1999 թ. Ազգային ժողովի ընտրություններն արդեն անցյալ են, եւ մենք ունենք այն, ինչ որ ունենք։ Մեզ մնում է, նկատի ունենալով փաստը, կատարել հնարավորին ճիշտ եզրակացություններ, որոնցով եւ կկանխորոշվեն թե՛ մեր քաղաքական հետագա գործունեությունը, թե՛ պետության առաջ ծառացած խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։
Հարկավ, չեմ հավակնում արժանանալ գրելիքս որպես միակ տարբերակ հրամցնելու մենաշնորհին, բայց կարեւոր եմ համարում բանավեճերը այս թեմաներով, քանզի վերլուծությունները, որոնց հիմքում ընկած են այլ ժամանակների եւ պետությունների պատմությունները, մեր խնդիրները լուծելիս ոչինչ չեն տալիս, բացի զուտ տեսական մտավարժանքներից։ Ասելիքս անպայմանորեն ծայրահեղական է, բայց, ինչպես ասում են իմաստունները՝ վատթարագույն տարբերակի համար լուծում ունենալով՝ լուծում կունենանք ցանկացած այլ տարբերակի համար։ Դժգոհել, որ ընտրություններն անարդար են եղել, տեղին չէ, ասել, որ իշխանություններն են մեղավոր՝ սուտ է։ Նման մեկնաբանությունները հնարավորություն չեն տալիս ճիշտ գնահատել իրավիճակը եւ առաջարկել այս իրավիճակից դուրս գալու ելքեր։
Թող տպավորություն չառաջանա, թե տողերիս հեղինակը այնքան է կտրված իրականությունից, որ չի տեսել, թե ինչեր են կատարվել եւ չի լսել, թե ինչեր են ասվել։ Քավ լիցի, աշխատել են պետական բոլոր կառույցները՝ ունենալով իրենց լուման թե համամասնական, թե մեծամասնական քվեարկությունների արդյունքներում։ Այս ամենի հետ համեմատած շատ ավելի մեծ ազդեցություն է ունեցել ընտրակաշառքը։ Բայց ո՞րն է դժգոհության պատճառը, չէ որ այսպես կոչված հիմնական քաղաքական ուժերը, որոնք համարվում են մեծաքանակ, բազմամյա եւ հավակնում են եզակիներից լինել, ժողովրդին հորդորում էին, որ վերցրեք այն, ինչ տալիս են, լսեք այն, ինչ ասում են, բայց ընտրություն կատարեք ձեր խղճի թելադրանքով։ Ժողովուրդը այդպես էլ արել է։
Ինչ մնում է ցուցակներին՝ դրանք հավասարապես ազդել են բոլոր թեկնածուների վրա՝ չփոխելով ընդհանուր պատկերը, որը կարող եմ հիմնավորել փաստերով, բայց մեկ այլ առիթով։ Մյուս կողմից՝ դարձյալ հիմնական քաղաքական ուժերը պնդում էին, որ 98-ին սկսված «իշխանափոխությունը» ավարտվելու է Ազգային ժողովի ընտրություններից հետո։ Ուրեմն՝ այլեւս լռենք եւ փորձենք խորհել պետության մասին։ Պետությունների պատմության մեջ վերելքներն ու վայրէջքները որոշակի հաջորդականությամբ ու պարբերականությամբ փոխարինվում են մեկը մյուսով՝ հետեւանք հանդիսանալով արտաքին ազդակների եւ տվյալ ժողովրդին բնութագրող հատկանիշների։ Կան դեպքեր, երբ պետությունը ոչ այնքան արտաքին ազդակների պատճառով, որքան սեփական իշխանությունների ապաշնորհության հետեւանքով ինքնաբերաբար հայտնվում է «պոտենցիալ փոսում», որտեղից դուրս գալու համար (եթե բացառենք արտաքին ազդակը) կան չորս հիմնական ձեւեր, որոնց հիմքում ընկած է «մեծ ցնցման» գաղափարը՝
ա) ժողովրդական հեղափոխություն, որը կարող է կրել ինչպես օրինական, այնպես էլ սոցիալական բունտի բնույթ,
բ) իշխանության զավթում որեւէ հզոր կազմակերպության կողմից, որը եւ ստանձնում է պատասխանատվություն պետության ապագայի համար,
գ) իշխանության «զավթում» իշխանության մասնակի հատվածի կողմից՝ միանգամայն նոր մտածելակերպով (թավշյա հեղափոխություն),
դ) հեղաշրջում, որը կատարում է փոքրաթիվ, կազմակերպված խմբերից բաղկացած կառույցը։
Այսինքն, եթե պարզենք, որ Հայաստանի Հանրապետությունը իր «նախկին» ապաշնորհ իշխանությունների պատճառով արդեն իսկ հայտնվել է «պոտենցիալ փոսում», ուստի բնական է, որ այդ վիճակից առանց արտաքին ազդակի հնարավոր է դուրս գալ վերոշարադրյալ չորս ձեւերից մեկով։
Իսկ ո՞րն է պետության համար «պոտենցիալ փոսը»։ Դա պետության մի վիճակ է, երբ պետությունը ինքնուրույն անկարող է հոգալ իր ժողովրդի անվտանգության եւ սոցիալ-կենցաղային հոգսերը՝ որոշակի տեւական ժամանակահատվածում։ Հայաստանի ներկա տնտեսական, սոցիալական եւ քաղաքական բոլոր բնութագրիչները այնպիսին են, որ Հայաստանը ունակ չէ ինքնուրույնաբար հոգալ իր ժողովրդի անվտանգության եւ սոցիալ-կենցաղային հոգսերը նույնիսկ կարճատեւ ժամանակահատվածում։
Եթե կան առարկություններ, եւ ես սխալ եմ, ապա կորուստը մեծ չէ։ Իմ սխալից Հայաստանը չի տուժի, բայց վատը այն կլինի, եթե պարզվի, որ ես նույնիսկ կիսով չափ ճիշտ եմ։ Այդ դեպքում անհրաժեշտ է ճշտել, թե Հայաստանը այս պահին «պոտենցիալ փոսից» դուրս գալու որ ձեւը «կնախընտրի»։
Վերջին ընտրությունները հստակորեն ցույց տվեցին, որ առաջին երկու ձեւերը բացառվում են, նախ՝ որովհետեւ մեր ժողովուրդը հասցվել է մի վիճակի, որի պարագայում Քրիստոսի եւ Բարաբայի միջեւ ընտրություն կատարելիս նա ընտրելու է Բարաբային, ինչքան էլ Պիղատոսը հորդորի, որ Քրիստոսը անմեղ է ու քվեարկությունը կրկնել տա։ Ներողություն եմ հայցում, բայց դա հատուկ է ամբոխին, ուստի ժողովրդական հեղափոխություն այս պարագայում անկարելի է։
Երկրորդ՝ թաղային հեղինակությունները հաղթեցին բոլոր կազմակերպություններին միասին վերցրած, այսինքն՝ չկա հզոր կազմակերպություն։
Իսկ ինչ վերաբերում է «Միասնություն» դաշինքին, ապա դա ոչ այնքան կազմակերպված կառույց է, որքան իշխանության մեջ եւ նրանից դուրս եղած երկու ամենաազդեցիկ անհատականությունների շուրջ համախմբված միություն։ Եվ եթե նրանք այսօր ստանձնեն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկը ու պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանը մոտենան միանգամայն այլ մտածելակերպով, իսկապես համախմբելով բոլոր կարող ուժերը, հնարավոր է երկիրը դուրս բերել «պոտենցիալ փոսից»։ Այս հանրագումարի դեպքում Հայաստանին բնութագրական է «մեծ ցնցման» երրորդ ձեւը։
Իսկ եթե մոտակա վեց ամսից մեկ տարվա ընթացքում որեւէ դրական փոփոխություն չարձանագրվի, ապա չի բացառվում, որ կհասունանա միանգամայն անցանկալի, բայց նաեւ անբացառելի չորրորդ տարբերակը։ Ուստի առաջարկում ենք ամեն կերպ սատարել այն դրական գործընթացներին, որոնք նախաձեռնելու են նոր իշխանությունները՝ հավատով, որ նրանք միանգամայն նոր մոտեցումներով Հայաստանը կհանեն այս վիճակից։ Հուսանք եւ սպասենք։
ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ