Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ ԵՆ ԷՔՍՏՐԱՕՐԴԻՆԱԼ ՄԻՋՈՑՆԵՐ»

Հունիս 11,1999 00:00
KarenDemirchyan

Հետաքրքիր բնավորություն դրսեւորեց Կարեն Դեմիրճյանն ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելու, քվեարկվելու եւ վերջապես ընտրվելու ամբողջ գործընթացում։ Թեպետ պարզ էր, որ ինքն է վերադառնալու վերջին անգամ հենց իր նախաձեռնությամբ կահավորված եւ կարգի բերված կաբինետը, սակայն նույնիսկ քվեարկության ընթացքում Կարեն Սերոբիչը իրեն թույլ չտվեց օգտվել ղեկավարության համար նախատեսված դռներից ու մուտքերից։

Նա, այդ ընթացքում, իբրեւ պատգամավորներից մեկը, նիստերից ազատ ժամանակը անցկացնում էր նախասրահում, որտեղ եւ պատասխանեց աստիճանաբար իրենց շարքերը ստվարացնող լրագրողների հարցերին։ Առաջին հարցն ավանդական էր.

– Ի՞նչ զգացողություններ ունեք ձեր կաբինետը վերադառնալուց առաջ։

– Այդ հարցն ինձ շատ են տալիս, իսկ ես դրա պատասխանը դեռեւս չեմ կարողանում ասել, որովհետեւ դեռեւս չեմ մտել աշխատասենյակ։ Եթե ես հիմա ասեմ, թե ինչ եմ զգալու, ինձ պիտի ասեք, թե էդ ո՞նց հասկացաք։ Զգացողություններս մտնելուց կերեւան։

– Ձեր ելույթում խոսեցիք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Հատկապես ո՞ր ոլորտները կառանձնացնեիք։

– Այդպիսի հարց տալ չի կարելի։ Սահմանադրական փոփոխությունների հարցը շատ սկզբունքային խնդիր է։ Կյանքը, մեր քաղաքական պրակտիկան ցույց տվեց, որ Սահմանադրությունը կատարելագործման կարիք ունի, ըստ իս՝ լուրջ կատարելագործման։ Այդ պատճառով է, որ չէի ուզենա որեւէ ոլորտ առանձնացնել։ Հարկավոր է ամբողջը խորությամբ ուսումնասիրել, մեր պրակտիկան վերլուծել, որից հետո հարկ կլինի ամրապնդել Սահմանադրության ուժեղ կողմերը, իսկ թույլ կողմերն ուժեղացնել։ Հանրապետության Սահմանադրությունը իսկապես պետք է Հայաստանի հիմնական օրենքը լինի։ Այն պետք է ուղղված լինի ապագային, եւ ոչ թե անձի վրա ձեւված լինի, այլ՝ պետության։

– Կարեն Սերոբիչ, իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դառնում եք Ազգային ժողովի նախագահ, եւ ոչ թե վարչապետ, ինչը Վազգեն Սարգսյանն իր նախընտրական ելույթներում հնարավոր էր համարում։

– Դե, աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է։

– Իսկ դուք ի՞նչ ազդեցություն եք ունենալու կառավարության տնտեսական քաղաքականության վրա։

– Կարծում եմ, որ ազդեցությունն անձնական չպետք է լինի։ Ազդեցությունը պետք է լինի մտքի, սկզբունքների եւ օպտիմիզացիայի հիմքի վրա։ Յուրաքանչյուր պետական այր, ինչ պաշտոնում էլ նա լինի, պետք է մտածի հայրենիքի զարգացման մասին։ Եթե անհրաժեշտ լինի կարծիքներ արտահայտել, կամ մերժել որեւէ բան, ապա դիրքորոշում կարտահայտենք։ Իշխանությունները եւ քաղաքականությունը դեմքով պետք է շուռ գան դեպի ժողովուրդը։ Երկու բացարձակ արժեքներ կան՝ ժողովուրդ եւ հայրենիք։ Ինչ էլ անելու լինենք, ելնելու ենք այդ երկու բացարձակ կատեգորիաների շահերից։

– Ինչպե՞ս եք պատկերացնում Ռոբերտ Քոչարյանի հետ ձեր հարաբերությունները։ Ձեր ելույթի ժամանակ նա երբեմն ձգվում էր։

– Ես խոսելիս տեքստ էի կարդում… Իսկ հանուն Հայաստանի ես պատրաստ եմ համագործակցել բոլոր կառուցողական ուժերի հետ։

– Հնարավոր համարո՞ւմ եք պետության կառավարման ձեւի փոփոխությունը, անցում դեպի պառլամենտական պետության։

– Ձեր հարցը համարում եմ հիպոթետիկ։ Այդպիսի լուրջ հարցին անլուրջ պատասխան տալ չի կարելի։

– Սակայն ԱԺՄ-ն կողմնակից է։

– Դա այնքան լուրջ հարց է, որ միանշանակ ասել՝ այո կամ ոչ, չի կարելի։ Պետք է ուսումնասիրել խնդիրը։ Պետք է հետազոտել ինչպես մեր, այնպես էլ միջազգային զարգացման տենդենցները, հասկանալ, թե ինչ է սպասվում աշխարհաքաղաքական իրավիճակի առումով, մեր երկրի անցման շրջանում, եւ հետո նոր վերջնական վճիռ ընդունել։

– Իսկ ի՞նչ կարճաժամկետ ծրագրեր կառաջարկեիք։

– Ես կարճաժամկետ ծրագրեր չեմ առաջարկի, որովհետեւ օրենսդիր օրգանն ունենում է մեկ ծրագիր՝ օրենքներ ստեղծելը։ Եթե առաջարկներ լինեն այս կամ այն ոլորտի վիճակի բարելավման, խնդիրների լուծման առումով, եւ եթե այդ ամենին օրենսդրորեն սատարելու անհրաժեշտություն լինի, բնականաբար, շատ ավելի սեղմ ժամկետներում լուծումներ կգտնենք։ 1-2 տարում այս վիճակից դուրս գալու համար հարկավոր կլինեն, ռուսերեն լավ խոսք կա՝ էքստրաօրդինալ միջոցներ։ Ամեն ինչ արվելու է բաց, քննարկումներով, լսումներով։ Կամայականություններ չեն լինի եւ վճիռները կլինեն կոլեկտիվ մտքի ու կամքի արտացոլում։

– Ի՞նչ եք կարծում, կառավարության կազմավորման գործընթացում շա՞տ ուշադրություն կդարձվի կուսակցական պատկանելության վրա։

– Ինձ թվում է, որ այդ գործընթացում ուշադրության կարժանանան բոլոր խնդիրները, որոնք սովորաբար անհրաժեշտ է հաշվի առնել կառավարություն կազմելիս։

– Տեսակետ կա, թե «Միասնության» ծրագիրը սոցիալիստական է։

– Ծրագրի հիմնադրույթները հրապարակված են։ Ես համաձայն չեմ, երբ ասում են, թե համապարփակ ծրագիր ունենք։ Որեւէ կուսակցություն համապարփակ ծրագիր կազմելու հնարավորություն չունի։ Ծրագիրը համապարփակ կարող է լինել միայն սկզբունքների առումով, երբ դիրքորոշում է արտահայտվում բոլոր սկզբունքային հարցերում։ Ես նկատում եմ, որ սոցիալիստական բառն օգտագործելով ձեր խոսքին քաղաքական բնույթ չեք տալիս։ Խոսքը, որքան հասկացա, սոցիումի մասին է։ Իհարկե, սոցիալական հարցերը պետք է լուծվեն։ Իհարկե, ես կողմնակից եմ սոցիալիստական բոլոր այն լավ դրսեւորումներին, որոնք եղել են։ Դա մեր ազգի աշխատանքի, մաքառումների, կենսագրության արգասիքն է։

– Ինչպե՞ս եք վերաբերվում կոալիցիոն կառավարության գաղափարին։

– Դա կախված է կադրային ռեսուրսներից։ Պարտադիր չէ, որ կառավարությունը միակուսակցական կամ բազմակուսակցական լինի, բայց պետք է լինի ռացիոնալ, լավ աշխատող կառավարություն։ Այդ սկզբունքից ելնելով էլ երեւի կադրերը կընտրվեն։

– Խոսեցիք, որ անցյալի սխալների համար մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն։ Ո՞ր ոլորտից եք մտադիր այդ գործը սկսել։

– Երբ որ այդ գործին ձեռնամուխ կլինենք, կիմանաք։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել