Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Հունիս 11,1999 00:00
Robert Qocharyan

Հարգելի պատգամավորներ.

Շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի վստահության քվեն ստանալու եւ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորում եմ հատկապես համոզիչ հաղթանակ տարած «Միասնություն» դաշինքի անդամներին:

Ձեւավորվել է պրոֆեսիոնալ հիմունքներով աշխատող նոր Ազգային ժողով, որի պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար, անկասկած, շատ ավելի մեծ է:

Ակնհայտ է, որ չի կարող լինել շարունակական զարգացում եւ տեւական կայունություն առանց ժողովրդավարության հաստատման: Իսկ երկրի ժողովրդավարության հիմնական չափանիշը խորհրդարանի վիճակն է եւ նրա դերը հասարակական-քաղաքական գործընթացներում: Շատ բան պետք է արվի խորհրդարանի նկատմամբ ժողովրդի վստահության վերականգնման եւ միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման համար: Այսօր միջխորհրդարանական կապերը միջազգային հարաբերությունների կարեւորագույն մաս են կազմում, եւ մեծ չափով նաեւ ձեզանից է կախված միջազգային հանրության վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Խորհրդարանն ըստ էության երկրի հավաքական քաղաքական նկարագիրն է:

Մենք մտնում ենք հայկական պետականության զարգացման նոր փուլ: Արմատական փոփոխությունները պետական շինարարության, դատաիրավական համակարգի, շուկայական տնտեսության, մարդու իրավունքների հարցերի, անձի եւ խոսքի ազատության բնագավառներում դարձել են անշրջելի, եւ մենք միասին պետք է դրանք հասցնենք իրենց տրամաբանական ավարտին: Ժողովրդավարության հետագա խորացումը, ազատ շուկան, տնտեսական բարեփոխումների հետեւողական շարունակումը այլընտրանք չունեն: Այս ճանապարհին խորհրդարանի արդյունավետ աշխատանքը եւ կառուցողական դիրքորոշումը կարող են լրջորեն խթանել դրական գործընթացները: Իբրեւ արդյունք, Հայաստանը կարող է աշխարհին ներկայանալ որպես տարածաշրջանում ժողովրդավարական մնայուն արժեքների եւ կայունության առաջամարտիկ: Ամեն ինչ կախված է մեզանից եւ մեր պատասխանատվությունից: Հասարակական համաձայնությունը, քաղաքական երկխոսությունը եւ կառուցողական համագործակցությունը առաջիկա չորս տարիներին պետք է լինեն մեր ժողովրդի կարգախոսը:

Այսօր մեր առջեւ ծառացած խնդիրների լուծումը ես հնարավոր եմ համարում միայն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների սերտ համագործակցության պայմաններում: Երկրի տնտեսական վերելքը եւ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավումը մեծապես կախված են այդ համագործակցության արդյունավետությունից:

Հարգելի պատգամավորներ, կրկին շնորհավորելով ձեզ՝ նորընտիր Ազգային ժողովին մաղթում եմ հաջողություններ օրինաստեղծ գործունեության մեջ եւ արդյունավետ աշխատանք: Դժվարին, բայց պատվաբեր աշխատանք՝ ի շահ եւ ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի:

Շնորհակալություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930