայնասուն բարձրացնեն, թե դրանք այն դասագրքերը չեն, որ կցանկանային տեսնել իրենց սիրասուն զավակների ձեռքին:

Մեր կարկառունները, չէ, Աշոտ Բլեյանին չեն պաշտպանի. նա ազգային դպրոցի հիմքն է փորձել դնել դեռեւս այն ժամանակ, երբ «ազգային» բառն անգամ բարձրաձայն չէր արտասանվում: Հիմա չնայած տեղից վեր կացողը «ազգային» է գոռում, բայց մեր դպրոցները օրեցօր կամ քայքայվում են, կամ՝ խարխափում-խարխափում ու չեն գտնում «ճամփան Բինգյոլի», որովհետեւ կոկորդները «ազգայնաբար» պատռող մեր կրթության «դանկոները» մինչեւ հիմա պատկերացում անգամ չունեն, թե ինչ ասել է «ազգային»։ Դրա փոխարեն ռուսական դպրոցները կրկին բարգավաճում են, մեր ռուսախոս հայրենակիցների խզված ձայնն էլ օրեցօր «զլվում է», մեր մայրաքաղաքն էլ խեղդվում է անգլո-իրանական պաճուճանքների ծանրության տակ։

Իշխանությունները ճիշտ հաշվարկ են արել. նրանք հիանալի գիտեն, որ Հայաստանում հատուկենտ մտավորականներ եթե կան էլ, մտավորականություն ասվածը չկա։ Եթե Հայաստանում մտավորականություն լիներ, մի բռունցք դարձած ոտքի կկանգներ զանազան գորշ միջակությունների դեմ՝ այն խայտառակությունից հետո, երբ լսեց, որ մաեստրո Օհան Դուրյանը հուսահատությունից որոշել է պատմությանը հանձնել իր դիրիժորական փայտիկը։ Եթե Հայաստանում մտավորականություն լիներ, կհասկանար՝ ընդունելի է Աշոտ Բլեյանի կեցվածքը, թե ոչ, նրա նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում։ Եվ որ ամեն դեպքում Աշոտ Բլեյանը իրենց «երամից» է։

Մեր կարկառունները ավելի «լուրջ» գործերով են զբաղված. իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ հանդիպում «հաջողեցնելուն» պես՝ լալահառաչ բողոքում են, թե ինչո՞ւ որոշ թերթերի խմբագիրների չեն պատժում, որոշ թերթեր էլ ընդհանրապես չեն փակում։

Աշխարհում երեւի թե մենք միակ «համաշխարհային» ազգն ենք, որտեղ ազատ խոսքի հանդեպ ամենակատաղի սուր ճոճողները կարկառուն մտավորականներն են։

Իսկ ընդհանրապես, Աշոտ Բլեյանին ապօրինաբար բանտում պահելու փաստը «խուլուհամրի» պես ընկալող մեր կարկառուններին պատմական երկու փաստ հիշեցնեմ։ Դարասկզբի մեր լուսավոր հայերից մեկը՝ Դժոխք Հրայրը, ֆիդայական շարժման դեմ հոդվածներ էր գրում՝ պնդելով, որ թուրքական հզոր բանակի դեմ ֆիդայական շարժմամբ հնարավոր չէ որեւէ հաջողության հասնել, եթե ոչ հակառակը (ինչը որ եղավ)։ Բայց երբ արհավիրքը վրա հասավ, չասաց՝ բա որ ասո՞ւմ էի, դե գնացեք-կոտորվեք։ Զենք վերցրեց ու հերոսաբար զոհվեց։ Իսկ թե քանի «ի զեն» բղավող Արաքսը լեղապատառ անցավ, այդ մասին պատմությունը «համեստորեն» լռում է։ Եվ ո՞վ գիտի, հենց այդ «համեստ» լռողնե՞րն են քաջատեղյակ, թե ոնց եղավ, որ Արեւելահայաստան գալու հրահանգին չենթարկված ու իր զենքին ու ժողովրդին չդավաճանած Գեւորգ Չաուշին թփի տակ մի քրդուհի գտավ թիկունքից խփված, լքված ու մահամերձ…

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930