Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ» Է

Հունիս 11,1999 00:00
maraxux

Թե՛ «Իրավունք եւ միաբանության», թե՛ «Օրինաց երկրի» համար մառախլապատ եւ ոչ թռիչքային եղանակ է։

Ակսակալների զուսպ հմայքը

Նոր խորհրդարանի առաջին նիստի հանդիսավորությունը փուխր էին դարձնում նիստը վարող ավագագույն պատգամավորի՝ 79-ամյա Պերճ Բոշնաղյանի արտահայտությունները։ Այսպես, նա նախ սայթաքեց ներկա Ռոբերտ Քոչարյանին «մեծարգո նախարար» անվանելով։ Հետո Դավիթ Լոքյանին Լոքոյան վերանվանեց, Բազեյանին՝ Բազայան, իսկ ՀԺԿ-ի եւ ԱԺՄ-ի ժ-երի իմաստը լրիվ փոխում էր. առաջինին անվանում էր ժողովրդավարական կուսակցություն, իսկ երկրորդին՝ ազգային ժողովրդական միություն։ Խոսափողին անընդհատ ձայնափող էր անվանում եւ համոզում էլի այն միկրոֆոն վերանվանել, հետո նույնը Կարեն Դեմիրճյանն էլ արեց։

Օրվան պատշաճող խոսքերից

«Շատ բան պետք է արվի խորհրդարանի նկատմամբ ժողովրդի վստահության վերականգնման եւ միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման համար,- իր ողջույնի խոսքում ասաց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։- Մեծ չափով նաեւ ձեզանից է կախված միջազգային հանրության վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։ Խորհրդարանն, ըստ էության, երկրի հավաքական քաղաքական նկարագիրն է»։

Իհարկե, տարակուսելի է թվում, թե ներկաներից առնվազն 70-ը մինչեւ պատգամավոր ընտրվելն ի՞նչ կապ ունեին քաղաքականության հետ, որ այդ նկարագիրն ամբողջացնող համարվեին։ Եվ առավել խիստ տարակուսելի է թվում, թե միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության վրա ներկա պատգամավորների զգալի մասի ազդեցությունը կարող է դրական լինել։ Ուստի ցավալի եւ անընդունելի հիշեցման պես էին հնչում նաեւ Գարեգին կաթողիկոսի ուղերձի (որն ընթերցեց կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը) գրեթե նույն խոսքերը. «Դուք հայ ժողովրդի պատկերն եք մեր եւ օտար աշխարհի օրենսդրական իշխանությունների առաջ»։

Դեմիրճյանը վերջապես նախագահ դարձավ, բայց՝ ԱԺ-ի

Մի խորհրդանշական փաստ. երբ Պերճ Բոշնաղյանը կարդում էր ընտրվածների անունները, ծափահարեցին բոլորին՝ բացի «Իրավունք եւ միաբանության» եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչներից։ Հետո ակնհայտ դարձավ, որ ԱԺ ղեկավար կազմը կանխորոշելիս էլ խորհրդարանական մեծամասնությունն «ամեն քրոջ համար մի ականջօղ» նախապատրաստել է՝ բացի այդ երկուսից։ Բայց ամեն ինչ՝ հերթով։

Թեեւ վաղուց եւ բոլորին հայտնի էր, թե ով է լինելու ԱԺ նախագահը՝ «Իրավունք եւ միաբանությունը» փոքր-ինչ ինքնանպատակ իր ղեկավարին առաջադրեց։ Արտաշես Գեղամյանն էլ իր դաշինքի ծրագիրը բարեհաջող եւս մեկ անգամ հնչեցնելուց ու մի երկու հարցի պատասխանելուց հետո ինքնաբացարկ հայտնեց, դրան գումարելով իր համոզվածությունը, թե «Կարեն Սերոբիչն ի վիճակի կլինի շտկել առկա իրավիճակը»։ Ի դեպ, նրա ելույթի ընթացքում նիստերի նախապես լեփլեցուն դահլիճը կիսադատարկ դարձավ, դուրս եկավ Սերժ Սարգսյանը, նաեւ Ռոբերտ Քոչարյանը հենց այդ պահը նախընտրեց հեռանալու համար։

Մինչդեռ Կարեն Դեմիրճյանի ծրագիրը լսել էին լարված ուշադրությամբ։ Բայց նա ասում էր նույն բաները, ինչ մեզանում սովորաբար ասում են ծրագրային ելույթներում՝ հանրահայտ իրողությունների վերահաստատումներ, անհրաժեշտ օրենքների թվարկումներ, բարի ցանկություններ, ընդհանուր դատողություններ եւ այլն։

Որոշակի էր աշնանը սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներ կազմակերպելու եւ հանրաքվեի միջոցով Սահմանադրությունը փոփոխելու ԱԺ-ի ապագա նախաձեռնության վերաբերյալ դրույթը։ Առանձնացնենք եւս մի որոշակի հարցադրում, Կարեն Դեմիրճյանը խոսեց նոր ընտրական օրենսգրքի անհրաժեշտության մասին։ Բայց սա էլ անակնկալ չէր։ Բացառությամբ նախագահական արտահերթ ընտրությունների, երբ դա ուղղակի չէին էլ հասցնի անել՝ Հայաստանում ամեն ընտրություն նոր օրենքով են անցկացրել, ընդ որում՝ ամեն մեկը նախորդից ավելի վատն է եղել։

Կարեն Դեմիրճյանի ելույթը գրավոր էր։ Ավելի հաջող ու կենդանի էին այն հատվածները, երբ նա գրավոր տեքստից կտրվելով խոսեց։ Ամենակարեւորը «քաղաքական հանդուրժողականության եւ աշխատանքային համագործակցության» կոչն էր. «Ես ուսումնասիրել եմ այսօր ԱԺ-ում գտնվող տարբեր խմբակցությունների ծրագրերը եւ պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր, շատ ընդունելի լուծման ուղիներ եւ մեթոդներ են առաջարկվում, որոնք քննելն, ինձ թվում է, պիտի համահավասար լինի՝ անկախ թե որ կուսակցությանն է»։ Կարեն Դեմիրճյանը հայտնեց իր սկզբունքը. «Պետք է չնայել, թե ով է ասում։ Պետք է լսել, թե ինչ է ասվում եւ եթե ճիշտ է՝ պետք է անպայման իրականացնել» (անգամ ԱԺՄ-ն, որը միշտ պնդում է, թե «կարեւոր է ո՛վ է ասում», էլի Շավարշ Քոչարյանի միջոցով բարձր գնահատեց այս պատրաստակամությունը)։

Եվ ելույթի մյուս բանավոր հատվածն էլ այս էր. «Ես ցավով եմ նշում, որ մենք այսօր հրաժեշտ չենք տալիս մեր նախորդ ԱԺ-ին եւ այն աննկատ հեռացավ, որը մեր պետականության համար այնքան էլ դրական պահ չէ»։ Ի դեպ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը ներկա չէր այս նիստին՝ արդյոք հրավիրվա՞ծ էր… Ինչեւէ, Կարեն Դեմիրճյանին «կողմ» քվեարկեցին 110 պատգամավոր, «դեմ» էին միայն 12-ը։

… Եթե չունեք ուրիշ լոմ

Մեծամասնության խաղաթղթերը խառնելու ի սկզբանե դատապարտված փորձի էր նմանվում, որ Ալբերտ Բազեյանի (ՀՀԿ) եւ Ռուբեն Միրոյանի (ՀԺԿ) հետ միասին Հրանտ Խաչատրյանն էլ հայտ ներկայացրեց ԱԺ փոխնախագահի բավական խորհրդանշական աթոռին տիրանալու համար։ Միայն նյարդայնություն առաջացրեց «Միասնության» շարքերում, երբ նա մասնավորապես հայտարարեց. «Խորհրդարան է թափանցել իրավիճակին ոչ համապատասխան, երկրի կլանային համակարգի ներկայացուցիչների մեծ թվաքանակ»։ Գալուստ Սահակյանը զուսպ հետաքրքրվեց. «Արդյոք պատե՞հ էր այսօր պատգամավորների չգիտեմ որ խմբին կամ ում անվանել կլանային համակարգի ներկայացուցիչ։ Դուք կո՞ղմ եք լինելու հանդուրժողական աշխատանքին, թե պիտի անընդհատ շարունակեք նույն մամուլային խոսակցությունները»։ Եվ Հրանտ Խաչատրյանն ավելի հարձակողական պատասխանեց. «Ես համոզված եմ, որ դահլիճում կան այդ համակարգի ներկայացուցիչներ եւ ինձ մի ստիպեք անցնել անունների»։ «Միասնության» շարքերով վրդովմունքի ավելի ուժգին ալիք անցավ։ «Դուք որեւէ կլանի պատկանո՞ւմ եք»,- Սամվել Բաբայանի աջակցության շնորհիվ ընտրվածին ուղիղ հարց տվեց Անդրանիկ Մանուկյանը։

«Այդ հարցն ինձ տալը ես վիրավորական եմ համարում եւ չեմ պատասխանում»,- արձագանքեց Հրանտ Խաչատրյանը, որին հետո 33 հոգի «կողմ» քվեարկեցին, բայց 91-ը՝ «դեմ» (ցուցակներում էլ կարծես անճշտություններ չկային)։ Հանրահայտ ճշմարտություն է, ապակե տանն ապրողը քարեր չպիտի շպրտի։ Երեկ սկսեցին քննարկել նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ծրագրերը։ Չնայած այդ պաշտոնների իրական տերերը հայտնի են արդեն։ 3-ը «Միասնությունից» են՝ (արտաքին հարաբերություններ՝ Արմեն Խաչատրյան, պետաիրավական՝ Յուրի Բախշյան, ֆինանսավարկային՝ Վարդան Խաչատրյան), 3-ն էլ տրվելու է այլ խմբակցությունների (պաշտպանության՝ դաշնակցական Վահան Հովհաննիսյան, սոցիալական՝ կոմունիստ Գագիկ Թադեւոսյան, գիտության, կրթության, մշակույթի՝ Շավարշ Քոչարյան)։ Վերջինս ելույթում առաջընթաց եւ դրական քայլ գնահատեց, որ «Միասնությունն» այդ 3 հանձնաժողովներում իր ներկայացուցիչներին չառաջադրեց։ Սա իրոք, անուրանալի է, որ փորձ չարեցին կրկնել «Հանրապետություն» խմբակցության 1995-ի սխալը ԱԺ բոլոր պաշտոններում միահեծան իշխանություն հաստատելու վերաբերյալ։

Հանձնաժողովների նախագահների տեղերի համար իրենց հավակնորդներին են ներկայացրել նաեւ «Իրավունք եւ միաբանությունը» եւ «Օրինաց երկիրը», բայց, կարծում ենք, այսօր կապացուցվի, որ դրանք զուր ջանքեր են։ Մեծամասնությունն է որոշում եղանակը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930