Չի կարելի ասել, թե ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը երեկ աշխատանքային բուռն աշխույժի մեջ էր։ Թերեւս պատճառը քննարկվելիք հարցն էր՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում մարդու իրավունքները «խախտվե՞լ են, ոտնահարվե՞լ, խոչընդոտվե՞լ»։ Բայց թե՛ հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը, թե՛ հանձնաժողովի անդամներն այն կարծիքին էին, որ մարդու իրավունքներն ամեն դեպքում ոտնահարվել են եւ հիմնականում՝ ընտրացուցակների պատճառով։
Հանձնաժողովի անդամ Էդուարդ Մամիկոնյանը (միակը, որ որեւէ կոնկրետ առաջարկով էր ներկայացել նիստին) առաջարկեց որոշման մի նախագիծ, համաձայն որի՝ նախագահին պետք է երկու առաջարկ ներկայացնել՝ ստեղծել ընտրական օրենսգրքի բարեփոխումների ժամանակավոր հանձնաժողով, ինչպես նաեւ՝ առաջարկել ՀՀ կառավարությանը Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ներկայացնել ԱԺ քննարկմանը։ Ըստ այդ որոշման նախագծի՝ իրենց հանձնաժողովը կիսում է ԵԱՀԿ դիտորդների գնահատականը, որ «ընտրությունները լուրջ քայլ են Հայաստանը եվրոպական չափանիշներին մերձեցնելու ճանապարհին»։
Աղասի Արշակյանին մի պահ թվաց, թե հանձնաժողովը պատրաստվում է գովասանագիր տալ ընտրությունների կազմակերպիչներին, բորբոքված պատմեց, թե ինչպես են ոտնահարվել իր՝ պատգամավորության թեկնածուի իրավունքները։ «Անվավեր քվեաթերթիկների մեջ 530-ը իմ օգտին տված քվեաթերթիկներն են, որոնց վրա կնիքը բացակայում է։ Դրսից բյուլետեն չի մտել, իսկ կնիք դնողը հանձնաժողովն է։ Միջկուսակցական անբարո առեւտուրը, պրն Հայրիկյան, բերեց նրան, որ թեկնածուներից մեկը հանձնաժողովում ուներ 5 մարդ, մյուսը՝ 4 մարդ եւ մի եւս 3 հոգի՝ մեկական մարդ։ Վիչիսլյալի էդ իզբիռատելեյ, հանում էին՝ իրենց ընտրողը չի, բյուլետենը տալիս են, ուղարկում են քվեախուց»։ Իր օգտին ստորագրություն տված քաղաքացիներին պրն Արշակյանը համարեց իր «պոտենցիալ ընտրողը»։ Ապա զգալով, որ լրագրողներն իրենց ձայնագրիչները միացրին, ավելին՝ մոտեցրին իրեն, պրն Արշակյանը ավելի տաքացավ եւ ասաց. «Դա չարամիտ դիտավորություն ա օրենքի մեջ ամրագրված է՜ն ուժերի կողմից, ովքեր 7-8 ամիս առաջ հրամանով, զենքո՜վ թաղապետերին, համայնքապետերին, գյուղապետերին դարձնում էին Հանրապետական կուսակցության անդամ»։
Առաջարկ եղավ նախագահին ներկայացվելիք կարծիքը ավելի ուժեղացնել… (հավանաբար՝ խստացնել)։ Թեեւ Պարույր Հայրիկյանի տրամադրությունը տերյանական էր, սակայն կարծես նա էլ դեմ չէր վերոնշյալ փաստաթուղթը անկեղծ, այսինքն՝ խիստ գրելուն։ Հանձնաժողովի անդամ, փոխարտգործնախարար պրն Բայբուրդյանը ներկաներին տեղյակ պահեց, թե ամերիկյան կոնգրեսն արդեն իսկ իր պաշտոնական եւ դրական կարծիքը խորհրդարանական ընտրությունների մասին ուղարկել է։
Կարդացեք նաև
Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության առումով նախագահին կից (կամ առընթեր) այս հանձնաժողովի ընդունելիք փաստաթղթի քննարկումը կշարունակվի այսօր։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ