Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՆԴՈՅԱՆԸ ՄԵՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ

Հունիս 10,1999 00:00
miaynak

Համբերե՛ հոգիս, համբերե՛

«Առավոտի» համարներում անդրադարձել էինք Հայաստանում նախառաքումային ստուգումների համակարգի հնարավոր ներդրման՝ ֆինանսների նախարար Սանդոյանի «երկնագույն» ծրագրին եւ միաժամանակ նկատել, որ մեխանիզմը կիրառելու դեպքում փաստացի կկրկնվի ԱրմենՏելի սցենարը։

Ի պատասխան, պրն Սանդոյանը փորձել էր հակադրվել եւ փոխարեն հիմնավորելու իր առաջարկի անհրաժեշտությունն ու կարեւորությունը, չգիտես ինչու, գերառաջնային էր համարել տեղեկացնել, որ Հայաստանում «շուրջ երկու տարի է՝ ֆինանսների նախարարի պաշտոն գոյություն չունի», այլ կա ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար։ Մենք, իհարկե, լավ ծանոթ ենք համակարգի գործունեությանը եւ ստիպված ենք արձանագրել, որ արհեստավարժ նախարարի կողմից մեծ ազնվություն կլիներ խոստովանել, որ շուրջ երկու տարի էկոնոմիկայով չի զբաղվել (սա՝ իմիջիայլոց)։

Հիշեցնենք, որ նախառաքումային ստուգումների համակարգը տնօրինելու իրավունքը մրցույթով մասնակից կազմակերպություններից վերապահվել է շվեյցարական SCS ֆիրմային, որը մոնոպոլ իրավունքով կորոշի Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը, եւ դրա դիմաց կազմակերպությանը կվճարվի ապրանքի մաքսային արժեքի 0,95 տոկոսը, եթե, իհարկե, Սանդոյանը հաջողացնի կառավարության որոշմամբ նախագծին օրենքի ուժ տալ։ Ըստ նախարարի, մեխանիզմը մաքսային կանոններն առավել հստակեցնելու եւ ներմուծողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորություն է ընձեռում։ Մինչդեռ մաքսային վարչության պետ Հուսիկ Գեւորգյանը հակված է ճիշտ հակառակ տեսակետի։ Նա «Առավոտին» տեղեկացրեց, որ մաքսային խաղի կանոնների հստակեցում, ըստ Սանդոյանի, հավանաբար, նշանակում է՝ ներմուծվող ապրանքի հավաստի մաքսային արժեքի որոշում՝ անկախ ներմուծողից։ «Ճիշտ կլիներ, որ մաքսային արժեքի ճշգրիտ հաշվարկման համար հիմք ընդունվեին արտահանման երկրների մաքսային մարմինների կողմից տրված բեռնամաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքները, իսկ դրա ստուգման անհրաժեշտության դեպքում օգտվել նաեւ միջազգային ինֆորմացիոն ցանցի հնարավորություններից, քանի որ այս եղանակն ավելի հեշտ եւ անհամեմատ էժան է»,- հավաստեց ՄՎ պետը։

Անդրադառնալով Սանդոյանի՝ ներմուծողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մտահոգությանը, Գեւորգյանը նկատեց, որ ներմուծողի համար բարենպաստության հիմնական պայմանը ցածր վճարումներն են։ Արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների ճնշմամբ ԱԺ-ն մաքսավճարի չափը ապրանքի արժեքի 0,3 տոկոսից իջեցրեց։ Այսինքն, ակնհայտ է, որ եթե ներմուծողը դժկամությամբ էր վճարում 0,3 տոկոսը, ապա հազիվ թե լրացուցիչ վճարի 0,95 տոկոս։ Ըստ Սանդոյանի կանխատեսման, մեխանիզմի կիրառումը կբերի մաքսային տուրքերի 20 տոկոս ավելացում, իսկ փոխնախարար Գ. Արզումանյանն ակնկալում է հարկային եկամուտների 25 տոկոս աճ։ ՄՎ պետին պարզ չեն հիշյալ կանխատեսումները։ Ըստ Գեւորգյանի, անհասկանալի է նաեւ Սանդոյանի պնդումը, թե այս մեխանիզմը մաքսանենգության եւ ստվերայնության դեմ պայքարի ձեւ է։ Շուկայական պահանջարկ ունեցող ապրանքն անպայման կփորձի գտնել իր ճամփան, (նաեւ ապօրինի), քանի որ մաքսանենգության ռիսկի գործոնը գերշահույթն է. «Ինչ վերաբերում է շվեյցարական SCS ֆիրմային, ապա նա իր 0,95 տոկոսի տերն է, որը փոքր գումար չէ եւ ըստ նախնական հաշվարկների, կազմում է 5-ից 6 մլն դոլար՝ մեկ տարվա ընթացքում։ Ֆիրման որեւէ պատասխանատվություն չի կրում մեր բյուջեի կատարման կամ չկատարման համար։ Կարծում եմ, նախառաքումային ստուգումների համակարգի ներդրումը վտանգում է հանրապետության ինքնուրույն տնտեսական քաղաքականության վարումը եւ տնտեսական անվտանգությունը»,- ընդգծեց պրն Գեւորգյանը, հավելելով, որ հարցը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի։

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930