Մինչ համակարգի պատասխանատուները չափանիշներն են վերամշակում ու կատարելագործում, ընտանեկան նպաստ ստացող ու չստացող քաղաքացիները շարունակում են բողոքել ոչ միայն դրա լավ ու վատ մեխանիզմներից, վերջիններիս լավ ու վատ, բարեխիղճ եւ ոչ այնքան գործադրումներից։ Համակարգի պատասխանատուներն էլ առանձնապես հիացած չեն «մշտական բողոքավորների» համառությամբ, որը հաճախ չիմացության վրա է հիմնված լինում։ Այսպիսով, դժգոհություններ են, որ երկուստեք հորդում են։
Այս տարվա փետրվարի 26-ի համարում տպագրել էինք «Որքան հաշվիչ ունես, այնքան մարդ ես» հոդվածը, որտեղ նկարագրված էին Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի հաշմանդամ Զինյաթ Օրդուխանյանի ջանքերը՝ ընտանեկան նպաստը եղբոր ընտանիքից առանձին ստանալու համար։ Վերջերս Զ. Օրդուխանյանից դարձյալ բողոք ստացանք այն մասին, որ թեեւ ինքը 1995 թվականից վարում է առանձին տնտեսություն, համարվում է այդպիսին եւ դա հաստատող փաստաթղթերն էլ կան, սակայն այդպես էլ չի ստանում իրեն հասանելիք նպաստը։ Այս մասին նա մի քանի դիմումներ է ներկայացրել սոցիալական ապահովության նախարարություն, որտեղից դրանք ուղարկվել են Արարատի մարզային եւ Մասիսի տարածքային սոցիալական կառույցներ։ Զ. Օրդուխանյանը, ավելի ճիշտ՝ նրա ազգականներից մեկը, որը զբաղվում է վերջինիս հարցերով (Զ. Օրդուխանյանը մանկուց հաշմանդամ է), պնդում է, որ մարզային կառույցներում իր դիմումները բավական երկար են «թթված» մնացել։ Բանն այն է, որ ըստ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության «20 հարց եւ 20 պատասխան ընտանեկան նպաստի մասին» բրոշյուրի, եթե ընտանիքը դիմել է նպաստ ստանալու խնդրանքով եւ նրա անապահովության միավորը դա թույլ տալիս է, տարվա առաջին եռամսյակում դիմելու դեպքում նպաստ նշանակվում է հունվարի 1-ից, ապրիլի 1-ից հետո դիմելիս՝ հաջորդ ամսի 1-ից։ Այս բրոշյուրը տարածվում է եւ բնականաբար ընդունվում «հալած յուղի պես»։
Մինչդեռ սա ընդամենը մի հատված է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Ընտանեկան նպաստի նշանակման եւ վճարման կարգից»։ Եվ բացառապես բոլոր դեպքերում չէ, որ միանշանակ առաջին եռամսյակում դիմելու դեպքում նպաստը տրվում է հունվարից։ Կան այլ նախապայմաններ եւս, որոնք «20 հարց ու պատասխանում» (որն ավելի մասսայաբար է հայտնի, քան կառավարության որոշումը) նշված չեն։ Ասենք այն, որ «Փարոս»-ում չհաշվառված ընտանիքներին, անապահովության համապատասխան միավոր ունենալու եւ հաշվառման դիմում տալու դեպքում, նպաստ նշանակվում է բացառապես «դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից»։ Նույնն է նախատեսված նաեւ ընտանիքի կազմում փոփոխություն կատարվելու դեպքում նպաստի վերահաշվարկման եւ կատարված փոփոխությունների մասին դիմելու պարագայում։ Մինչդեռ վերոնշյալ բրոշյուրը իր համար տարածվում է եւ լրացուցիչ բացատրական աշխատանքի ու հասկանալի է, նաեւ նյարդեր ծախսելու ավելորդ առիթ դառնում։
Ինչեւէ, ընտանեկան նպաստի համակարգում փոփոխություններից հետո գուցե նման ընդհանուր բնույթի բրոշյուրներ չտարածվեն եւ համակարգի պատասխանատուներին ու լրագրողներին էլ «կրակը չգցեն»։
Կարդացեք նաև
Ինչպես ասում են, բրոշյուրին թողնենք այստեղ, հիմա էլ «խաբար տանք» Զ. Օրդուխանյանից։ Վերջինս փաստորեն իբրեւ առանձին ընտանիք նպաստ ստանալու համար դիմել է մարտին եւ ակնկալել, որ ստանալ կարող է ընդհուպ հունվարի 1-ից։ Սակայն սա հենց «Կարգով» նախատեսված այն դեպքն է, երբ ընտանիքը նոր է հաշվառվում համակարգում։ Ընտանիքը ստանում է սոցիալական անձնագիր, ինչը նշանակում է, որ այն համակարգում արդեն հաշվառված է։ Եվ քանի որ անապահովության միավորն էլ սահմանայինից բարձր է, ենթադրվում էր, որ նպաստը կսկսվի վճարվել դիմած ամսվան՝ մարտին հաջորդող ամսվա՝ ապրիլի 1-ից։ Մինչեւ այժմ նպաստառուն դեռեւս չի ստացել իր հասանելիքը։
Իսկ երկու օր առաջ նպաստառուի դարձյալ նույն ազգականը պարզում է, որ Զ. Օրդուխանյանին թեեւ սոցիալական անձնագիր է տրվել (որ ավելի հայտնի է «Փարոսի» գրքույկ» անունով), սակայն նրա անունը չկա ցուցակներում։ Վերջինս էլ ավելի հայտնի է «կամպյուտեր» ձեւակերպմամբ։ Երկու օրվա մեր փորձերը՝ սոցապ նախարարությունից պարզելու՝ համապատասխանո՞ւմ է արդյոք այս տեղեկատվությունը իրականությանը, հաջողությամբ չպսակվեցին. նախարարության շատ աշխատակիցներ Գագիկ Եգանյանին ուղեկցում են մարզեր կատարվող այցերին։ Հուսանք, որ եթե թյուրիմացություն է, ուրեմն՝ շտկվելիք եւ գոնե հունիսից քաղաքացին կստանա իր հասանելիք գումարը։ Թեեւ այստեղ ավելորդ չէր լինի հիշել նաեւ ապրիլ-մայիս ամիսների չվճարված նպաստը։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ