Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԼԱԿԱՏՆԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հունիս 10,1999 00:00
govazd

Նախընտրական շրջանում ում գովազդային պլակատն ասես, ուր ասես, թե չփակցրեցին։ Դե կարգ է՝ պետք է պահեն, բայց դե այդ պլակատները հավաքելն էլ է կարգ։ Էհ, բայց ո՞վ հավաքի։ Կուսակցություններն ու պատգամավորության թեկնածուներն ակտիվ էին պլակատները փակցնելիս. երեւալու, հայտնի դառնալու խնդիր կար։ Հիմա էլ հավանաբար մտածում են՝ դե ինչ է եղել, սիրուն նկարներ են, թող մնան, էլի։ Մնում են քաղաքապետարաններն ու թաղապետարանները՝ նրանք էլ պարզվում է՝ փող չունեն։ Պարզելու համար, թե Երեւանի քաղաքապետարանը որեւէ միջոց ձեռնարկո՞ւմ է թեկնածուների գովազդային պլակատները հավաքելու համար՝ դիմեցի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Վ. Ավետիսյանին։ Նա տեղեկացրեց, որ նախ սահմանված կարգի համաձայն թեկնածուներն ու կուսակցությունները գովազդային պլակատները պետք է փակցնեին նախատեսված վայրերում։ Սակայն, ըստ պրն Ավետիսյանի, թեկնածուների ոգեւորությունն այնքան է մեծացել, որ պլակատները փակցրել են ցանկացած վայրում եւ այն էլ՝ շատ ամուր սոսնձով։

Այնուհետեւ պրն Ավետիսյանը տեղեկացրեց, որ պլակատները մաքրելու համար ֆինանսավորում հատկացված չէ, ուստի երկուշաբթի օրը կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետը կոչով դիմել է կուսակցություններին ու պատգամավորության նախկին թեկնածուներին՝ պահպանելով բարոյական կերպարը՝ յուրաքանչյուր ոք հավաքի իր եւ կուսակցության գովազդային պլակատները։ «Մանավանդ որ կուսակցությունները շարունակում են գործել, հո գրասենյակները չեն կողպել, ինչ է եղել, թող մաքրեն»,- ավելացրեց Վ. Ավետիսյանը։ Իսկ թե կոչը հասե՞լ է արդյոք կուսակցություններին եւ պատգամավորության նախկին թեկնածուներին. այս հարցին ի պատասխան պարոն Ավետիսյանը նշեց, որ քաղաքապետի կոչը հրապարակվել է թերթում։ Քաղաքապետի կոչը եւ պլակատները մաքրելու մտադրությունը ճշտելու համար փորձեցի դիմել հենց իրենց՝ պատգամավորության նախկին թեկնածուներին եւ կուսակցություններին։ Մեկ-երկուսի պատասխանը լսելուց հետո հասկացա, որ անիմաստ գործ է։

Պարզվում է՝ նրանք նախընտրական «թմբիրից» դեռ դուրս չեն եկել եւ շարունակում են խոստումներ տալը։ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն ասաց, որ քաղաքապետի կոչն իրենց չի հասել, «բացի այդ կար կարգ. պլակատները փակցնել սահմանված վայրերում եւ ժապավեններով, որ հետո պոկվի։ Մենք այդպես էլ վարվել ենք։ Բայց քարոզարշավի ընթացքում մեր հակառակորդները պոկում էին մեր պլակատները, այնպես որ, մեզ գործ չեն թողել։ Իսկ եթե որեւէ տեղ էլ մնացել է՝ մենք դիմել ենք մեր սկզբնական կառույցներին պլակատները մաքրելու համար»,- նշեց պրն Խաչատրյանը։ Արդեն ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ տեղյակ չէր քաղաքապետի կոչից, բայց եւ այնպես «որոշ չափով հավաքել եմ եւ կանեմ հնարավորը՝ մեր սարսափելի պատկերները մաքրելու համար»,- խոստովանեց Ա. Վարդանյանը։

«Միասնություն» դաշինքից Տիգրան Թորոսյանը խոստովանեց, որ տեղյակ է քաղաքապետի կոչին եւ այժմ զբաղվում է այդ աշխատանքներով։ Քաղաքապետը՝ թեկնածուներին, թեկնածուները՝ քաղաքապետին։ Արդյունքում դեռեւս 1995 թ. ԱԺ ընտրությունների գովազդային պլակատներն են մնացել։ Եվ երեւի ճիշտն էլ դա է, քանի որ 4 տարվա ընթացքում պատգամավորները երբեւէ չեն հանդիպում ընտրողների հետ. բա գոնե նկարները չմնա՞ն ընտրողներին հիշատակ։

Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930