Հակառակ տարածված կարծիքի, թե Ֆադեյ Սարգսյանն է վարելու Ազգային ժողովի առաջին նիստը, իբրեւ ամենատարեց պատգամավոր, այդպես չի պատահի առնվազն երկու պատճառով։ Նախ, որ Ֆադեյ Տաճատիչը եւս հրաժարվել է պատգամավոր լինելուց եւ երկրորդ, որ նա տարիքով ավելի փոքր է, քան 1920 թվականին ծնված կոմունիստ-պատգամավոր Պերճ Բոշնաղյանը։ Վերջինս էլ կվարի «պպզաշրջանի» առաջին նիստը։
ԿՐԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, որոնք իրականացվել են ՆԳ համակարգում, 6-րդ վարչության պետի պաշտոնից ազատվել է Լյուդվիգ Սարգսյանը եւ նրան փոխարինել է հանրահայտ Կրակեմ Հրաչը։
Կարդացեք նաև
«ԲԱՐԵՓՈԽԻՉ» ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
Ըստ որոշ տեղեկությունների, Դավիթ Շահնազարյանի բավականին հարմարավետ աշխատասենյակը մտադիր է գրավել Խաչատուր Սուքիասյանը։ Այցելելով Ազգային ժողով, նա ցանկություն է արտահայտել եվրոպական ձեւավորում տալ իր աշխատասենյակի լուսամուտներին, սակայն նրան բացատրել են, որ այդպես չի կարելի, քանի որ շենքի լուսամուտները պետք է ընդհանուր տեսք ունենան։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼԸ ԽԵԼՔ ՈՒՆԵՆԱԼ ՉԷ
Այն բանից հետո, երբ «Առավոտը» Հմայակ Հովհաննիսյանին շնորհավորեց պատգամավոր դառնալու առիթով, վերջինս հրաժարվեց շնորհավորանքներից, ասելով, թե բոլորի հետ է այդպես վարվում, քանի որ չի հասկանում շնորհավորանքի իմաստը. «Ի՞նչ է խելք չունեի, պատգամավոր դառնալով ունեցա՞»։
ԴԵՄՈՅԻ ԱՄԵՆԱՃԻՇՏ ԲՆՈՐՈՇՈՒՄԸ
«Դեմոն» գողական ժարգոնով նշանակում է «հանցագործ տարրերի հետ չկապված, բայց այդպիսին ներկայացող մարդ»։ Սա ուղղակի մեջբերում է 1998-ին Երեւանում լույս տեսած «Հանցագործ աշխարհի անատոմիան» գրքում զետեղված գողական ժարգոնի բառարանից։
ՀԻՆ ԼՈՒՐ
Քվեարկության նախօրեին քարոզչության արգելման մասին դրույթը խախտվել էր նաեւ 1995-ի ընտրությունների ժամանակ՝ 20 րոպեով։ Ճիշտ այդքան էր Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Հանրապետություն» միավորմանը նվիրված ելույթի կրկնության ժ. 24-ից անց տեւած հատվածը։ Այդ 20 րոպեների ընթացքում անընդհատ փորձել էին դադարեցնել ելույթի վերահեռարձակումը։ Ապարդյուն, քանի որ հեռուստատեսության ղեկավարները բացակա էին եւ որեւէ մեկը չէր ցանկացել նախագահի ելույթի ընդհատման պատասխանատվությունը ստանձնել։ Ի վերջո, ճարահատյալ Նորքը հոսանքազրկել էին, բայց հեռուստատեսության աշխատակիցները գեներատոր էին միացրել ու հերոսաբար շարունակել ցուցադրումը։
Սեփ. լր.