Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» դեմ է Անդրանիկ Մանուկյանին

Հունիս 11,1999 00:00
Andranik manukyan

Կարեն Դեմիրճյանի ելույթն ուշադրությամբ ունկնդրելուց հետո, նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս, մի պահ լքեց նիստերի դահլիճը՝ դուրս գալով նախասրահ։

Բազմաթիվ աչքեր արձանագրեցին, որ առաջինը նա խոսքուզրույցի բռնվեց ԱԺ երեք գումարումների պատգամավոր Անդրանիկ Մանուկյանի հետ։ Մոտ կանգնած լրագրողներին լսելի եղավ Ռոբերտ Քոչարյանի հարցումը պատգամավորին մոտավորապես այն բովանդակությամբ, թե արդյոք մտադի՞ր է «Օրագիրը» ֆինանսավորել։ Ըստ երեւույթին, հարցը ծագել է այն բանից հետո, երբ Անդրանիկ Մանուկյանը, ըստ մամուլի վկայությունների, իր անձնական համակարգիչն է նվիրել թերթին, ինչը մենք խրախուսում ենք, եւ խոստացել է գործարարների միջոցով հավաքել 25 հազար դոլար, որպեսզի «Օրագիրը» կարողանա փակել իր պարտքը՝ գոյացած դատարանի վճռով։ Պատգամավորի այս ձեռնարկը մենք կրկնակիորեն ենք խրախուսում, եւ եթե 25 հազարի կրկնապատիկը հավաքվի «Օրագրի» համար՝ մանավանդ Անդրանիկ Մանուկյանի նախաձեռնությամբ, ամենայն անկեղծությամբ՝ առաջինը ողջունողը հենց «Առավոտն» է լինելու։

Բայց արի ու տես, որ «Առավոտ»-ին Անդրանիկ Մանուկյանն ընդհանրապես չի սիրում, եւ գիտե՞ք ինչու, «որովհետեւ «Առավոտը» միշտ իր դեմ է»։

Համենայն դեպս, նա այդպես էր ասում ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցից հետո, ըստ երեւույթին, նույն թեման շարունակելով, երբ ձեր խոնարհ ծառան, դեպքերի բերումով, ներկա եղավ խոսակցությանը։

– Գրի, գրի, զապիս արա,- ասաց Անդրանիկ Մանուկյանը Սերժ Սարգսյանի ներկայությամբ ու շարունակեց։- «Առավոտն» ինձ միշտ էլ դեմ է։ «Օրագիրն» էլ է միշտ ինձ դեմ եղել։ Ես իրենց համակարգիչ չեմ նվիրել։ Պարզապես, երբ որ համակարգիչները փակված էին կողքի սենյակում, ձեր լրագրողները, բոլորը՝ ինձ խնդրեցին, որ մեկ համակարգիչ տամ եւ «Օրագիր» թերթը լույս տեսնի։ «Օրագիր» թերթի փակման որեւէ որոշում չի կայացվել։ Պարզապես՝ գույքը բռնագրավվել է։ Ես գնացել եմ «Օրագիր» թերթի խմբագրություն եւ ասել եմ՝ վճիռն օրինական է, դուք չեք բողոքարկել, ուստի այդ մարդիկ կատարում են վճիռը, բայց թերթը փակելու որեւէ վճիռ չկա։ Այսքանն է եղել հիմնականը։ Իսկ դուք՝ «Առավոտը», գրել եք չգիտեմ ինչ։ Ինչպես միշտ՝ դեմ եք ինձ։

Ընդունենք, որ սա բացառիկ հաջող եւ համարձակ ելույթ էր՝ ՆԳ եւ ԱԱ նախարարի ներկայությամբ արտասանված լինելու առումով։ Անցյալում գուցե թե այդպիսի խոսք չասվեր։ Մենք խրախուսում ենք, որպեսզի պատգամավորը նույն համարձակությամբ շարունակի մյուս բոլոր ՆԳ, ԱԱ, պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ վարչապետների եւ ԱԺ նախագահների ներկայությամբ։ Մանավանդ, այն հարցերում, երբ Անդրանիկ Մանուկյանի գործողությունները, մեղմ ասած, նրանց սրտով չեն։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930