Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնությունը» չի հրաժարվում պատասխանատվությունից

Հունիս 10,1999 00:00
Andranik Margaryan

Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ

Ընդհանրապես նախընտրական շրջանում տրվող խոստումներին վստահելը միամտություն է, ում կողմից էլ այն հնչի։ «Միասնության» ղեկավարները նախընտրական ելույթներում այնքան էին մեխը դնում իրենց կողմից պատասխանատվություն վերցնելու հարցի վրա, որ, թվում էր, ընտրություններից հետո այս հարցը առհավետ կփակվի։ Առայժմ ստացվում է հակառակը։

– Պարոն Մարգարյան, դառնում եք ԱԺ լիդերներից մեկը, քանի որ ձեր ղեկավարած խմբակցությունը լինելու է խորհրդարանի դոմինանտ ուժը։ Ինչպե՞ս եք պատկերացնում նոր ԱԺ աշխատանքը։

– Դեռ պարզ չէ, ես կլինեմ «Միասնություն» խմբակցության նախագահը թե ոչ։ Դա կորոշի խմբակցությունը վաղը (այսօր) իր նիստում։ Բայց բոլոր դեպքերում որպես Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ որոշակի պատասխանատվություն եմ կրում ԱԺ-ում մեր դաշինքի վերցրած պարտավորությունների կատարման համար։ Քանի որ գաղտնիք չէ, որ Հանրապետականի առաջնորդ Վազգեն Սարգսյանը դառնում է վարչապետ, մեր պատասխանատվությունը կրկնակի է դառնում ե՛ւ կուսակցության, ե՛ւ դաշինքի համար։ Սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանական մեծամասնությունը կարողանում է իր գործադիր իշխանությունը ձեւավորել։ Կարծում եմ, նոր ԱԺ-ի կարեւոր առավելությունը նախորդի նկատմամբ այն է, որ գործադիր իշխանությունն իր քաղաքական արտահայտությունն ունի Ազգային ժողովում եւ հակառակը։ Հույս ունենք, որ այն պատասխանատվությունը, որ մենք մեր վրա վերցրել ենք՝ կկատարենք եւ ԱԺ-ում ներկայացված ուժերի մոտ էլ այս հարցում մեծ հակասություն չեմ տեսնում, որովհետեւ մենք բացահայտ հայտարարելով մեր ծրագրերի մասին, ակնկալում ենք նրանց համագործակցությունը, գոնե առաջիկա մի քանի ամիսների ընթացքում համատեղ աշխատելու համար։

– Ասում են, խորհրդարանում լյումպեն տարրը լայնորեն է ներկայացված։

– Ժամանակը ցույց կտա, թե որքանով է իրականությանը համապատասխանում այն անունը, որ կպցնում են պատգամավորների մի մասին։

– Պրն Մարգարյան, 10 օր առաջ Վազգեն Սարգսյանն ասաց, որ ինքը չի ուզում դառնալ վարչապետ, բայց եթե ՀՀ նախագահը եւ դաշինքը հրահանգեն, ինքը կստանձնի այդ պաշտոնը։ Հրահանգն արդեն եղե՞լ է, թե՞ ոչ։

– Չի կարելի ասել հրահանգ, դա եղել է դաշինքի ցանկությունը, որ եթե մենք ԱԺ-ում ունենանք մեծամասնություն, մենք պարտավոր ենք վերցնել նաեւ գործադիր իշխանության պատասխանատվությունը։ Դա այս իրավիճակում անհրաժեշտություն է, ոչ թե հրահանգ կամ պահանջ։ Մեր նախընտրական խոստումների կատարման համար բնականաբար պետք է վերցնեինք այդ պատասխանատվությունը։

– ՊՆ-ից որոշակի հեռավորության վրա հայտնվելուց հետո չի՞ բացառվում Վազգեն Սարգսյանի համար Վանո Սիրադեղյանի ճակատագրի կրկնություն։

– Իմ կարծիքով Վազգեն Սարգսյանը մտնելով քաղաքականություն, հույսը չէր դրել բանակի վրա, այլ հենվում էր իր քաղաքական կառույցների վրա, որ ստեղծվեցին մեկ տարվա ընթացքում։ Իսկ Վանո Սիրադեղյանի բախտին արժանանալը կախված է գործունեությունից՝ թե ինչպիսի գործունեություն մենք կարող ենք ծավալել եւ այդ գործունեության պատասխանատվությունը կլինի ոչ միայն Վ. Սարգսյանի, այլեւ ողջ «Միասնություն» դաշինքի վրա։ Մեր նպատակը հենց սկզբից սխալներ կատարելու տրամադրվածության մեջ չէ, այլ փորձելու ենք բոլոր դեպքերում չկրկնել նախորդ բարձրաստիճան պաշտոնյաների կատարած սխալները։

Հարցազրույցը՝

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930