Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻՆ

Հունիս 10,1999 00:00
pegas

Երբ երեկ այս հարցն ուղղեցի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանին, վերջինս պատասխանեց. «Նոր կառավարությունում կլինեն կարող եւ նվիրյալ մարդիկ»։

Այսօր խորհրդարանի առաջին նիստը կբացի կոմկուսի ներկայացուցիչ Պերճ Բոշնաղյանը։ Վերջինս տարիքով ամենամեծն է պատգամավորներից (1920 թ. ծնված), պատերազմի, զինված ուժերի եւ աշխատանքի վետերանների հանրապետական խորհրդի նախագահը։ Ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, որ Ազգային ժողովի նախագահը լինելու է ինքը՝ Կարեն Դեմիրճյանը։ Խորհրդարանական մեծամասնության մյուս առաջնորդը՝ Վազգեն Սարգսյանը, կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Բայց այս պաշտոնի հաստատմանը դեռ պետք է մի քանի օր սպասենք, երբ ԱԺ քննարկմանը կդրվի վարչապետի եւ նախարարների կաբինետի հարցը։ Վազգեն Սարգսյանն իր վարչապետության գոնե առաջին կես տարում գրեթե չի ունենալու հստակ արտահայտված ընդդիմություն։ Նրա քաղաքական հենարանը, ի դեմս Ազգային ժողովի մեծամասնության, բավական ամուր է, իսկ այն, որ նոր վարչապետին կհաջողվի առաջիկա մի քանի ամիսներին որոշակի դրական տեղաշարժեր ապահովել, ակնհայտ է։ Հայաստանն այն տիպի երկրներից է, որտեղ տնտեսության կայացման գործում Նոբելյան մրցանակակիր լավագույն տնտեսագետները իրենց «ոտքը կկոտրեին»։ Բայց որքան էլ տարօրինակ է, ի տարբերություն մեր արդեն ունեցած փայլուն տնտեսագետ նախարարներ-վարչապետների, Վազգեն Սարգսյանին հաջողվեց գոնե իրեն վստահված ոլորտում ոչ միայն կայունություն, այլեւ որոշակի առաջընթաց ապահովել։ Խոսքը միայն ռազմական հաղթանակների մասին չէ։ Եթե մտնենք ցանկացած զորամաս, ապա կհամոզվենք, որ այնտեղ զուտ տնտեսական բազան շատ ավելի լավն է, քան դրա հարեւանությամբ գտնվող երբեմնի խորհրդային նշանակության գործարանում։ Նոր կառավարությունը ստիպված կլինի որոշակի առաջընթաց ապահովել թեկուզեւ այն պատճառով, որ պարզապես պատասխանատու է ոչ միայն նախընտրական խոստումներ կերած ժողովրդի, այլեւ իր սեփական թիկունքը հանդիսացող քաղաքական ուժի նկատմամբ։ Կառավարության ձախողումը կնշանակի նաեւ վերոնշյալ ուժի վերջնական փլուզում։

Երբ խոսք է գնում ներկա կառավարության «թիկունքի» մասին, առաջին հարցը որ ծագում է, սա է՝ ո՞վ է լինելու Վազգեն Սարգսյանի իրավահաջորդը։ Վանո Սիրադեղյանն արդեն Դուբայ գնացել-եկել է, եւ բոլորն էլ հասկանում են, որ նման պարագայում հայտնվելու դեպքում Վազգեն Սարգսյանը օդանավակայան էլ կարող է չհասնել։ Եվ քանի որ մենք ոչ Բելգիա ենք, ոչ էլ Նիդեռլանդներ, այլ՝ ընդամենը Հայաստան, Վազգեն Սարգսյանը որպես երեւացող քաղաքական ֆիգուր «պարտավոր» է պաշտպանության նախարար նշանակել իրեն հավատարիմ մարդու։ Սակայն այս պարագայում «թեւատակի» հավատարիմները պիտանի չեն կարող լինել, որովհետեւ Սիրադեղյանի փորձը ցույց տվեց, որ նրանք շատ արագ կարողանում են տեղավորվել ուրիշի թեւատակում, որքան էլ որ տհաճ քրտնքահոտ այնտեղից գա։ Ինչեւէ, ո՞վ կլինի պաշտպանության նախարարը. հնչում են մի շարք անուններ, որտեղ առաջինը ներկայիս փոխնախարար Վահան Շիրխանյանի անունն է։ Վերջինս դժվար թե նշանակվի այդ պաշտոնին, քանի որ Վազգեն Սարգսյանը, ըստ երեւույթին, կունենա նրա կարիքը կառավարությունում։ Մեր հայկական գեներալիտետից նույնպես բավական դժվար է գտնել մեկին, որին ենթարկվեն մյուսները, եւ ՊՆ ներսում չսկսեն պալատական խարդավանքները։ Այստեղ, ըստ երեւույթին, կարվի առայժմ անսպասելի քայլ՝ դրսից ՊՆ-ի թեկնածու բերելով։ Արդեն իսկ մերձպալատական շրջանակներում բոլորը տալիս են ԱՊՀ զինված ուժերի կոորդինացիոն շտաբում ՀՀ ներկայացուցիչ Վաղարշակ Հարությունյանի անունը։

Այն, որ ՆԳՆ եւ ԱԱ-ն այլեւս միասին չեն հնչելու, նույնպես որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Եթե ԱԱ-ն միանշանակորեն առաջիկայում եւս ղեկավարվելու է Սերժ Սարգսյանի կողմից, ապա ՆԳՆ հարցում որոշակի տարաձայնություններ կան։ Այստեղ նշվում է երկու անուն՝ Վովա Գասպարյան եւ Սուրեն Աբրահամյան։ Կառավարության տնտեսական բլոկում առայժմ խոսվում է Լեւոն Բարխուդարյանի Կանադայից վերադառնալու եւ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելու հավանականության մասին։ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ըստ երեույթին կզբաղեցնի ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Շահբազյանը։ Նրան փոխարինողի դեր է հատկացվում Խոսրով Հարությունյանին եւ Հմայակ Հովհաննիսյանին։ Եթե առաջինի համար ավելի հավանական է կառավարությունում բավականին բարձր պաշտոնի անցնելը, եւ Մոսկվա հնարավոր մեկնումը կարող է դիտվել որպես պաշտոնի իջեցում, ապա Հմայակ Հովհաննիսյանի համար դա շատ լավ առիթ է իր քաղաքագիտական մտքի արգասիքները «պրակտիկայում կիրառելու» համար։ Ինչ վերաբերում է արդյունաբերության նախարարությանը, ապա այնտեղ հնարավոր են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում այս նախարարության կազմից դուրս կգան զբոսաշրջիկությունն ու առեւտուրը, իսկ զուտ արդյունաբերության նախարարությունը կղեկավարի Դեմիրճյանի թիմակիցներից մեկը։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930