Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետի վերջին զրույցը

Հունիս 11,1999 00:00
Armen Darbinyan

Վարչապետի կարգավիճակով, հավանաբար, վերջին անգամ էր Ազգային ժողով ժամանել Արմեն Դարբինյանը։ Հասկանալի է՝ իր մերձավորներով եւ թիկնապահներով։

Նա դեռեւս մինչեւ ԱԺ նախագահի ընտրությունների գործընթացի սկսվելն էլ ասաց, թե շատ մեծ ընտրություն չկա, ընտրության միակ առանցքը Կարեն Դեմիրճյանն է։

– Իսկ դուք համաձա՞յն եք այդ թեկնածությանը։

– Ես պատգամավոր չեմ եւ քվեարկելու իրավունք չունեմ։

– Իսկ եթե ունենայի՞ք։

– Եթե-ներով մի քիչ դժվար է խոսել։

– Ձեզ համար մի ցավագին հարց…

– Ինձ համար ցավագին հարցեր չկան։

– Վազգեն Սարգսյանն, ըստ էության, արդեն վարչապետ է։ Դուք հոգեբանորեն պատրա՞ստ եք հեռանալ։

– Իհարկե։

– Խոսակցություն կա, թե շարունակելու եք աշխատել Հայաստանում՝ պաշտոնավարելով իբրեւ տնտեսական նախարար։

– Ես հաստատապես մնալու եմ պետական համակարգում։ Պիտի շարունակեմ իմ նպաստը ներդնել պետության կայացման գործում։

– Կարեն Դեմիրճյանն իր ելույթում խոսեց սեփականաշնորհման գործընթացի մի շարք կասկածելի դրսեւորումների մասին։

– Դժվարանում եմ ասել, թե ինչն է կասկածելի։ Կարծում եմ, Կարեն Դեմիրճյանի հետ այդ հարցով խոսելու առիթ կլինի։ Նրա խոսքում ընդհանրական գնահատական տրվեց սեփականաշնորհման գործընթացին։ Իսկ որեւէ երկրում անթերի սեփականաշնորհում իրականացնելն անհնար է։ Նման բան գրեթե չի եղել։ Այդ պրոբլեմը եղել է բոլոր երկրներում, այդ թվում՝ եւ մեզ մոտ։ Այնպես որ, նոր բան չասաց պարոն Դեմիրճյանը։

– Դուք կհամաձայնեի՞ք աշխատել Վազգեն Սարգսյան վարչապետի ղեկավարությամբ։

– Ես կարգավիճակային որեւէ պրոբլեմ չունեմ։ Չեմ համարում, թե վարչապետ էի նշանակված առհավետ։ Բնական է, որ քաղաքական զարգացումների հետեւանքով պիտի գար մի պահ, որ ես թողնեի այդ պաշտոնը։ Հիմա այդ պահը եկել է։ Ես ուրախ եմ դրա համար։ Սակայն այդ պահը եկել է ոչ թե իբրեւ իմ աշխատանքի գնահատական, ոչ թե իբրեւ կառավարության աշխատանքի գնահատական, այլ՝ որպես քաղաքական գործընթացի զարգացման արտահայտություն։ Միանշանակորեն պիտի ասեմ, որ դա դրական եմ գնահատում։ Դրական մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար։ Պատրաստ եմ հետագայում եւս ծառայել մեր պետությանն ու ժողովրդին։ Շաբաթ օրը դիմումս ներկայացրել եմ նախագահին, որից հետո նա խնդրեց այդ պաշտոնում աշխատել եւս մեկ շաբաթ։ Այսօր, եթե չեմ սխալվում (զրույցը տեղի է ունեցել հունիսի 10-ին), նախավերջին օրն է։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերում նոր ձեւավորվող իշխանությանը։

– Ազգային ժողովում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ճնշող մեծամասնություն ունի «Միասնություն» դաշինքը։ Այդ միավորը պատրաստակամ է ստանձնել քաղաքական պատասխանատվություն կառավարության գործունեության համար։ Դա միանշանակորեն ճիշտ է։

– Պարոն Դարբինյան, «Արժանապտիվ ապագան», ըստ էության, խորհրդարանում չունեցավ որեւէ մանդատ։ Ի՞նչ է լինելու այդ քաղաքական ուժի ճակատագիրը։

– Ես մոտ օրերս կանդամագրվեմ այդ կուսակցությանը։ Դա լուրջ ապագա ունեցող կուսակցություն է։ Այնտեղ շատ լուրջ են դրված հիմքերը, մանավանդ, որ հավաքվել են լայնախոհ մարդիկ։

– Դուք «Արժանապատիվ ապագայի» նախագա՞հն եք դառնալու։

– Ես դառնալու եմ ակտիվ անդամներից մեկը։

– Տեսակետ կա, թե «Միասնություն» դաշինքի ծրագրի տնտեսական մասը ավելի շատ կարող է վնասել, քան օգտակար լինել պետությանը։

– Պետք է նկատի առնել մեկ հանգամանք՝ դա նախընտրական ծրագիր էր եւ ոչ թե կառավարության ծրագիր։ Պետք է հաշվի առնել նախընտրական տրամադրությունների գործոնը։ Իսկ նախընտրական եւ հետընտրական իրողությունները բավականին տարբեր են լինում։ Վստահ եմ, որ կառավարությունը միանգամայն տարբեր ծրագիր է ներկայացնելու խորհրդարանին։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930