Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ընտրվեց Վահան Հովհաննիսյանը

Հունիս 10,1999 00:00
Vahan Hovhannisyan

«Թիվ 17 ընտրատարածքում առնվազն 3 թեկնածու կիրառեցին ընտրակաշառքների համակարգը,- «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչ Սոս Գիմիշյանը չցանկացավ մանրամասնել, թե ում են վերաբերում այդ պնդումները։- Իրենք էլ շատ լավ գիտեն, ժողովուրդն էլ՝ ումից եւ ինչ են ստացել։ Եվ դրա շնորհիվ ձեւավորվեց առաջին եռյակը»։

Նշենք, որ թիվ 17-ի առաջին եռյակը Վահան Հովհաննիսյանը, Ռաֆիկ Պետրոսյանը եւ Ռոմիկ Բալոյանն են (վերջին երկուսի տեղերը տարբեր են նշվում)։ Սոս Գիմիշյանը վիճարկեց Վահան Հովհաննիսյանի հաղթանակը. «Երկու- երեք տեղամասերում երկու օր ուշացումով են տվյալները մարզային եւ կենտրոնական հանձնաժողովներ հասել։ Գտնում եմ, որ դա նախեւառաջ առաջին եռյակից մյուս երկուսի գործն էր, բայց ցավոք սրտի, իրենք քաղաքական կամք չդրսեւորեցին, որ պայքարեին ճիշտ ընտրությունների համար։ Բայց չէին էլ կարողանալու»։ Հիշեցնենք, որ Սոս Գիմիշյանը եւս թիվ 17 ընտրատարածքի թեկնածու էր. «Ես ստացել եմ ինձ արժանի 450 ձայնը. ԱԺ-ում 4 տարվա իմ աշխատանքի արդյունքը դա էր, որ 30 հազար ընտրողից այդքանն ինձ կողմ քվեարկեցին։ Այդ վճիռն ընդունում եմ։ Հասկացա, որ ժողովրդին պետք չեն սկզբունքային (կներեք, ես ինձ այդպիսին եմ համարում), անշահախնդիր մարդիկ։ Կարող եմ հստակ ասել, որ մի լուցկու տուփ մի տեղից մյուսը չեմ տեղափոխել այս 4 տարվա մեջ։ Պարզվեց, որ ժողովրդին այդպիսի մարդիկ չեն հետաքրքրում։ Բոլոր նրանք, ովքեր չեկան ընտրությունների՝ իրենք էլ են կողմ նման ԱԺ-ին»։

Ի դեպ, սկզբունքայնության մասին. 17 ընտրատարածքի պարտված թեկնածուները մասնավոր զրույցներում ինչ ասես պատմում են՝ ծախսված ահռելի գումարների, բոթասից մինչեւ թմրադեղ բաժանելու եւ այլնի մասին։ Շրջանառության մեջ է վարկածը, թե տեղամասային հանձնաժողովների մեծամասնության ղեկավարությունը գրաված լինելու պայմաններում անգամ՝ Վահան Հովհաննիսյանն ընդամենը 12 ձայնի առավելությամբ է հաղթել (նրա նախընտրական շտաբի ղեկավարը պնդում է, թե հաղթանակն ապահովել են 314 ձայնի առավելությամբ), արհեստականորեն անվավեր են հայտարարվել առաջին եռյակի մյուս թեկնածուների օգտին տրված քվեաթերթիկները եւ այլն։

Բայց որեւէ մեկը բավականաչափ սկզբունքային եւ համարձակ չի՝ այս ամենը բարձրաձայնելու համար։ Գուցեեւ ճի՞շտ են՝ կռվից հետո բռունցքներ չեն թափահարում։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930