Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան զինում է Վրաստանին

Հունիս 10,1999 00:00
Vrastan -Turqia

Երեկ Ստամբուլում աշխատանքն ավարտեց Վրաստանի եւ Աբխազիայի ներկայացուցիչների եռօրյա հանդիպումը: Դա հակամարտության կողմերի երկրորդ նման հանդիպումն էր, նախորդը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ՝ Աթենքում:

Մասնակից պատվիրակությունների կազմում էին քաղաքական գործիչներ, հասարակության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ, տարբեր կազմակերպությունների անդամներ: Այդպիսի բազմազան ներկայացուցչական կազմը կոչված էր հակամարտության բազմակողմանի ուսումնասիրմանը՝ տնտեսական, քաղաքական եւ հումանիտար ասպեկտներով:

Պատվիրակությունների ղեկավարները՝ Վրաստանի պետնախարար Վաժա Լորդկիպանիձեն եւ Աբխազիայի կառավարության նախագահ Սերգեյ Բագլաշը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ հանդիպումը հյուրընկալող Թուրքիայի ներկայացուցիչների հետ եւս մեկ փորձ կատարեցին՝ գտնել աբխազական հիմնահարցի լուծման ճանապարհը:

Ճանապարհն, ըստ երեւույթին, կրկին չգտնվեց: Այլապես, ինչպես կարելի է բացատրել բանակցությունների ավարտից հետո Աբխազիայի նախագահ Վլադիսլավ Արձինբայի արած կոչը Վրաստանին՝ վերանայել իր քաղաքականությունն Աբխազիայի հարցում: «Ա՛յ եթե այստեղ ժամաներ Շեւարդնաձեն, մենք անձնական հանդիպում կանցկացնեինք, եւ ավելի շատ գործ կանեինք»,- ափսոսանքով ասաց Արձինբայը, որը Ստամբուլում էր գտնվում Թուրքիայի կառավարության հրավերով եւ բանակցություններին չէր մասնակցում: Վրաստանի նախագահն, ի դեպ, շատ գործ անելու որեւէ ցանկություն չէր ցուցաբերում: Նա հանդիպման առաջին օրվանից հայտարարել էր, թե «մեծ առաջխաղացում չի սպասում Ստամբուլի հանդիպումից» չնայած, այնուամենայնիվ, չմոռացավ դիվանագիտորեն ավելացնել, թե հանդիպումը որոշ ներդրում կունենա փոխվստահության մթնոլորտ ստեղծելու գործում: Ռեվերանսները, սակայն, դրանով ավարտվեցին: Վրաստանի նախագահը նաեւ զգուշացրեց, որ չի պատրաստվում անվերջ շարունակել դիվանագիտական ջանքերը, եւ, եթե մոտ ժամանակներս վրաց-աբխազական հակամարտությունում առաջընթաց չգրանցվի, ապա Վրաստանի կառավարությունը «կմտածի այլ քայլերի մասին»:

Ի դեպ, բանակցային գործընթացից դուրս գալու սպառնալիքը վերջերս բավական արդյունավետ իրագործեց Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոմիրդինը Կոսովոյի շուրջ բանակցություններում: Եվ դա Կոսովոյի հետ միակ անալոգիան չէ: Մյուսն արեց հենց ինքը՝ Շեւարդնաձեն, հայտարարելով, թե Կոսովոյի հակամարտության կարգավորումը կարող է դրական մթնոլորտ ստեղծել նաեւ աբխազական հարցի կարգավորման գործում: Կռահել, թե ինչին են ուղղված այդ անալոգիաները դժվար չէ: Շեւարդնաձեն հետեւողականորեն փորձում է լայնացնել խաղաղարար գործընթացի մասնակիցների շրջանակը, դրանով հնարավորին չափ չեզոքացնելով Ռուսաստանի դերը ինչպես բանակցություններում, այնպես էլ տարածաշրջանում: Շեւարդնաձեի դառնությունը եւս մեկ պատճառ ունի: Մինչեւ 2000 թվականը Աբխազիայի հարցի կարգավորումը Վրաստանի նախագահի հիմնական նախընտրական խոստումներից մեկն է եղել, եւ վերջերս նա ստիպված եղավ խոստովանել, որ չի կարողացել կատարել այդ խոստումը: «Ես միջազգային կազմակերպությունների ռադիկալ քայլեր էի ակնկալում: Ես այդ հույսն ունեի, երբ տեղի ունեցավ էթնիկական զտման միաձայն ճանաչումը: Սակայն այժմ Կոսովոյի հարցի լուծումը կորոշի, թե ինչքան արագ կլուծվի Աբխազական հակամարտությունը»: Այս անգամ Շեւարդնաձեն ավելի զգույշ է, նա խոստանում է, որ եթե հարցը չլուծվի 2000 թ. հետո, 2005 թ. նա նախագահական ընտրություններին չի մասնակցելու:

Թեեւ ժամանակը շատ է, սակայն Վրաստանի ղեկավարությունն արդեն լրջորեն գործի է անցել: Օրեցօր ավելի հստակ ուրվագծեր է ձեռք բերում Վրաստանի ընտրած կուրսը՝ շրջվել Ռուսաստանից՝ դեպի Արեւմուտք: Այնպես է ստացվում, որ Արեւմուտքի ամենամոտ գործընկերը Թուրքիան է, եւ բնական է այդ ուղղությամբ փոխհարաբերությունների կտրուկ ակտիվացումը: Թուրքական ռազմական տեսուչները հաճախակի հյուր են դառնում Վրաստանի զորամասերում, մանավանդ այն բանից հետո, երբ ռուս սահմանապահները հեռացան այստեղից:

Բարեկամական վերաբերմունքի եւս մեկ ապացույց Վրաստանը ստացավ աբխազական հարցով ստամբուլյան հանդիպման բացումի օրը. Թբիլիսիում ստորագրվեց «Ռազմական բնագավառում գրանտի մասին» վրաց-թուրքական արձանագրությունը եւ Վրաստանի զինվորականները ստացան 1 մլն 700 հազար ԱՄՆ դոլար գումար: Ի դեպ, Թուրքիան ժլատություն չի անում, 1998 թվականին վրացական զորքի համար արդեն տրամադրվել է 5,5 մլն դոլար: Այդքան ներդրում կատարելուց հետո պարզ է, որ Թուրքիան կփորձի նաեւ շատ ավելի ակտիվ դեր խաղալ վրաց-աբխազական հակամարտության կարգավորման գործում: Ստամբուլյան հանդիպումն ընդամենը առաջին քայլն էր:

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930